Չինական ցանցի պատճառով Սևանա լճում խեցգետնի որսը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Սեւանա լճում ձկնային տեսակների եւ խեցգետնի պաշարների ուսումնասիրություն անցկացնելու տենդեր չի հայտարարվել: Կառավարությունն այս նպատակով գումար չի տրամադրում: Պատճառն, ըստ մեզ հասած լուրերի, Բնապահպանության նախարարության բացահայտումներն են. Սեւանա լճում ձկների եւ խեցգետնի պաշարները որոշելու համար լայնածավալ աշխատանքներ են պետք, իսկ պաշարները գնահատելու վերաբերյալ արժանահավատ տվյալներ ունենալու համար տրամադրվող 7 մլն դրամ գումարը քիչ է:

Բացի այս, այն կազմակերպությունը (խոսքը ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասին է), որը նախկինում իրականացրել է այդ աշխատանքը, չունի համապատասխան տեխնիկա ու սարքավորումներ, որոնք որ պետք են այդ պաշարները իրականում գնահատելու համար:

Բայց գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն իր հերթին պնդում է, որ բացի իրենցից ոչ մի այլ կազմակերպություն չունի պաշարների ուսումնասիրման հնարավորություն: Նրա խոսքով` այս տարի մրցույթ չի հայտարարվելու. «Պատճառաբանվում է, որ այդ 7 մլն դրամի չափով գումարը, որը տրամադրվում էր մի քանի տարի շարունակ, քիչ է, բավական չէ: Այո, բավական չէ, քանի որ 7 մլն դրամի շրջանակներում որոշվում է ձկան վիճակը լճում, ոչ միայն արդյունագործական տեսակների, այլեւ այլ ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարները: Նաեւ ձվադրավայր հանդիսացող գետերի վիճակն է գնահատվում:

Բայց դա չի նշանակում, որ մենք պատշաճ ձեւով չէինք իրականացնում մեր գնահատումը: Չէ՞ որ մենք հայթայթում էինք այլ միջոցներ մեր տնտեսված գումարներից եւ արտաբյուջետային ֆինանսավորումից եւ իրականացնում էինք պատշաճ ուսումնասիրություններ»: Նրա խոսքերով` ճիշտ կլինի, որ Բնապահպանության նախարարության կողմից մինչեւ որսի թույլատրելը գնահատվեին լճում ունեցած ձկնատեսակների պաշարները:

Նշենք, որ տարիներ շարունակ այս հարցում մրցակցություն չի եղել: Պետությունը պատվիրել է գնահատել լճում ձկների եւ խեցգետնի պաշարները եւ դրա համար վճարել մոտ 7 մլն դրամ: Մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմապերություն` ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: «Փորձեր եղել են, որ տրամադրեն «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին… մի նախարար ուզում էր հրավիրել արտերկրից ինչ որ մասնագետներ, որ գնահատեին: Բայց նրանք միայն մեկ օրվա համար այնպիսի գումար էին ուզել, որ մենք ամբողջ տարվա համար էինք դա կատարում: Իսկ ինչ վերաբերվում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, ապա նրանք այդ պոտենցիալը չունեն»,- նկատեց Բ. Գաբրիելյանը:

Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ գիտական կենտրոնը սովորաբար պաշարների գնահատման համար նախատեսված սարքը ձեռք է բերել ռուսաստանցի գործընկերներից: «Դա բավականին թանկ հաճույք է, դրա համար էլ մեր ուսումնասիրությունների մեջ հիմնականում դա արել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Կա խնդիր. մենք այդ սարքը չունենք եւ կախված ենք ռուս գործընկերներից:

Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք կառավարությանը, որ այդ սարքը գնեն ու տրամադրեն մեզ, որովհետեւ այսօր ռուսները մեզ հետ աշխատում են, բայց վաղը կարող է չունենան համատեղ ծրագրեր եւ հրաժարվեն աշխատել»,- նշեց գիտական կենտրոնի տնօրենը: Ապա տեղեկացրեց, որ Բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում գնել այդ սարքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հնարավոր է` Բնապահպանության նախարարությունն առաջիկայում թույլատրի սիգի օրինական որսը: Ըստ որոշ տեղեկությունների`ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ լճում կան արդեն մեծ քանակի արդյունագործական պաշարներ: Եւ հնարավոր է սիգի որսի կարգերը օրենքով սահմանված կարգով մշակել, որ լինի ոչ թե ապօրինի, այլ օրինական որս: Բայց մեզ հայտնի դարձավ, որ այս ամենը խոսակցությունների մակարդակում է առայժմ:

Բացի այդ, հարակից գյուղերի բնակիչները մշտապես անհանգստացնում են մարզային իշխանություններին. պահանջում են սիգի որսը օրինականացնել`առաջարկելով թույլտվություն տալ, որի դիմաց կարող են անգամ գումար վճարել: Բայց այս պահին դեռ հստակ չէ` Բնապահպանության նախարարությունը կթույլատրի սիգի օրինկան որս, թե ոչ:

Պարզվում է`Բարդուխ Գաբրիելյանը եւս տեղեկություն ուներ սիգի որսի թույլտվության մասին: Ավելին, նա համոզված է, որ Սեւանա լճում ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարների չգնահատելը կարող է բացասական հետեւանք ունենալ: «Կառավարությունն այս տարի որոշել է փոքր քանակներով թույլատրել սիգ ձկնատեսակի օրինական որսը: Այս դեպքում հրատապ է դառնում պաշարների որոշումը: Անթույլատրելի է տալ ինչ-որ որսաչափ առանց պաշարների գնահատման»,- նկատեց մասնագետը:

Բարդուխ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ խեցգետնի պաշարների զգալի նվազումը գերորսի արդյունք է: «2014 թվականից հետո սկսեցին օգտագործել ոչ թե մեր ստանդարտ խեցգետնաորսիչները, որոնք նախատեսում էին խայծը, այլ նոր` զսպանակաձեւ, չինական ցանցերը: Բանն այն է, որ դրանք մի քանի անգամ որսունակություն են բարձրացնում եւ որսում են բոլոր չափի առանձնյակներին: Եւ դա պատճառ հանդիսացավ, որ մենք ունենանք կտրուկ անկում, մանրացում եւ համապատասխանաբար գների բարձրացում»,- բացատրեց Գաբրիելյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս