Օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հրաժարական տվեց։ Նա դժգոհել էր կոռուպցիայի դեմ նոր իշխանությունների պայքարից` միաժամանակ նշելով, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր պաշտոնավարումն անիմաստ է:
«Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին եւ անցումային փուլում առկա խնդիրների լուծման նկատմամբ ունեցած պատասխանատվությանս հետ: Բարեփոխումների շարունակականության հեռանկարը պահանջում էր նաեւ սեղմ ժամկետներում հետագա քայլերի ձեռնարկում՝ սահմանադրական կարգավորումներին համահունչ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորում, պաշտոնյաների նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողական մեխանիզմների գործարկում, ապօրինի հարստացումը բացահայտող տվյալներով նոր հայտարարագրերի հավաքում եւ վերլուծություն, ինչպես նաեւ ուժեղացված համագործակցություն իրավապահ մարմինների հետ: Օրենքի ուժով Հանձնաժողովի երկարաձգված լիազորություններն էլ առավելապես պետք է ապահովեին ինստիտուցիոնալ համակարգի սահուն փոխակերպումը: Մինչդեռ անցումային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծում չստացան. չձեւավորվեց օրենքով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ավելին, օրենքի հստակ պահանջների անտեսմամբ չկազմակերպվեց եւ չանցկացվեց այդ մարմնի անդամների թեկնածուների ընտրության մրցույթ»,-մասնավորապես ասել է նա։
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի` հակակոռուպցիոն գծով նախկին օգնական Արեն Մկրտչյանի հետ։
-Պարո՛ն Մկրտչյան, Սիրանուշ Սահակյանը հրաժարական ներկայացրեց՝ նշելով մի շարք պատճառներ։ Դուք որոշ ժամանակ վարչապետի օգնականն եք եղել հակակոռուպիցիոն ուղղությամբ։ Ի՞նչ համագործակցություն է եղել էթիկայի հանձաժողովի հետ։
-Ես Էթիկայի հանձնաժողովի նախագահի պնդումը չհասկացա։ Հեղափոխությունից հետո առ այսօր հարուցված են քրեական գործեր շուրջ 80 միլիարդ դրամի սահմաններում, եւ սա երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ է։ Ես չգիտեմ՝ ինքը ինչ է նկատի ունեցել։ Ես ունեմ հակադարձ բան։ Էթիկայի հանձնաժողովի գումարումից ի վեր, եթե չեմ սխալվի, որեւէ անհամապատասխանություն պետական պաշտոնյայի հայտարարագրերի եւ նրա աշխատավարձի մասով որպես քրեական գործ հարուցելու ուսումնասիրության նյութ իրավապահ կառույցներին չի ուղարկվել, եւ դա գործունեության ամբողջ ժամանակահատվածում, այսինքն՝ տարիներ ի վեր։ Եղել են պատգամավորներ, որոնք ստացել են 480-500.000 դրամ աշխատավարձ եւ հայտարարագրել են մի քանի տասնյակ միլիոն դոլարի գույք, ունեցվածք, դրամական միջոցներ։ Այստեղ, բնականաբար, ռիսկեր կան, եւ հարցեր են առաջանում։ Որեւէ հայտարարագիր չի ուղարկվել իրավապահների ուսումնասիրության։ Միգուցե այդ մասին խոսեին՝ փորձելով անհիմն դիտարկումներ անել կառավարության քաղաքականության մասին։
-Երբ եղել եք խորհրդական, փորձե՞լ եք համագործակցության եզրեր փնտրել Էթիկայի հանձնաժողովի հետ:
-Էթիկայի հանձնաժողովի հետ համագործակցելու նախադեպ չեմ ունեցել, որոհետեւ հիմնականում կենտրոնացած ենք եղել մի քանի խոշոր ուսումնասիրությունների վրա, որոնք վերածվել են քրեական գործերի։ Մասնավորապես, գիտեք, պաշտպանութան ոլորտում չարաշահումները, «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված խոշոր քրեական գործը, եւ մի քանի այլ գործեր եւս, որոնց մասին առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածվի, բոլորը կիմանան։ Ուղղակի առիթ չի եղել։
-Էթիկայի նախկին նախագահը նշեց, որ միջազգային երկրների կողմից դիտարկումներ են եղել, որոնք չեն ընդունվել։ Դրանցից տեղյա՞կ եք։
-Նախորդ գումարման Ազգային ժողովի մեծամասնությանը պետք է ուղղեր այդ հարցը, որովհետեւ նոր գումարման ԱԺ-ն նոր-նոր է սկսել գործունեություն ծավալել, եւ մենք միջազգային փորձի հետ կապված որեւէ առաջարկ չենք ստացել, որ մերժենք։
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԼՍՈՒՄՆԵՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ է կազմակերպելու:
Դեռ մայիսի 9-ին` Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, այն ժամանակ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի կարեւոր հստակեցում կատարեց Արցախի հարցի լուծման եւ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Փաշինյանն, ըստ էության, նոր մոտեցումներ է փորձում ձեւավորել արցախյան հարցի լուծման գործընթացում: Վարչապետը լրագրողների հետ զրույցում առաջ քաշեց մի քանի կարեւոր կետ, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են խնդրի լուծման համար: Նա նախ եւ առաջ նշեց, որ Արցախի հարցում փոխզիջում կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը պատրաստ լինի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հենց այդ ժամանակ նորընտիր վարչապետը նշեց, որ Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին:
«Ինչպե՞ս կարող են երկու սուբյեկտներ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարցն այդ սուբյեկտի բացակայության պայմաններում: Սա պարզ տրամաբանություն է», – ասաց վարչապետը:
«Արցախյան խնդրի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային կազմակերպությունները համագործակցեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ: Նրանք պետք է սկսեն համագործակցել Արցախի քաղհասարակության հետ, որովհետեւ առանց այդ երկխոսության հնարավոր չէ հասկանալ Ղարաբաղի խնդրի էությունը»,- նշեց վարչապետը: Այս ասուլիսից հետո բուռն խոսակցություններ սկսեցին այս մասով: Ըստ էության, վարչապետի այս դիրքորոշումը պաշտպանեց նաեւ Արցախի Հանրապետությունը: Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բազմիցս խոսել է այս մասին եւ նշել, որ Արցախը եւս աշխատելու է այս հարցի ուղղությամբ: Հիմա կարծիքներ են հնչում, որ իշխանությունների կողմից որեւէ քայլ չի արվում այս ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է Արցախը բանակցային սեղան բերելու հետ կապված լսումներ իրականացնել Երեւանում: Ընդ որում՝ լսումներին ներկա են գտնվելու նաեւ պաշտոնյաներ, պատգամավորներ Արցախից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը ճշտել Անդրանիկ Քոչարյանից: Վերջինս մեր տեղեկություններին պատասխանեց՝ «no comment»: Հարցրինք. «Հերքո՞ւմ եք, որ նման բան է լինելու»: Ի պատասխան` Քոչարյանն ասաց. «Ամեն ինչ մտածվում է` մեր երկրի շահերից ելնելով եւ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ամրացնելու համար: Ամեն բան այդ ուղղությամբ արվում է»:
Հարցրինք. «Ովքե՞ր են ներկա գտնվելու լսումների ժամանակ»: Քոչարյանն ասաց. «Այդ լսումները դեռ չկան, բայց ներկա կլինեն բոլոր այն մարդիկ, որոնց որոշումները կուժեղացնեն բոլոր այդ հարցերը»:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՃ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1 տոկոսով: Աճ արձանագրվել է նաեւ շինարարության ոլորտում` 22.1 տոկոսով, առեւտրի շրջանառության ոլորտում՝ 19.3 տոկոս: Փոխարենը անկում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների դեպքում՝ 0.4 տոկոսի չափով, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 26.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում` 7.6 տոկոսով. միայն արտահանման ծավալները այս հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 15.8 տոկոսով նվազել են, իսկ ներմուծումը` 3.3 տոկոսով: Հատկանշական է, սակայն, փաստը, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների մասին տվյալները բացակայում են:
«ԳՈՂԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՑԵԼ»
Փետրվարի 24-ին կրակոցներ էին հնչել Էրեբունի վարչական շրջանում, ինչի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 27-ամյա Կարո Կարապետյանը, 26-ամյա Էդուարդ Գալստյանը եւ Էդգար Ազիզյանը: Իրավապահները դեպքի վայրից հայտնաբերել են «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենան, որի վրա եղել են հրազենային վնասվածքներ, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ պարզվել է` վարորդի կողապակու վրա հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք կա. արնանման հետք ե՛ւ մեքենայի վրա, ե՛ւ սրահում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի ու ինքնաձիգի պարկուճներ: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ մինչեւ կրակոցները մի խումբ երիտասարդների միջեւ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել: Հիմնական դերակատարները, սակայն, դեռ չեն բացահայտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` փոխհրաձգությանը մասնակից տղաները «գողական օրենքներով», «գողական կյանքով» ապրող տղաներ են, որոնք «ճշտի ու սխալի» հարց են բարձրացրել: Մարմնական վնասվածքներ ստացածները երեկվա դրությամբ դեռ ցուցմունք չէին տվել: Ու չի բացառվում, որ նրանք «գողական գնան» եւ հրաժարվեն ցուցմունք տալուց:
ԹՈՒՅԼ ԵՆ ՏՎԵԼ` ՎԱՃԱՌԻ
«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում օտարել գույքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 28-ին ընկերությունը դիմել է ՀԾԿՀ եւ խնդրել համաձայնությունը տալ ընկերության լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը օտարելուն: Պարզվում է, որ ՀԾԿՀ-ն իր հերթին հունվարի 15-ին գրությամբ դիմել է վարչապետի աշխատակազմ գործարքի վերաբերյալ կառավարության դիրքորոշումն իմանալու համար: Մոտ մեկ ամիս անց վարչապետի աշխատակազմը պատասխանել է` նշելով, որ չունեն առարկություններ: Հիմա հանձնաժողովը իր համաձայնությունն է տալիս գույքի օտարման գործարքին: Բայց, մյուս կողմից, գույքի օտարման արդյունքում ստացված եկամտի հաշվարկը պետք է իրականացվի շուկայական արժեքի հիման վրա եւ նվազեցվի ընկերության սակագնով փոխհատուցման ենթակա ներդրումների ծավալից: