Որքան աշխատողներ ունեն օպտիմալացվող կառույցները, և քանիսը կմնան գործազուրկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երեկ շարունակվեց ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի» քննարկումը, եւ ինչպես սպասելի էր, ընդդիմության ներկայացուցիչները գտել էին նախագծի թույլ կողմը` անընդհատ մատնանշելով այդ բացթողումները: Եվ, իսկապես, բացթողումներն ակնառու էին։

Մասնավորապես, երբ ընդդիմադիր պատգամավորները հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրին, թե ինչ տրամաբանությամբ են այս կամ այն նախարարությունները միավորվում, կամ կա հաշվարկ` որքան է բյուջեն գումար տնտեսելու այդ օպտիմալացումից, նախարարը հայտարարեց, թե ոչ մեկը չի կարող ասել, թե որքան գումար կտնտեսվի այդ օպտիմալացումից, իսկ միավորումներն արվել են կառավարություն «զգացածով», այսինքն՝ ինտուիցիայով։

Ստացվում է՝ կառավարությունը լրջագույն ծրագիր է իրականացնում, բայց դրա հիմքում չկա որեւէ հաշվարկ, անգամ գնահատական, թե այս միավորումներն ինչ արդյունք կունենան եւ ինչպես կանդրադառնան ոլորտների զարգացման վրա։ Միգուցե այդ հաշվարկներն արվելու դեպքում առհասարակ այլ տրամաբանությամբ տեղի ունենար կառավարության օպտիմալացումը։

Առաջին հերթին բոլորին մտահոգում է աշխատատեղերի կրճատումը եւ նաեւ այն գումարները, որոնք տնտեսվելու են այդ ամենի արդյունքում, սակայն կառավարությունը փաստացի կա՛մ դեռ չունի, կա՛մ էլ չի ցանկանում հրապարակել։

Եվ քանի որ երեկ գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները հենց այդ հարցն էին բարձրաձայնում, կարճատեւ, սակայն հետաքրքիր ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Արձագանքելով կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ թվային տվյալներ հնչեցնելու պահանջներին` նա նշեց, որ հատկացված 2 րոպեն կարճ է, բայց բավարար է՝ բացահայտելու ամենակարեւոր առեղծվածը, այն է՝ թվերը:

«Ես հիմա հնչեցնելու եմ թվերը. 78 եւ 346 մլն 148 հազար, 264, 69»։ Թերեւս 78-ը աշխատակիցների թիվն է, իսկ գումարն էլ տնտեսվելիքը։ Առհասարակ մյուսները հրաժարվում էին կոնկրետ թվեր հնչեցնել, սակայն ասում էին, որ խոսքը մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է։

Ինչպես հայտնի է, կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է. նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը, երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի եւ Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Եվ ինչպես տեսնում եք, ձեւավորվելու են նոր` «սուպեր» նախարարություններ. դրանք են Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը: Եվ այդ «սուպեր» նախարարությունների կողքին մյուսները կգործեն առանձին։ Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով` այս նախարարություններին մեծ գումարներ են հատկացվել։ Օրինակ` 2019 թվականի պետական բյուջեի նախագծով` ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 15 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար: Ընդ որում, այդ գումարը ավել է եղել 2018 թվականի պետական բյուջեի հատկացումներից. այն ժամանակ հատկացված է եղել 11 մլրդ դրամ։ Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 16 մլրդ 85 մլն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածնքերի եւ բնական պաշարների նախարարությանը՝ 47 մլրդ 947 մլն դրամ։

Գրեթե նույնքան գումար է հատկացված եղել Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ։ Այս նախարարությունից, ինչպես հայտնի է, տրանսպորտի ոլորտն առանձնացվելու է։ Ամենաքիչ գումարը ստացած է եղել Սփյուռքի նախարարությունը, որն էլ առհասարակ լուծարվում է. 2019 թվականի բյուջեով հատկացված է եղել 1 մլրդ 148 մլն դրամ։ Իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված է եղել 4 մլրդ դրամ։ Այսինքն` այդ գումարների մեծ մասը տնտեսվելու է, չնայած դա արվելու է մեծ թվով աշխատատեղերի կրճատման հաշվին նաեւ։ Եվ չնայած այժմ նշվում է մի քանի տասնյակը, սակայն հետագայում կրճատումները շատ են լինելու՝ մի քանի հարյուրի հասնող, սակայն արդեն անհատական գնահատումներից հետո։

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերամիավորման ենթակա նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, Մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, Սփյուքի նախարարությունում՝ 80 հաստիք: ՈՒ նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, մյուս դեպքերում նույն բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս