Ինչ ճանապարհ է անցել բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և ինչ կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի բնության պահպանության երաշխավոր գերատեսչությունը` Բնապահպանության նախարարությունը, կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում այսուհետ վերանվանվելու է Շրջակա միջավայրի նախարարություն: Նոր անունով «հին» նախարարության կառավարումը կշարունակի իրականացնել հեղափոխությունից հետո նախարար նշանակված, ԱԺ ընտրություններից հետո վերանշանակված անկուսակցական Էրիկ Գրիգորյանը:

Այս բազմաչարչար ոլորտը ունեցել է այնպիսի հռչակավոր նախարարներ, ինչպիսիք են, մասնավորապես, կաշառքի գործով հայտնի դարձած Արամ Հարությունյանը`«Բուլկի Արամը», Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Մինչեւ հեղափոխությունը, Կարեն Կարապետյանի որոշմամբ, բնապահպանությունը վստահվել էր ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին. բնապահպանությունը Մինասյանի նախավերջին նախարարական հանգրվանն էր մինչեւ կուսակցության կողմից հետ կանչվելը: Մինչեւ հեղափոխությունը Է. Գրիգորյանը Ա. Մինասյանի առաջին տեղակալն էր, մինչեւ նախարարություն գնալն էլ եղել է վարչապետ Կարապետյանի օգնականը:

Այնպես որ, գործող նախարարը ՀՀԿ-ի իշխանության օրոք աշխատած եւ հեղափոխական կառավարություն տեղափոխված հերթական պաշտոնյաներից է: Նրա նշանակումը, նկատենք, բնապահպանների կողմից դժգոհության արժանացավ, քանի որ, նրանց պնդմամբ, Գրիգորյանը հանքարդյունաբերության զարգացման ջատագովի համբավ ունի, հանքահեն կազմակերպությունների փիառով է զբաղվել: Ի դեպ, սա միակ մեղադրանքը չէ, որ նրան հասցեագրվեց նախարար նշանակվելուց հետո: Խոսվում էր նաեւ, թե նա արգելել է Բնապահպանության նախարարության աշխատակիցներին մասնակցել հեղափոխության օրերի միտինգներին, մասնավորապես` մայիսի 7-ի հանարհավաքին, եւ հանձնարարել է, որ ստուգեն բոլոր աշխատողներին, որոնք լքել են իրենց աշխատավայրը եւ իջել հրապարակ:

Այս առթիվ նախարար նշանակվելուց հետո Կարապետյանը պարզաբանել էր. «Ուղղակի մեր աշխատողներից մեկին սխալ փաստաթուղթ սարքելու վերաբերյալ նրա ղեկավարին խնդրեցի, որ կանչ եւ նկատողություն ստանա, եւ կարծում եմ, որ դա ճիշտ է, որովհետեւ աշխատողը պետք է լինի պատասխանատու: Ուղղակի թացը չորի հետ խառնվել, գնացել է»: Մյուս մեղադրանքը նախկին իշխանության հետ աշխատած լինելն էր: «Ինձ մեղադրում էին, որ ես ՀՀԿ-ից եմ, Կարեն Կարապետյանի կադրն եմ:Ասեմ, որ ես երբեւիցե կուսակցական չեմ եղել: Առաջարկ եմ ունեցել եւ աշխատել եմ Կարեն Կարապետյանի հետ եւ շատ արդյունավետ եմ աշխատել, որովհետեւ մենք փոքր ՀԷԿ-երի ոլորտում, հանքաարդյունաբերության ոլորտում ֆունդամենտալ փոփոխություններ ենք արել: Հիմա առաջարկ եմ ստացել եւ կաշխատեմ»:

Փորձով փորձագետը

Կապանում ծնված 39-ամյա Գրիգորյանն այն քիչ պաշտոնյաներից է, որը զբաղեցրած պաշտոնին համապատասխան մասնագիտական կրթություն է ստացել: Ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը /բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտությամբ/:

Այնուհետ, աշխատանքին զուգահեռ, մասնագիտական կրթությունը շարունակել է Էգեյան համալսարանում (Հունաստան), Դրեզդենի տեխնիկական համալսարանում (Գերմանիա), ԱՏԵԻ եւ Արիստոտելի համալսարանում (Հունաստան): Նա նաեւ փորձագիտական աշխատանքի, միջազգային կառույցների հետ համագործակցության հարուստ փորձ ունի:

Աշխատանքային կարիերայի առաջին հանգրվանը եղել է հենց Բնապահպանության նախարարությունը, որտեղ 2002-2009 թթ. աշխատել է` որպես բնապահպանության եւ բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ /Վարդան Այվազյանի պաշտոնավարման շրջանում/, այնուհետ` 2009-2011 թթ. / Արամ Հարությունանի օրոք/, նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետն էր, 2011թ.էլ`«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի վերաբնակեցման մասնագետ:

Գրիգորյանը նաեւ 2015-2016թթ. Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող եւ ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության թափանցիկության բարձրացման ծրագրի ազգային փորձագետ է եղել, ինչպես նաեւ տարբեր փորձագիտական պաշտոններ է զբաղեցրել միջազգային կառույցների կողմից իրականացնող եւ ֆինանսավորվող ծրագրերում, մասնավորապես` ՄԱԿ-ի /Զարգացման ծրագիր/, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, ԱՄՆ ՄԶԳ-ի:

Ամուլսար, մեղադրանքներ

Նախարարի անունը քանիցս շրջանառվել է Ամուլսարի հանքի շահագործման թեմայի, մասնավորապես` հանքը շահագործելու իրավունք ունեցող «Լիդիան» ընկերության հետ կապ ունենալու կոնտեքստում: Մասնավորապես` opendemocracy.net կայքը հանքի վերաբերյալ իր «Վիճահարույց ոսկու հանքը Հայաստանի նոր կառավարության փորձաքննությունն է» հրապարակման մեջ գրել էր.

«Բնապահպանության նոր նախարարը` Էրիկ Գրիգորյանը եւս նախկինում կապ է ունեցել «Լիդիանի» հետ: 2014 թ. օգոստոսից մինչեւ 2015 թ. փետրվար Գրիգորյանն աշխատել է միջազգային խորհրդատվական Critical Resource ընկերությունում, որն այդ պահին Լիդիանի համար իրականացնում էր շահագրգիռ կողմերի ներգրավման ուսումնասիրություն: Մեզ հետ զրույցում պաշտոնյան մեկնաբանել է․«Իմ նախկին աշխատանքների հետ կապված ինֆորմացիան բաց դրված է իմ Linkedin-ում: Ես ասել եմ, որ եթե որեւիցե շահերի բախում ունենայի, ես որեւիցե աշխատանքի չէի անցնի»:

Նշենք, որ հիշյալ ընկերությունում աշխատելու վերաբերյալ որեւէ նշում մենք Գրիգորյանի կենսագրականում չհանդիպեցինք: «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնությունն էլ ամիսներ առաջ հայտարարությամբ հանդես եկավ` մեղադրելով Գրիգորյանին «կարեւոր տեղեկությունները հանրությունից թաքցնելու եւ ոչ թափանցիկ գործելաոճ» որդեգրելու համար: Հղում անելով վերոհիշյալ կայքի հապարակմանը` ՀԲՃ-ն նշում էր, թե Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան 2007-2017թթ․ եղել է «Լիդիանի» ֆինանսավորողներից եւ հիմնական բաժնետերերից մեկը:

Հեծանիվի սիրահար նախարարը

Գրիգորյանը երկու որդի ունի` Նարեկը եւ Վահագնը, կինը` Նանե Շահնազարյանը, աշխատում է Ֆինանսների նախարարությունում: Գրիգորյանի քույրը` Մարիաննա Գրիգորյանը, MediaLab.am կայքի գլխավոր խմբագիրն է: Գրիգորյանը սիրում է ակտիվ ապրելակերպը, ձիավարում է եւ իրեն համարում է հեծանվային մշակույթը Հայաստանբերողներից մեկը, ունի հեծանվային փոքր կազմակերպություն, որը գործում է 2012-ից: Խոսք կա, թե Գրիգորյանին են պատկանում երեւանում հեծանվային բոլոր «փարկինգները», սակայն լուրը հերքվել է նրա կողմից:

Հեղինե Մանուկյան




Լրահոս