Գյումրու գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին եւ երկրորդ գերեզմանատներն արդեն մասնակի փակ են: Այդ մասին որոշումը ստորագրվել է 2008 թվականին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից, բայց այդ որոշումից հետո էլ շարունակվել է տարածքներ տրամադրվել: Բաց է մնում «Շիրակ» գերեզմանատունը: Այդ գերեզմանատանը հուղարկավորություններ թույլատրվում են, բայց տարածքները կրկին սահմանափակ են, ավելին` հուղարկավորություններ կատարել են սահմանված տարածքներից դուրս` դաշտերի մեջ կամ ճանապարհների վրա:
«Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ԺՊ Արտյոմ Դավթյանին խնդիրը մտահոգում է, ելքեր որոնում են, սակայն Գյումրիում այլ նպատակահարմար տարածքներ չկան: «Գյումրիում լուրջ խնդիր կա. մենք տարածք չունենք, երկու գերեզմանն էլ մասամբ փակ են: Սա միայն քաղաքապետարանի խնդիրը չէ, սա շատ ավելի լուրջ խնդիր է, կառավարությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի խնդրին»,- ասել է «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ԺՊ Արտյոմ Դավթյանը:
Մեծ խնդիր կա նաեւ «Շիրակ» գերեզմանատանը: Բանն այն է, որ դաշտավայրերում կատարված հուղարկավորությունները մեծ դժգոհություն են առաջացրել համայնքի բնակիչների մոտ: Շիրակ գյուղի բնակիչ Արամայիս Հարությունյանը դիմել է դատարան: Վերջինիս 16 հա հողատարածքը անմշակ է մնացել. պատճառն այն է, որ գերեզմանոցը գրեթե իր հողատարածքին է հասել: Նոր ճանապարհը անցկացվել է վերջինիս հողամասի միջով: «Մինչեւ ճանապարհը հուղարկավորություն են իրականացրել, եկել հասել է իմ դաշտիս մեջ: Ցանք չեն կարողանում իրականացնել: Անցած տարի բերել էի, տեխնիկայով առու էի փորել, որ հողամասը կարողանայի մշակել, 380 մետր երկարության էր: «Հավերժ հիշատակից» բերել, իմ առուն լցրել ու հարթեցրել են, այդ պատճառով չեմ կարող հողն օգտագործել: Եվ հետո` իմ գործն են ջուրը լցրել, ստիպված էլի բերել առու եմ փորել: Դիմեցի դատարան, գործը փակվեց հանցակազմի բացակայության պատճառով: Օրենքով 16 հա եմ վարձակալել: Ո՞վ է իմ վնասը փոխհատուցելու»,-ասում է Արամայիս Հարությունյանը:
Շիրակ համայնքը խոշորացման արդյունքում ընդգրկվել է Մարմաշեն համայնքի կազմում: Մարմաշեն համայնքի ղեկավարը դեռ ամիսներ առաջ դիմել էր դատարան՝ պահանջելով վերջ տալ հողերի զավթման գործընթացին, իսկ զավթողն այս պարագայում «Հավերժ հիշատակ» ընկերությունն է: «Սարի լանջը մինչեւ փողոց հասել էր, վերեւի մասը կար սարի լանջի, մենք էլ որոշակի աշխատանքներ կատարեցինք. ճանապարհները ուղղեցինք, հարթեցրինք ու տրամադրեցինք: Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը ասում է, որ դուք զավթել եք մեր հողմասերը` մոտ 5հա, ու ասում են ինձ` պետք է վերացնենք հետեւանքները: Թե ոնց ենք վերացնելու հետեւանքները, չգիտենք: Իրենց ընդունած վարույթը ես համարում եմ առոչինչ, ես էլ հենց այդ հարցով դիմելու եմ դատարան:
1980 թվականին այդ տարածքը տրվել է Գյումրի համայնքին որպես գերեզմանատուն, Մարմաշեն համայնքի ղեկավարն ասում է, որ դա մերն է: Եթե մարդն ասում է, որ ինչ-որ բան իմն է, պետք է ունենա սեփականության վկայական: Իրենք ասում են, որ դա իրենց գյուղի սեփականությունն է: Ասում են` բերել, չափագրել ենք, բայց դա նշանակություն չունի»,- ասել է «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ԺՊ Արտյոմ Դավթյանը:
Մարմաշեն համայնքի ղեկավարը շարունակելու է պայքարը, քանի որ, ըստ վերջինիս, անօրինականություն է եղել: Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը չափագրել է գերեզմանատան տարածքն ու փաստեր ունի առ այն, որ իրականում Մարմաշենի վարչական տարածքի հողմասերն են օգտագործվել: «Շիրակ համայնքից տրամադրվել է 30 հա հողատարածք թաղման արարողություն իրականացնելու համար: 31 հա մեջ եղել են ոչ հարմար տարածքներ, եւ իրենք անցել են սահմանները մոտ 5 հա: Ես չափագրել եմ տվել, նախկին տրված սահամանները հստակ են: Մոտ 5 հա «Հավերժ հիշատակի» կողմից զավթվել է: Փորձեցինք ճշտել, որ այդ տարածքները հստակեցնեին, եւ այդ գումարները քաղաքապետարանը տրամադրեր Մարմաշեն համայնքին: Քաղաքապետարանը հրաժարվեց այդ վճարումները կատարել: Մենք այդ հարցով մտանք դատարան: Մեր պահանջն այն է, որ հողամասերի համար հատկացվելիք գումարներն ուղղվեն Մարմաշեն համայնքի բյուջե»,- ասել է Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:
Հիշեցնենք, որ Գյումրու «Հավերժ հիշատակ» ընկերությունը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր 2017 թվականին:
Գյումրու բնակչուհին ոստիկանությանը հայտնել էր, որ անարգել են հոր գերեզմանը. վրան այլ գերեզման է կառուցված: Գործով ձերբակալվեց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենը՝ Կոստիկ Ավետիսյանը: Սակայն կարճ ժամանակից նա ազատ էր արձակվել, փոխարենը կալանավորվել էր գյումրեցի Մկրտիչ Մելքոնյանը: Գերեզմանապղծության գործի շրջանակն ընդլայնվել է: Գործին ներքաշվել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Նախկին դատախազը հանդես է եկել որպես տուժող:
Բանն այն է, որ գերեզմանը վաճառել են հենց նրան: Նախկին դատախազն իր մորը հուղարկավորել է հենց այդ գերեզմանոցում, որտեղ արդեն հանգուցյալ է հուղարկավորված եղել:
Հեղինե Մանուկյան
Գյումրի