Ինչու կառավարությունը չի մասնակցում օդանավակայանում ծառայությունների սակագների սահմանմանը. ավիացիոն մասնագետները բարձրաձայնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որը կոչված էր ուսումնասիրելու հայկական ավիացիայի ոլորտի խնդիրները, մոտ չորս ամիս է` գործունեություն չի իրականացնում:
Տեղեկացնենք, որ այդ խումբը ձեւավորվել էր նախորդ տարի. այն գլխավորում էր թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ քվոտայով նշանակված նախարարը՝ Աշոտ Հակոբյանը:

Խմբի մասնակիցները նախորդ տարվա ընթացքում պարբերաբար հավաքվել են եւ քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկումներ անցկացրել: Ի դեպ, խմբում ներգրավված էին քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, ոլորտի մասնագետները եւ շահագրգիռ այլ կողմեր, այդ թվում` տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ:

Պարզվում է, սակայն, որ խումբը այս տարվա ընթացքում երբեւէ չի հավաքվել եւ որեւէ քննարկում չի անցկացրել: Նշենք, որ այս խմբի աշխատանքներով ի պաշտոնե զբաղվում է փոխնախարար Արմեն Արզումանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած ավիացիոն մասնագետները հայտարարեցին, որ նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ուներ անհասկանալի ֆորմատ: «Խումբը 6-7 ամիս քննարկում էր միայն անհեռանկար մեկ հարց. արդյոք կա՞ պետական կամ պետական մասնակցությամբ ազգային ավիափոխադրող ստեղծելու եւ դրա վերաբերյալ տնտեսական հիմնավորում տալու անհրաժեշտություն:

Մնացյալ բոլոր հարցերը չքննարկվեցին, անտեսվեցին, իսկ խմբի աշխատանքները շուրջ մոտ 4 ամիս է` պրակտիկորեն դադարեցվել են: Ստացվում է, որ անարդյունավետ կազմակերպվեցին աշխատանքները, եւ ոչ մի խնդիր չլուծվեց: Եւ, կարելի է ասել, թավշյա հեղափոխությունից անցել է մեկ տարի, բայց մենք ունենք 0 արդյունք:

Դեմ լինելով այդ բոլոր արգումենտներին, որ խմբի նախագահն էր առաջարկել` մենք մասնակցել ենք միայն մասնակցություն ապահովելու համար, որպեսզի կտրված չլինենք ընթացքից: Սպասել ենք, թե երբ է գալու ավիացիայի ոլորտի կարեւոր խնդիրների քննարկման կամ խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություններ անելու ժամանակը, բայց այդպես էլ դա տեղի չունեցավ»,- ափսոսանքով նկատեց խմբի անդամ Անդրանիկ Վանցյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս աշխատանքային խմբի անդամները վերջին անգամ հավաքվել են անցած տարվա դեկտեմբերին՝ տարին, իբր, ամփոփելու համար: Մասնագետները մտահոգված են, քանի որ վստահ են՝ վարչապետը խորապես տեղեկացված չէ իրավիճակի մասին: «Ստեղծելով այս աշխատանքային խումբը` դրական մեծ քայլ էր Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից, բայց արդյունքները զրո են: Ամեն ինչ նույնն է մնացել, մենք չենք կարողանում մեր ավիացիայի վերաբերյալ բարձրացրած խնդիրները լսելի դարձնել»,- փոխանցեց Վանցյանը:

Նկատենք, որ այս աշխատանքային խմբում ներգրավված քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն անցած տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է ներկա գտնվել քննարկմանը:

Մասնագետների պնդմամբ` հայկական ավիացիայի զարգացման միակ խոչընդոտը ՀՀ կառավարության եւ արգենտինյան «Corporacion America» ընկերության միջեւ կնքված կոնցեսիոն պայմանագիրն է, որի համաձայն` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002թ. հունիս ամսից` 30 տարի ժամկետով, կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

«Բայց արդյոք վարչապետը տեղյակ չէ՞, թե ինչ ազդեցություն ունի այդ մենաշնորհը ավիացիայի ոլորտի վրա: Ավիաընկերությունները եւս տուժում են. չէ՞ որ իրենք քիչ եկամուտ են ստանում` սպասարկման համար բարձր վճարելով, էլ չենք խոսում դրա հետեւանքով ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի բարձր արժեքների մասին»,- վրդովվեց Վանցյանը:

Իսկ ավիացիայի մեկ այլ մասնագետ` Արգիշտի Ապիկյանը, օրինակ բերեց կոնցեսիոն պայմանագրով «Զվարթնոց»-ին տրված 250 կմ շառավիղը: Նա տեղեկացրեց, որ այն մեծ խոչընդոտ է փոքր ավիացիայի զարգացման համար. «Այն աշխարհում շատ մարդկանց թույլ է տալիս արագ տեղափոխվել մեկ կետից մյուսը: Աշխարհում մարդիկ կարողանում են սեփական բակից թռիչք կատարել այլ երկիր: Մեզ մոտ դա չկա: Օրինակ` եթե ես այսօր փորձեմ թռիչք կատարել ոչ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դեպի Վրաստան, ապա կոնցեսիոն պայամանգիրը դա ինձ արգելում է, թույլ չի տալիս: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք կատարելը փոքր բիզնեսի համար շատ թանկ է»:

Ավիացիոն մասնագետների նախաձեռնող խմբի անդամները կառավարությունից պահանջում են ավիացիայի ոլորտում կարգավորել իրավական դաշտը, մենաշնորհը վերացնել, ինչը հրապուրիչ դաշտ կստեղծի ներդրողների համար, որոնք առանց վարանելու կգան: Դրա արդյունքում, բնականաբար, կօգտվի Հայաստանի տնտեսությունը:

Մասնագետները պահանջում են պետությունից վերահսկել նաեւ օդանավակայանի կողմից սահմանած սակագները: Պարզվում է` կոնցեսիոն պայմանագրով օդանավակայանն է սահմանում ծառայությունների գները` ըստ իր հայեցողության, առանց համաձայնեցնելու որեւէ մարմնի հետ, այս դեպքում` պետության. կարող է բարձրացնել, կարող է նվազեցնել. իր կամքն է: Ինքն է որոշում սակագները նույնիսկ այն տարածքների, որոնք տրվում են ընկերություններին առեւտրային նպատակներով:

«Բացի այդ, պետությունը հանձն է առել մի շարք աբսուրդ պարտականություններ. եթե կոնցեսիոները գտնի, որ օդանավակայանի հարակից տարածքները անհրաժեշտ են իր գործունեությունն ընդլայնելու համար, ապա պետությունը պարտավոր է ազատել դրանք: Անգամ եթե բնակիչներ են ապրում այդ տարածքում, ապա պետությունը պարտավորվում է փոխհատուցման նոտարական ծախսերն անել ու հանձնել կոնցեսիոներին: Մենք չենք պահանջում, որ պետությունն Էռնեկյանի հետ պայմանագիրը խզի, այլ վերանայումներ լինեն, ուսումնասիրվեն այդ խնդիրները, բանակցություններ տարվի կոնցեսիոների հետ, որպեսզի այդ մենաշնորհային խնդիրները վերանան»,- բացատրեց Վանցյանը:

Ի դեպ, ավիացիոն մասնագետների նախաձեռնող խումբը (այն կազմված է 130 անդամից, որոնց թվում են ինժեներներ, օդաչուներ. նրանք այժմ տարբեր երկրներում են) նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատասխանել է խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Պատասխան նամակում նշված է, որ մասնագետների բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Ապա մանրամասնել է, որ նախապատրաստական փուլում է գտնվում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը: Պարզվում է` առաջիկայում կառավարության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ քննարկումներ են կայանալու օդանավակայանի սպասարկման գների եւ տեղական ավիափոխադրողների հետ համագործակցության շուրջ:

Սակայն Ճաղարյանի պատասխանը մասնագետներին չի բավարարում: «Պատասխանը ընդհանրապես կապ չունի մեր գրած նամակի բովանդակության հետ: Այն մասնագետները, որոնք կան այս խմբում, թե՛ զանգով, թե՛ նամակով հայտնում են իրենց դժգոհությունը: Ավիացիային պետք է հիմքային, համակարգային, ինստիտուտոցիանալ փոփոխություններ:

Պետք է, ի վերջո, մարդիկ հասկանան, որ ուղեւորահոսքը մի քանի անգամ ավել կաճի միայն տեղական ավիաընկերության շահագործման դեպքում: Ու ճիշտ կլինի, որ սկզբնական փուլում պետությունը ինչ-որ կերպ աջակցի, օրինակ` օրենսդրական դաշտը կարգավորելով, կոնցեսիոն պայմանագիրը որոշ չափով փոխելով, վերանայելով»,- նկատեց Արգիշտի Ապիկյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն` հետաքրքրվելու աշխատանքային խմբի գործունեության դադարեցման պատճառների մասին, սակայն նախարարաությունից խոստացան ավելի ուշ պատասխանել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս