Անցած շաբաթ խորհրդարանում կրքերը շատ թեժացան, երբ օրենսդիրները սկսեցին քննարկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների միջեւ լեզվակռիվ սկսվեց. ԲՀԿ-ականները իշխանություններին մեղադրեցին Հայաստանում բիզնես գործունեությունը ճնշելու համար: ԱԺ-ում իրավիճակն այնքան թեժացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ստիպված եղան նստել մեկ սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննարկել են «Արարատ ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. «Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, դրանց թվում՝ կառավարություն-խորհրդարան հարաբերությունները, «Արարատ ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը, ներդրումային միջավայրին առնչվող հարցեր»:
Նշենք նաեւ, որ օրինագծերով կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22 հազար դրամ, իսկցեմենտիհումքից (կլինկերից) հանել հարկումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Փաշինյան-Ծառուկյան հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ Գ. Ծառուկյանը դժգոհել է Փաշինյանին խորհրդարան բերված նախագծից ու հայտնել, որ անիմաստ է ցեմենտի տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։ Ն. Փաշինյանից Ծառուկյանը փորձել է հասկանալ հարցի հետ կապված նրա դիրքորոշումը, սակայն Փաշինյանն ասել է, որ այդ հարցում պետք է ընդհանուր եզրակացության գալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ քննարկումների միջոցով:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետնստել մեկ սեղանի շուրջու ընդհանուր եզրակացության գալ, սակայն Գ. Ծառուկյանը նշել է, որ այդ խմբակցության պատգամավորներն արդեն անցել են անձնական վիրավորանքի դաշտ, ու, կարծես թե, որեւէ կերպ իրենց հետ համաձայնության գալը դառնում է անհնարին: Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ այդ հարցում ինքը կփորձի օգնել ԲՀԿ առաջնորդին՝ պատգամավորներին հորդորելով իրենց ելույթներում չանցնել անթույլատրելիի սահմանը:
Հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» սահմաններում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Փաշինյանն իր խոստումը պահել է ու «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջոցով հորդորել է պահել կոռեկտության սահմանները եւ իրենց ելույթներում չվիրավորել Գ. Ծառուկյանին եւ իր ղեկավարած խմբակցության պատգամավորներին:
Ու դա էր պատճառը, որ Փաշինյան-Ծառուկյան հանդիպմանը հաջորդած նիստում պատգամավորները՝ ի դեմս Հայկ Սարգսյանի, շատ կոռեկտ էին ելույթներ ունենում, ավելին՝ հայտարարում էին, թե Գ. Ծառուկյանը միակ սեփականատերն է, որիր քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր ունի նման գործարան:
Անհասկանալի է մնում այն հարցը, թե, ի վերջո, ինչ տվեց Ծառուկյանին այդ հանդիպումը, քանի որ իշխանությունը որեւէ փոփոխություն չարեց այն նախագծում, որից դժգոհ էին ԲՀԿ-ականները, ավելին՝ այն քվեարկվեց ու ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կարելի է ենթադրել, որ հանդիպումը որեւէ պտուղչտվեց Ծառուկյանին բիզնես-գործունեության առումով, սակայն գուցե այս հանդիպմամբ Ծառուկյանը ցանկանում էր ընդգծել իր եւ «վարչապետ ջան»-ի լավ հարաբերություններն ու ապացուցել, որ ցանկացած պարագայում էլ ինքը կարող է հանդիպում ունենալ Հայաստանի «առաջին դեմքի» հետու անձամբ զրուցել նրա հետիրեն առնչվող խնդիրների մասին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ