Որոնք են մարդու օրգանների փոխպատվաստման ռիսկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 24-ին առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում. «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել են 56 տարեկան մի կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել 20-ամյա դուստրը: Ի դեպ, նշենք, որ բացի կենդանի դոնորներից, Հայաստանում կլինի նաեւ դիակային փոխպատվաստում: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի»,- նշել է նախարարը: Բայց նրա խոսքերով` այդ հրաժարականը կարող է մեկ ուրիշի կյանքն արժենալ: Այս հայտարարությունը, սակայն, շատերի մոտ մտահոգություն է առաջացրել: Նրանց մեծ մասը համոզված է, որ սա իրավունքների խախտում է: Ավելին, նման մոտեցումը եւ դոնորական օրգանների հետ կապված կանոնակարգման ոչ հստակությունը կարող է բերել հանցագործությունների: Հիշենք Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը արեց կառավարության նիստին, թե մանկատներից երեխաներ են կորում, եւ նրանց օգտագործում են որպես օրգանների դոնորներ: Իհարկե, պաշտոյայի այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն անմիջապես տեղեկացրեց, որ նման բան չկա:

Բայց որոշ երկրներում փոխպատվաստման համար նախատեսված օրգանը վաճառվում է, ու սա բիզնեսի տեսակէ: Եւ մարդիկ մտահոգված են, որ Հայաստանում սա եւս կարող է վերածվել բիզնեսի: Տեսակետ է շրջանառվում այն մասին, որ սա ռիկսային է, քանի որ շատերը կարող են գումար աշխատել թափառաշրջիկների, մուրացիկների օրգանների հաշվին. ստիպելու են ինչ-որ թղթեր ստորագրել կամ առանց ստորագրելու փաստաթղթեր կեղծել ու մարդկանց օրգաններ վաճառել: Եւ խնդիրն այստեղ հենց այդ ռիսկն է, որ մեր նման փոքր պետությունում հայտնի չէ, թե ինչպես է չեզոքացվելու, որպեսզի մարդկանց ստիպողաբար չդարձնեն դոնոր, վաճառեն, օրինակ, երիկամները:

Բայց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով` Հայաստանում օրենքը խիստ նշում է, որ օրգանը պատվաստվում է միայն անհատույց պայմաններում: Նրա խոսքերով` օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման գործընթացները օրենսդրությամբ կարգավորված են: Խոսքը «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի մասին է:
«Հարգելի քաղաքացիները ֆանտաստիկ ժանրի շատ ֆիլմեր են նայել` օրգանները վաճառելու մասին: Ֆիլմերում նկարահանված դեպքերը մտավախություն են առաջացնում հանրության մոտ, բայց վերահսկող մարմիներն էլ բազմաթիվ են` սկսած Առողջապահության նախարարությունից, ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը: Մյուս կողմից`թե՛ գոյություն ունեցող օրենքը, թե՛ իրականացվող փոխպատվաստումը անցնում են երկար ու ձիգ մասնագիտական հետազոտություններ: Նախ`համատեղելիության խնդիրը շատ կարեւոր է եւ երկար ուսումնասիրվող հարց է: Այդ մտավախությունները իրական հիմքեր չունեն»,- վստահեցրեց Մկրտչյանը:

Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեց, որ Հայաստանում առաջին երիկամի փոխպատվաստման նախաձեռնությունը եղել է Արա Բաբլոյանինը: «Անմիջապես սկսվեցին նույն կարգի խոսակցություններ, թե բոլորի երիկամները հանելու են վաճառեն: Ես այդ ժամանակ նախարար էի, որոշեցինք մտավախությունները փարատել եւ գործընթացները կանոնակարգել:Ներկայացրեցինք ազգային ժողովի ընդունած «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստման» մասին ՀՀ օրենքը: Այն հետո վերանայվեց, փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին»,- հայտարարեց մասնագետը:

Նշենք, որ մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու խնդիրը պարբերաբար շրջանառել է Արա Բաբլոյանը, որը նախկինում եղել է ԱԺ առողջապահական ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Ավելին` դրա անհրաժեշտությունը բազմիցս շեշտել է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս