Հայաստանում քիչ-քիչսկսում է զարգանալ գոլֆ սպորտաձեւը,սակայն կան հանգամանքներ,որոնք դանդաղեցնում են այս մարզաձեւի զարգացումը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստանի ազգային գոլֆի» ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը:
-Պարո՛ն Հովհաննիսյան, արդյոք Հայաստանում մասսայականություն վայելո՞ւմ է գոլֆը:
-Չեմ կարող ասել,որ վայելում է մասսայականություն,բայց կասեմ,որմենք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում եւ ամեն ինչ անում ենք,որ սպորտաձեւը զարգանա Հայաստանում:Առաջիկայում կմասնակցենք Համահայկական խաղերին, եւ դա արդեն մեծ ձեռքբերում է:Գոլֆն արդեն համարվում է նաեւ օլիմպիական մարզաձեւ,սակայն,ցավոք, Հայաստանը չունի օլիմպիական վարկանիշ եւ չի մասնակցի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
-Շա՞տ են գոլֆով զբաղվողները:
-Կարող եմ ասել, որ հիմա Հայաստանում գոլֆով զբաղվում են մոտավոր 100 մարզիկներ բոլոր տարիքային խմբերից, ինչպես նաեւ տղամարդկանց եւ կանանց ենթախմբերը միասին վերցված: Հայաստանում կա ընդամենը գոլֆի մեկ մարզադպրոց, եւ հենց մարզադպրոցների պակասն էլ է, որ գոլֆըմեր երկրում մասսայականություն չի վայելում: Կարող եմ նշել նաեւ, որ արտերկրում ունենք մարզիկներ, ովքեր ցանկանում են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
-Մարզվելու պայմաններն ինչպիսի՞ն են:
-Մարտից մինչեւ նոյեմբերիվերջ մարզումները անցկացվում են բացօթյա, իսկ դրանից հետո արդեն դահլիճում`մարզադպրոցում: Մենք ստեղծել ենք ներսում մարզվելու պայմաններ:
-Պետության կողմից աջակցություն կա՞:
-Ոչ, պետությունը մեզ չի ֆինանսավորում, եւ մրցումներին, ինչպես նաեւ ուսումնամարզական հավաքներին մենք մասնակցում ենք միայն մերշնորհիվ: Մենք այդ հարցով դիմել ենք,սակայն ստացել ենք բացասական պատասխան: Գոլֆը գրանցված է այն սպորտաձեւերի շարքում,որոնքպետք է ստանան պետական աջակցություն, սակայն մեզ տեղեկացրել են, որ ֆեդերացիաներին տրվող գումարը սահմանափակ է, եւ մարզաձեւը կֆինանսավորվի միայն այն ժամանակ, երբ կառավարությունը կբարձրացնի ֆինանսի չափը:
Մենք վերջերս պետությանը դիմել ենք նաեւ այլ հարցով: Խոսքը այն հայազգի մարզիկների մասին է,ովքեր արտերկրում են եւ ցանկանում են դառնալ Հայաստանի հավաքականի անդամ: Մենք այդ հարցին էլ չենք ստացել դրական պատասխան եւ ցանկանում ենք եւս մեկ անգամ դիմել: Խնդիրն այն է, որ այդ մարզիկները կնպաստեն Հայաստանում գոլֆի զարգացմանը, ինչպես նաեւ կուժեղացնեն հավաքականը, սակայն դրա համար հարկավոր է, որ ստանան քաղաքացիություն:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը