Քաղաքապետարանը ճիշտ ժամանակին կպայքարի՞ լվիճների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Երեւանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել: Պատճառն այն է, որ դրանցից կա՛մ միջատներ, կա՛մ էլ խեժանման նյութ է թափվում: Հիշենք` նախորդ տարի քաղաքապետարանն իր անգործությունը կարծես փորձեց արդարացնել թավշյա հեղափոխությամբ, ինչի հետեւանքով ծառերը համապատասխան դեղորայքով չէին մշակվել, լվացվել: Կարճ ասած` ծառերը չէին բուժվել:

Մասնագետների խոսքերով` դրա միակ լուծումը քիմիական պայքարն է, քանի որ միայն ծառերը սրսկելու միջոցով է հնարավոր վերացնել լվիճները: Հակառակ դեպքում, մասնագետների պնդմամբ, սկզբում տերեւները, հետո ծառերը կփչանան, հիվանդություններ առաջ կգան: Նախորդ տարի այդ պայքարը ուշացավ:

Կենդանաբանության ինստիտուտի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կիմ Դիլբարյանի խոսքերով` հենց տերեւները բացվում են, այդ ժամանակ պետք է սրսկել: Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ խոնավ եղանակը, հորդառատ անձեւները նպաստում են դրանց զարգացմանը. նման դեպքերում այդ լվիճները շատ շուտ զարգանում են, ավելի արագ են բազմանում, շիրա են արտադրում: Այդ միջատները հիմնականում գարնան ամիսներին են բազմանում, երբ հորդառատ անձրեւներ են լինում:

Այս ընթացքում Երեւանում եւս սրսկման աշխատանքներ չեն իրականացվում, իսկ երեւանցիները դարձյալ մտահոգվում են. այս տարի էլ են շիրանման նյութերի տակ զբոսնելու, նստելու: «Ժողովուրդ» օրաթերթը բնակիչների մտահոգությունները փոխանցեց քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանին: Հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց. «Դրանք հիմնականում թեղի ծառատեսակի մոտ են նկատվում, եւ թեղին ի սկզբանե քաղաքաշինության մեջ ընտրված սխալ ծառատեսակ է: Թեղին չպետք է օգտագործել: Ամեն դեպքում, ցավոք, մայրաքաղաքում շատ-շատ թեղի ունենք: Հիմա դրանց դեմ պետք է արվի խնամք` էտի տեսքով եւ հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է: Հիմա մենք նախատեսում ենք այդ երկու թեղիների միջանկյալ մասերում տնկել նոր ծառի տնկիներ, որոնք մի քիչ կմեծանան, ինչից հետո արդեն թեղիները կհեռացնենք»:

Բայց պարզվում է, որ քաղաքային նախկին իշխանությունները թեղի ծառատեսակը շատ են սիրել, որովհետեւ այն էժան է ձեռք բերվում եւ շուտ է աճում, նաեւ խնամք չի պահանջում: Պաշտոնյան տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքապետարանի կողմից իրականացվում են էտման աշխատանքները: «Հիմա արդեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն. հենց անձրեւային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դեղերով մշակել: Երբ անձրեւ գալիս է, լվիճ չի առաջանում, դրա համար էլ անիմաստ է հիմա դեղ անել, անձրեւը կլվանա, կտանի: Նյութերն ունենք, վարչական շրջաններին տրամադրված է, այս մասով ոչ մի խնդիր չունենք, ապահովված ենք»,- բացատրեց Խաչիկ Հակոբյանը: Ապա նկատեց, որ ամենացավոտ խնդիրներից մեկն այն է, որ ծառերը ծերացած են:

Բայց ըստ բուսաբան Մարինա Օգանեսովայի` այս երեւույթը կանխելու համար Երեւանի քաղաքապետարանը նախ պետք է վերացնի այդ միջատներին, ապա ծառերը լվանա, բուժի: «Ողջ մայրաքաղաքի ծառերն են այդ լվիճներով պատվում: Այն նախորդ տարի եղել է: Նման միջատները հիմնականում գարնան ամիսներին են բազմանում, երբ հորդառատ անձրեւներ են լինում: Գոնե պետք է մի քանի օր անձրեւ չգա: Պետք է դիտվի` իրենք արդեն ակտիվացել են, դուրս են եկել ձվերից, թե ոչ: Իրենք կարող են անցած տարվա ձվերից դուրս գալ, եթե կենդանի էգեր կան, կարող են հիմա էլ ձու դնել: Բայց դա պետք է մի անգամ չարվի, այլ մի քանի անգամ սեզոնին: Պետք է քաղաքապետարանն ունենա հատուկ մասնագետ, որը կարող է դիտումներ անել եւ արդեն դրա հիման վրա սկսել բուժել կամ, հակառակը, սպասել մինչեւ բուժման ճիշտ ժամանակը»,- բացատրեց բուսաբանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս