ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես հայտնի է, ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազությունների դադարեցումը պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում։ Նա նաեւ խնդրել է օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն՝ պարզելու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմի առկայությունը։ Նա նույն դիմումը ուղղել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան եւ ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով։
Սակայն Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ իրեն պատգամավորական մանդատից զրկելու հիմքեր չկան։ Երեկ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, պատգամավորը նշեց․«Ուրեմն տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի։ Քանի որ բողոքը տրվել ա, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել եւ ըստ Սահմանադրության որոշում ընդունել»։
Փորձենք հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր կան ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու համար` հիմնվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի վրա։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 156-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը: Ըստ այդմ, մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել: Այդ հարցով պետք է ԱԺ խորհուրդը կամ ԱԺ պատգամավորների 1/5-րդը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան: Այս դեպքում ԱԺ պատգամավորների 1/5-ը 27 հոգի է, մի թիվ, որ իշխող խմբակցության համար առավել քան հեշտ է հավաքել, եթե, իհարկե, նման խնդիր դրվի:
Օրենքում նշված է. «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով, սույն հոդվածով սահմանված կարգով, Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»:
Միեւնույն ժամանակ նկատենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իսկապես հանդիսանում է ամենաշատը բացակայած պատգամավորը, սակայն նրա բացակայությունների մեծ մասը մշտապես համարվել է հարգելի: Այս առումով էլ «ԱԺ կանոնակարգ» օրենքում սահմանված է, թե քվեարկությունից պատգամավորի բացակայությունը որ դեպքում է համարվում հարգելի․
Դրանք են՝
•Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ.
• նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.
• նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում։
Կանոնակարգ-օրենքում նաեւ սահմանվում է Սահմանադրական դատարան դիմելու հարցը։
• Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է Խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով, եւ անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:
• Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
• Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:
Սակայն հետաքրքիր է, որ կանոնակարգ-օրենքում առանձին հոդվածով ներկայացված է հենց Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու կարգը։ Սա հենց վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն, որի մասին դիմումում նշել էր ՔՈ-ն։
1. Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում, սույն հոդվածով սահմանված կարգով, Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, եթե՝
• Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն.
• ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորը ենթարկել է վարչական պատասխանատվության:
Ամեն դեպքում, նկատենք, որ ԱԺ-ից համապատասխան նախաձեռնության դեպքում վերջնական որոշում կայացնողն էլ լինելու է ՍԴ-ն: Ու հիմա մնում է նաեւ սպասել եւ տեսնել, թե քննությունից հետո ինչ եզրակացության կգա ՀՔԾ-ն, եւ ինչ քայլերի կդիմի իշխանությունը` հանձին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության, չնայած, ամենայն հավանականությամբ, հազիվ թե գործը հասնի պատգամավորին մանդատից զրկելուն. հազիվ թե իշխանությունները Ծառուկյանի հետ գնան նման առճակատման:
Նաիրա Հովհաննիսյան