Այսօր հրավիրվել է Երեւանի պետական համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` Երեւանի պետական համալսարանի հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը:
Անցած շաբաթ ոստիկանությունը հայտնեց ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների մասին: Ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է, թե իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման է ենթարկվում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին` տարբեր ամիսների, փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Սրա հետեւանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18 միլիոն դրամը հափշտակվել է: Բացահայտվել է նաեւ մեծ չափերի կաշառք վերցնելու դեպք: Մինչ այդ նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ԵՊՀ ուսանողները իրենց բողոքի ալիքը բարձրացրին` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Ուսանողները բարձրաձայնում էին նաեւ վերջին տարիներին տեղի ունեցած չարաշահումների մասին։ Սակայն այդ օրերին ռեկտորի առողջական վիճակը վատացավ, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ուսանողները դադարեցրին բողոքի ցույցերը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ հիմա ինքը միտք չունի հրաժարական տալու: «Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու, որովհետեւ այդ մեղադրանքերը կեղծ են եւ հնարովի»,-ասաց նա: Սակայն այսօր ռեկտորի մոտ կարծես տրամադրություններ են փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նիստում նման օրակարգ ձեւավորվել է անդամների տրամադրությունների արդյունքում: Եւ, ըստ էության, եթե հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը վստահ չլիներ, որ խորհրդի գոնե 51 տոկոսը կողմ է լինելու ռեկտորի լիազորությունների դադարեցմանը, նման օրակարգով նիստ չէր հրավիրի: Մեր տեղեկություններով` հոգաբարձուների խորհուրդը տիրապետում է ԵՊՀ-ում տեղի ունեցող որոշ հետազոտությունների արդյունքների, եւ նախագահը նիստի ժամանակ հիմքեր է ներկայացնելու, թե ինչու պիտի դադարեցվեն ռեկտորի լիազորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Արամ Սիմոնյանի հետ, սակայն նշենք, որ վերջինս առանց հստակ պատասխաններ տալու անջատեց հեռախոսը:
-Պարո՛ն Սիմոնյան, տեղի է ունենալու հոգաբարձուների խորհրդի նիստ` Ձեր լիազորությունները դադարեցնելու հետ կապված: Ի՞նչ եք մտածում այս մասին:
-Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որեւէ բան ասել:
-Ամեն դեպքում, ի՞նչ տրամադրություններ եք նկատում: Ի՞նչ կլինի:
-Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվեն, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, եւ դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի:
-Հնարավո՞ր է` Դուք ինքնակամ հեռանաք` հաշվի առնելով այս տրամադրությունները:
-Դա բացառվում է:
-Եթե դադարեցվեն Ձեր լիազորությունները, կբողոքարկե՞ք:
-Ես ասում եմ` չեմ ուզում պատասխանել Ձեր հարցերին: Չեմ կարող ասել:
-Կբողոքարկե՞ք, պարո՛ն Սիմոնյան: Ինչո՞ւ չեք կարող ասել:
-Չեմ կարող ասել: Ցտեսություն:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանի հետ:
-Պարո՛ն Իսրայելյան, ինչ-որ տրամադրություններ է նկատե՞լ նախագահը, որ նիստ է հրավիրել նման օրակարգով:
-Տրամադրություններ չէ, ուղղակի հերթական նիստն է: Որոշվեց, որ ամեն ամիս պետք է նիստ լինի: Մենք խորհրդում հանդիպումներ ենք ունեցել զուտ ծանոթանալու համար իրար հետ:
-Նիստը ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հետ կապված է լինելու: Ըստ Ձեզ` ի՞նչ կլինի նիստի ժամանակ:
-Այո: Նիստը ընդամենը մեկ օրակարգային հարց ունի: Ես չեմ կարող իմանալ` ինչ կլինի:
-Բոլոր անդամները մի՞ կարծիքի են միտված, թե՞ տարակարծություն կա:
-Չեմ կարող ասել, թե բոլոր անդամները ինչ կարծիքի են միտված: Ես էլ բոլորին շատ լավ չգիտեմ: Չեմ կարող բոլորի փոխարեն խոսել:
-Պարո՛ն Հարությունյանը, ըստ էության, ասաց, որ չի պատկերացնում ռեկտորի պաշտոնավարումը 100-ամյակին: Այս առումով իշխանության դերակատարումը կա՞, որ նման օրակարգ է ձեւավորվել:
-Ոչ: Դուք լսել եք պարոն Հարությունյանի ելույթը, եւ ինքներդ եզրակացություններ արեք:
-Արամ Սիմոնյանը ասում է, որ այս քայլերը նրան քաղաքական հետապնդում են հիշեցնում: Ի՞նչ կասեք այս մասով:
-Չեմ կարող մեկաբանել, կներեք: Ամեն դեպքում, ես քաղաքական հետապնդում չեմ տեսնում:
-Քվեարկությունը փա՞կ է լինելու:
-Դա էլ նիստի ժամանակ պարզ կդառնա:
ՉԷԻ ԿԱՐՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿ ՉՊԱՀԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, Դուք հայտարարեցիք, որ կուսակցություն եք բացելու: Երկար տարիներ է` Դուք լուրջ դերակատարում ունեք Արցախի քաղաքական կյանքում: Ինչո՞ւ հիմա որոշեցիք կուսակցություն բացել, եւ, ի վերջո, Արցախում քաղաքական կյանքը եռում է այնպես, որ կարիք կա նոր կուսակցությա՞ն:
-Կարծում եմ` անհրաժեշտություն կար: Նախ եւ առաջ, Դուք գիտեք, որ Արցախը մտնում է նոր փուլ, եւ 2020 թվականին լինելու են նոր ընտրություններ, որից հետո նոր ԱԺ է ձեւավորվելու եւ նոր նախագահ է լինելու: Այս ամենի ներքո մեր համախոհներով կարեւորում ենք մեր տեսլականը Արցախի վերաբերյալ, ներքին, արտաքին քաղաքականության մենք ունենք մեր մոտեցումները: Ուզում ենք շարունակել օգտակար լինել մեր երկրին, ծառայել մեր հայրենիքին քաղաքական դաշտում եւ պետականաշինության մեջ: Իսկ դրա լավագույն տարբերակներից մեկը հենց Ազգային ժողովում ներկայացված լինելն է, ինչը, կարծում եմ, բնական է, մանավանդ որ նոր իրավիճակ է, նոր պայմաններ են: Հարգելով այն բոլոր ձեռքբերումները, որոնք եղել են այս երեք տասնամյակների ընթացքում` սկսած շարժումից, պատերազմում հաղթանակ եւ, ընդհանրապես, ամեն-ամեն ինչ, ինչը արվել է: Կարծում ենք` ներկա պայմանները, նոր ժամանակաշրջանը թելադրում են նոր ձեւեր, նոր եղանակներ մարտահրավերներին դիմակայելու: Այստեղ պետք են բարձր արհեստավարժությամբ օգտված, բարոյական նորմեր ունեցող, հայրենասեր մարդիկ, ովքեր պետք է ընդգրկված լինեն քաղաքական կյանքում: Ես լուրջ եմ վերաբերվում այդ հարցերին: Կարծում եմ` ցանկացած մարդ, քաղաքական գործիչ պետք է բարձր պատասխանատվություն ունենա: Միգուցե այն ժամանակ չէի զգում այն հնարավորություններն ու ներուժը, որ կարելի է գլխավորել քաղաքական ուժ, մտնել քաղաքական դաշտ: Այս բոլոր շրջանները անցնելով, կուտակելով փորձ` ուզում եմ իրոք օգտակար լինել:
-Հնարավո՞ր է, որ նախագահի թեկնածություն էլ առաջադրեք:
-Մենք դեռեւս հայտ ենք ներկայացրել կուսակցություն ձեւավորելու: Եթե նպատակները անընդհատ փոխվում են, եւ մարդ չի իմանում` ինչ է անելու, որեւէ բան չի ստացվելու: Մենք հայտ ենք ներկայացրել կուսակցություն ստեղծելու եւ հիմա ամենասկզբնական փուլում ենք: Պետք է շատ մեծ աշխատանք տանել, եւ մեր նպատակը հիմա դա է: Նախագահական ընտրությունների մասին չենք մտածում:
-Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկե՞լ եք Ձեր որոշումը: Ի՞նչ կարծիք հայտնեց:
-Մենք արդեն 12 տարի է` աշխատում ենք իրար հետ: Բարոյական հանգամանքները հաշվի առնելով` ես չէի կարող իրեն տեղյակ չպահել իմ որոշման մասին: Ոչ միայն իրեն, այլ նաեւ ինձ հետ աշխատող շատ մարդկանց, իմ գործընկերներին: Ես, բնականաբար, տեղյակ եմ պահել, եւ նախագահը ասել է` դա քո որոշումն է, եւ հարգել է իմ որոշումը: Ես պարտավոր էի իմ գործընկերին, նախագահին տեղյակ պահել, որովհետեւ, պատկերացրեք` իրենք իմ որոշման մասին իմանային դրսից կամ լրատվամիջոցներից:
Նյութերը՝ Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՍԿՍՎԵՑԻՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսի 1-ից կդադարեցվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի` «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Իսկ գործառույթները կշարունակի իրականացնել նախարարությունը «Ծրագրերի իրականացման վարչություն» մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կրճատվող աշխատողները կներգրավվեն աշխատանքի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոններում: Հակառակ դեպքում կշարունակեն ստանալ աշխատավարձ:
ՆՈՒՅՆԿԵՐՊ
ՀՀ կառավարությունն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունը միատեսակ կարծիք են ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած առաջարկի շուրջ, որը վերաբերում է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն: Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել` ըստ կիսամյակների կամ ամիսների: Օրինակ` ԱԺ իրավական փորձաքննության վարչությունը որեւէ առարկություն կամ առաջարկություն չի ներկայացրել, սակայն տնտեսագիտական փորձաքննության վարչությունն ու կառավարությունն իրենց եզրակացություններում նշել են, թե ըստ ամիսների ուսման վարձավճարների գանձումների պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ այլ ծախսերի առումով: Ընդ որում, կառավարությունն իր եզրակացությունում նաեւ նկատել է, որ այժմ վերանայման փուլում է գտնվում նաեւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որում անդրադարձ կա նաեւ նմանօրինակ հարցերի:
ԱՍՈՒՄ Է՝ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում հետաքննություն էր իրականացրել «Մի կտուրի տակ» ծրագրի մասին: Դրա ղեկավարները, հակառակ մեր պնդումներին, այդպես էլ չէին ներկայացրել համապատասխան փաստաթղթեր` իրենց գործունեության հետ կապված: Եւ այս ամենը հիմք էր տվել ենթադրելու, որ այս ոլորտում խաբեության հետ գործ ունենք: Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը, որը մինչ այդ մեկ ամիս է` չէր պատասխանում մեր հաղորդագրություններին ու զանգերին: Վերջինս նշեց, որ առարկություններ ունի, եւ խոստացավ այսօր գալ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Մեր հրապարակումից հետո Դերձյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով է արդարանում` ցույց տալու, թե իրենք աշխատում են, բայց այդ ամենը արժանահավատ չի թվում: