ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՆԵՐՔԻՆ ՎԱԽ Է ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ինչպես հայտնի դարձավ, կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է:

Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը ասել էր, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաեւ երկրորդ եւ երրորդ փուլը. վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի:
Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Տեւական ժամանակ էր, ինչ վերջինիս պաշտպանը պայքարում էր, որ նրան ազատեն կալանքից, քանի որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի Գերմանիայում:
Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին, իսկ, ահա, հունվարի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր Սամվել Մայրապետյանի անձնագիրը, բայց թույլ չէր տվել նրան հեռանալ երկրից:
Մայրապետյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից հնարավորություն տալ իրենց պաշտպանյալին մեկնել Գերմանիա անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը եւ առողջությունը վտանգված են:
Հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել Մայրապետյանի գործով եւ ՀՀ իշխանություններին հորդորել անհետաձգելի կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն` համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների:
Այս իրավիճակում առավել ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ մինչ իրավապահ համակարգը կռիվ էր տալիս Սամվել Մայրապետյանին չազատելու համար, իսկ պաշտպանները դիմում էին ՄԻԵԴ, Սամվել Մայրապետյանը, կալանավայրում գտնվելով, ներքին անհանգստության եւ վախի մեջ է եղել:
Այսպիսով, հոկտեմբերի 9-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, եւ գործարար Սամվել Մայրապետյանը կալանավորվեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո որոշում է կայացվում, որ Մայրապետյանը իր նախնական կալանքը պետք է կրի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սամվել Մայրապետյանը ներքին անհանգստություն է ունեցել, որ գաղութում իրեն միգուցե վտանգներ սպառնան: Շուրջ երկու ամսից ավելի գտնվելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` նա իր մտերիմ մարդկանց, ինչպես նաեւ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանցից մեկին իր ներքին անհանգստության մասին ասել է: Մասնավորապես, նա հայտնել է. «Երբ դատարանը հրապարակեց որոշումը, որ ինձ պետք է կալանավորեն, ես ընկա ներքին ապրումների մեջ, որ գաղութի կյանքը այլ կյանք է, եւ ինձ վտանգներ են սպառնում, որ այնտեղ կան մարդիկ, որոնք միգուցե ինձ ներքաշեն թղթախաղի մեջ, կամ հաշվի առնեն, որ ես գործարար մարդ եմ եղել, ինձանից իմ կյանքի անվտանգության դիմաց գումարներ ուզեն: Բայց ամիսներ շարունակ մնալով այնտեղ` իմ ներքին վախը մեղմացավ, քանի որ ինձ թղթախաղի մեջ չեն ներքաշել, ինձանից իմ կյանքի դիմաց գումար չեն ուզել, ինչի համար ներսումս գտնվող վախը, վտանգը չեզոքացավ, որ նման տեսարանների գոնե ականատես չեղա, չնայած գտնվում էի անազատության մեջ»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնեց. «Ես լսել եմ` տեւական ժամանակ է, ինչ թղթախաղ ասվածը կտրված է քրեակատարողական հիմնարկներից. առաջինը` դա, այսինքն` այդ երեւույթը, չկա, ու էլի այլ բացասական երեւույթներ կան, որ արդեն լրանում է մեկ տարին հեղափոխության, ոնցոր թե այդ բաները, երեւույթները նվազագույնին են հասցրել: Ես էլ անձամբ, որ մտել եմ, դուրս եմ եկել քրեակատարողական հիմնարկներ այս ընթացքում, շատ-շատ դրական փոփոխություններ եմ նկատել, տեսել: Իսկ այն, ինչ Դուք եք հայտնում, չեմ կարծում, որ նման բան է եղել, չկա նման բան: Այդ ընթացքում, Դուք գիտեք` իր տեսակցություններն էլ են արգելված եղել. ինչքան հանդիպել եմ, ես եմ հանդիպել, ՄԻՊ-ից են հանդիպել իրեն, ու ինչքան տեսել եմ, ամեն անգամ առույգ, զվարթ վիճակում եմ տեսել, այնպես որ, միանշանակ հերքում եմ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՈՒ ԾԵԾԸ
ArmLur.am-ի տեղեկություններով` օրերս Քաջարան քաղաքում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` փետրվարի 15-ին Հասմիկ Խաչատրյանը հաղորդում է տվել, որ սույն թվականի փետրվարի 7-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Էդգար Մարգարյանը մեքենան բակում կայանելու համար վիճաբանել է ամուսնու` Շանթ Թումանյանի հետ եւ ձեռքով մեկ անգամ հարվածել ձախ աչքին` պատճառելով վնասվածք: Նույն վիճաբանության հետ կապված փետրվարի 10-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն ամուսնուն` Շանթ Թումանյանին, կանչել է Քաջարան քաղաքի սկզբնամասում գտնվող սրճարան եւ ծեծի ենթարկել նրան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կնոջ` հաղորդում տալուց հետո իրավապահները սկսել են զբաղվել գործով եւ հարցաքննության են հրավիրել Շանթ Թումանյանին: Վերջինս ասել է, որ ինքը բողոք չունի, եւ նման բան չի եղել: ArmLur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի հետ, եւ վերջինս նույնպես պնդեց, որ նման բան չի եղել: Մեր այն դիտարկմանը` այդ դեպքում ինչու է կինը հաղորդում տվել իր դեմ, ի պատասխան` քաղաքապետը հայտնեց` իրավապահները զբաղվում են: Քաղաքապետից հետաքրքրվեցինք` արդյոք նա է վախեցրել Շանթ Թումանյանին, որ իր դեմ բողոք չներկայացնի իրավապահներին, վերջինս ասաց. «Լավ էլի, լավ էլի, նման բան չկա»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Հասմիկ Խաչատրյանի հետ հասկանալու համար, թե ինչու է ամուսինը իրավապահներին այլ բան պատմել, սակայն նրա հեռախոսն այլ անձ պատասխանեց` նշելով, թե նա գնացել է Կապան:
Ինչեւէ, ArmLur.am-ը դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան` հայտնեցին` փետրվարի 15-ին Քաջարանի ոստիկանություն է դիմել մի կին եւ հայտնել, որ իր ամուսնուն փետրվարի 7-ին եւ 10-ին ծեծի են ենթարկել: Ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:
Հուսանք, որ այս դեպքն էլ Սյունիքի մարզում տեղի ունեցած մյուս դեպքերի նման չի կոծկվի:
Բանն այն է, որ Սյունիքի մարզում առաջին դեպքը չէ, որ քաղաքապետը մարդ է ծեծում, սակայն ջրից չոր է դուրս գալիս: «Ժողովուրդ» օրաթերթը անցած տարի հրապարակեց, թե ինչպես է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի ուշքը գնացել է, սակայն այս գործին իրավապահները այդպես էլ ընթացք չտվեցին: Եթե իրավապահները այս դեպքին ընթացք տային, միգուցե այսօր չլիներ այն, ինչի մասին Քաջարանի բնակիչ Հասմիկ Խաչատրյանը ահազանգել է ոստիկանություն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
«Վերջին տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը», – այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան: «Հանդիպման հստակ վայրը եւ ժամկետները դեռ հստակեցված չեն», – նշել է Աբդուլաեւան: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պնդմամբ` այժմ աշխատանքներ են տարվում նաեւ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՀԻՎԱՆԴ ԷՐ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը հետաձգվել է նախագահող դատավոր Աիդա Դավթյանի հիվանդ լինելու պատճառով: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված, զրպարտություն պարունակող տեղեկությունները: Խոսքը վերաբերվում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը, 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով, դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: Ըստ հայցվոր կողմի` ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը:

 

 

10.000 ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ
Ըստ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` 2003թ., ընդհանուր առմամբ, մոտ 9800 քաղաքացի օրենքով սահմանված կարգով վճարում է կատարել եւ ազատվել բանակում ծառայելուց խուսափելու քրեական պատասխանատվությունից, ինչից հետո վերադարձել է հայրենիք: Նա նշել է, որ 3225 մարդ 27-35 տարեկանի սահմանում է` հիշեցնելով, որ 35 տարեկանից հետո քրեական հետապնդումը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների հանդեպ դադարեցվում է: Ըստ նրա` որոշումն այս հարցի վերաբերյալ պետք է լինի համապարփակ, որպեսզի ոչ մի կերպ չազդի պետության զինակոչային եւ զորակոչային կարողության վրա: «Մենք պետք է այնպես անենք, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ վերադառնան Հայաստան»,- ընդգծել է Քոչարյանը: Նա նշել է, որ ներկա պահին ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզման մեջ գտնվող մարդկանց թիվը կազմում է ավելի քան 10 000:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հետաձգվել է «Արմենիա» բկ-ից փախուստի փորձ կատարած հայտնի «բանդա»-ի գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանի գործով դատական նիստը: Պատճառը գործով հանրային պաշտպանների բացակայությունն էր: Թամարա Բաղդասարյանը դատարանին տեղեկացրել է, որ հարազատի մահվան պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին, մյուս պաշտպան Լիանա Գասպարյանն էլ տեղեկացրել է, որ անհետաձգելի քննչական գործողության է, ուստի նույնպես չի կարող մասնակցել նիստին: Դատավոր Մակյանը նիստը հետաձգել է` այն նշանակելով մարտի 21-ին: Նշենք, որ այս գործով նիստերից մեկի ժամանակ Դավիթ Գալստյանը ինքնավնասում էր կատարել:




Լրահոս