Կա՛մ ուզում են անձին որակազրկել, կա՛մ` դարձնել հերոս. Գևորգ Պետրոսյանը` պաշտոնատար անձանց ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ պետք չէ անմեղության կանխավարկածը խախտելով` Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը շահարկման թեմա դարձնել: Գ. Պետրոսյանը կարծում է, որ այս ամենը կարող է երկու նպատակ ունենալ` իշխանությունները կա՛մ փորձում են անձին որակազրկել, կա՛մ ուզում են նրան հերոս դարձնել:

-Պարո՛ն Պետրոսյան, օրերս որոշում կայացվեց Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնել, քանի որ նա չարաշահել էր պաշտոնեական լիազորությունները: Փաստորեն, իշխանությունները «չեն ներում» անգամ իրենց իսկ կողմից նշանակված կադրերին, որոնք կհամարձակվեն պաշտոնեական լիազորություններն անցնել: Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների այս քայլը:

-Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ այսպիսի նախադեպ եղել է նաեւ նախորդ իշխանությունների օրոք. չմոռանանք Սոցիալական ապահովության ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի դեպքը, երբ նրան ձերբակալեցին, կալանավորեցին ու դատեցին: Այսինքն` սա վերագրել այս իշխանություններին որպես ինչ-որ մի նոր բան, մի նոր երեւելի բան, ապա դա այդպես չէ: Մնացածը, ես` որպես իրավաբան, հարգում եմ նախաքննության գաղտնիության սկզբունքը, հարգում եմ անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը, հարգում եմ պետական մարմինների գործունեության նկատմամբ վստահության կանխավարկածի սկզբունքը: Այսինքն` այսքան հնչեղություն հաղորդելը երկու հավանական նպատակ կարող է ունենալ, սա իմ անձնական կարծիքն է որպես պատգամավոր, ոչ թե որպես խմբակցության դիրքորոշում:

Երբ նման դեպքերում, կարելի է ասել, անհարկի շահարկում են ինչ-որ դատավարություն, այստեղ երկու հավանական վարկած կա` կա՛մ ուզում են անձին որակազրկել, կա՛մ ուզում են դարձնել հերոս: Հիմա թե ով ինչ նպատակ ունի, այդ նպատակների մասին թող բարի լինեն իրենք հայտնեն:Իսկ իրականում կա քրեական գործ, կա առաջադրված մեղադրանք, թողնենք թող նախաքննության մարմինները իրենց լիազորությունները իրականացնեն անկախ: Ես հակված եմ սա դիտել նաեւ օրենսդիր մարմնի եւ, ընդհանրապես, նախաքննության մարմնի նկատմամբ օրենսդրի կողմից անուղղակի ներգործության միջոց:

Թող թողնեն նախաքննությունը ընթանա, կա դատարան, ու մենք ասում ենք, որ այսօր ուզում ենք հասնենք նրան, որ Հայաստանում դատավարությունները ավարտվեն դատարանի կողմից վերջակետ դնելով, առանց կողմնակի ազդեցությունների. թողնենք, թող փորձեն: Այստեղ էլ մենք պետք է ստուգենք` իսկապես անցումային արդարադատությունը գործում է, թե դեռ մեր ունեցած դատական համակարգը բավարար է իր ուժերով ապահովել մարդու, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ընդհանրապես գտնվել իր բարձրության վրա:

Թե չէ այսքան դարձրել ենք այս հարցը քննարկման առարկա, հասարակության մի մասի մոտ Դավիթ Սանասարյանը դարձել է հերոս, մի մասն էլ փորձում են աչքից գցել` դարձնելով թիրախ: Չի կարելի, պետք է թողնենք, որ նախաքննություն ընթանա, դա լինի օբյեկտիվ: Կարծում եմ, դեռ առիթներ կլինեն թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատական հնչեցնելու: Այս պահին ես անժամկետ եմ համարում ինչ-որ գնահատական տալ ընթացող գործի քննությանը:

-Դուք նշեցիք, որ այս մեղադրանքները կամ ձերբակալությունները եղել են նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ` օրինակ բերելով Վազգեն Խաչիկյանին, բայց գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունները «քավության նոխազ» դարձրեցին Խաչիկյանին: Կարծում եք, որ նույն գործելաճով են աշխատո՞ւմ ներկայիս իշխանությունները:

-Ես չգիտեմ, թե այս իշխանությունը որքանով մասնակցություն ունի Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական հետապնդման գործում, որովհետեւ ես այդպիսի տվյալ պետք է ունենամ, որ հայտարարեմ: Գուցե իշխանությունը որեւէ ներդրում չունի այս դատավարության մեջ, այս քրեական հետապնդման մեջ, իսկ եթե ունի, սա այլ հարց է: Բայց ես նորից եմ ասում, ասել, որ սա այս իշխանությունների դրական արձանագրած արդյունքն է, որ, այ տեսե՛ք, իրենք այնքան օբյեկտիվ են, որ արդեն օրենքի առաջ հավասարության սկզբունքը կիրառում են նաեւ յուրայինների նկատմամբ. ես չեմ կարող այդպիսի ավելորդ լավատեսությամբ հանդես գալ:

-Բայց իշխանությունները առողջապահության փոխնախարար են կալանավորել…

-Նախկինում էլ են եղել, կալանավորել են դատավոր, կալանավորել են միլպետ, արդեն ասացի` Վազգեն Խաչիկյանին, որը մինչեւ վերջ իր պատիժը կրեց, այսինքն` սա այս իշխանությունների մենաշնորհը չէ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր իշխանությունները գործեն այդ սկզբունքով` մոռանալով, թե նախկինում ինչ է եղել, իրենք իսկապես չխնայեն անգամ յուրայիններին` հիմք ընդունելով օրենքի առաջ հավասար լինելու համընդհանուր սկզբունքը: Բայց ես այս պահին չեմ կարող ասել` դա այդ սկզբունքայնության առումով են անում, թե ներքին գզվռտոցի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս