Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հետհեղափոխական Հայաստանի այն «հատուկ» պաշտոնյան է, որին վերապահվեց «հին Հայաստանի» ողբերգական էջերից մեկի՝ «Մարտի 1»-ի բացահայտման ծանր բեռը: «ՀՔԾ-ի ամենակարեւոր գործերից մեկը «Մարտի 1»-ի ոճրագործության բացահայտումն է»,- ՀՔԾ նոր պետին ծառայության աշխատակազմին ներկայացնելիս ամիսներ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ցուցումից մոտ մեկ ամիս անց էլ ՀՔԾ-ն, որին հաջողվել էր 10 տարի շարունակ լեթարգիական քնով քնեցնել «Մարտի 1»-ի գործը, սկսեց գործել գերօպերատիվության ռեժիմով՝ մեղադրանք առաջադրելով մասնավորապես պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
ՀՔԾ նոր պետի նշանակումից հետո «տաբուի տակ» եղած գործը սկսվեց զրոյից քննվել. հուլիսին քրեական գործում հայտնվեց 2008թ. խռովահույզ օրերին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի չարաբաստիկ 0038 հրամանը, որը դրված է սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքի հիմքում, եւ որով ապացուցվում է բանակի ներգրավվածությունը «Մարտի 1»-ի իրադարձություններում: Ս. Խաչատրյանից առաջ, հիշեցնենք, ՀՔԾ-ն ղեկավարում էր Վահրամ Շահինյանը, նրանից առաջ էլ՝ «Մարտի 1»-ի դեպքերից հետո, հայտնի շրջաբերականով Վայոց ձորի դատախազին դիմած Անդրանիկ Միրզոյանը: Ահա նրանց ղեկավարած կառույցում էլ, պարզվեց` քննվել է կեղծված ապացույցներով «Մարտի 1»-ի գործը, իսկ կեղծման կազմակերպման մեջ, ինչպես հայտնի է, մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը, որն ամեն կերպ փորձում է արդարանալ. ապօրինի է համարում իրեն առաջադրված մեղադրանքն ու դատի է տվել ՀՔԾ պետին:
Ո՞վ էր Խաչատրյանը հեղափոխությունից առաջ
Արադատության առաջին դասի խորհրդական Ս. Խաչատրյանը պատահական մարդ չէ համակարգում. նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ, դասախոս, այժմ թոշակի անցած Մհեր Խաչատրյանի որդին է: Ծնվել է Երեւանում, ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, դասավանդել նույն ԲՈՒՀ-ում: Որդի Խաչատրյանն իր կարիերան սկսել եւ /մինչեւ ՀՔԾ պետ նշանակվելը/ ավարտել է դատախազությունում, եւ ինչպես նրան բնորոշում են մտերիմները, ուղն ու ծուծով դատախազ է: Համակարգում աշխատանքի է անցել դեռեւս նախկին նախագահ Քոչարյանի օրոք՝ 2000 թ. մայիսից, որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ, եղել է նաեւ Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, Շենգավիթի դատախազի տեղակալ, Երեւան քաղաքի դատախազի՝ Հրաչյա Բադալյանի տեղակալը, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն, հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազը: Խաչատրյանի դատախազական սրընթաց կարիերան կտրուկ ընդհատվեց 2016-ին՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք, երբ դատախազությունում կադրային աննախադեպ ջարդ ու «զտումներ» սկսեցին, երբ հիմնականում համակարգից հեռացվում էին նախորդի` Աղվան Հովսեփյանի կադրերը: Իր դիմումի համաձայն` «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ պաշտոնից հրաժարված մի քանի տասնյակ դատախազներից մեկն էլ Ս. Խաչատրյանն էր: Դատախազի աշխատանքին հրաժեշտ տալուց հետո Խաչատրյանը կարճ ժամանակով ղեկավարեց հոր հիմնած «Մհեր Խաչատրյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակը, իսկ այնուհետ, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը, ստանձնեց ՀՀ դատախազության` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այս պաշտոնից էլ նա 2018 թ. հունիսի 11-ից անցում կատարեց ՀՔԾ եւ մինչ օրս, ինչպես հատուկ նշված է ՀՔԾ կայքում, հիշյալ պաշտոնում է: Ի դեպ, երբ Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ, ֆեյսբուքում աղմկահարույց գրառմամբ հանդես եկավ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն ու «արդարության վերականգնում» համարեց նախկին գլխավոր դատախազից «տուժած» Խաչատրյանին ՀՔԾ պետի պաշտոնում նշանակելը: Մամուլում եւ սոցցանցերում, սակայն, որոշ շահագրգիռ խմբեր խոսում են ՀՔԾ պետի մոտալուտ պաշտոնանկության մասին, իբրեւ թե «փնթի է աշխատում», մեղադրանքներում առկա են անհասկանալի ձեւակերպումներ, խախտում է քրգործերի հետ կապված օրենքով սահմանված որոշ ընթացակարգեր, որոնք վիճարկման առիթ են դառնում, եւ այլն:
Շարունակելի
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ՕԳՈ՞ՒՏ Է, ԹԵ՞ ՎՆԱՍ
Կառավարության երեկվա որոշմամբ` «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ-ը միավորվել է նույն շենքում գործող «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» հետ. այն կվերանվանվի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի եւ շաշկու օլմպիական մանկապատանեկան մարզադպրոց»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանը հայտնեց, որ կառավարության որոշումը կայացվել է առանց իրենց իմացության, իր հետ քննարկում տեղի չի ունեցել, եւ որոշման մասին ինքը տեղեկացել է երեկ առավոտյան: Հրաչիկ Թավադյանը նաեւ նշեց, որ համամիտ չէ որոշման հետ, քանի որ իրականում այս երկու կազմակերպությունները տարբեր գործունեություններ են ծավալում, եւ դրանց համատեղելիությունը վերջինս չի պատկերացնում:
Ամեն դեպքում, Հրաչիկ Թավադյանը, չունենալով կոնկրետ ինֆորմացիա, հարցին նայում է նաեւ լավ կողմից. «Եթե որոշումը կայացվել է, ուրեմն այդպես են նպատակահարմար գտել, եւ հնարավոր է` այս ամենը նպաստի շախմատի զարգացմանը»:
Հրաչիկ Թավադյանը չի ցանկանում, որ այս միավորումը ազդի ֆինանսական հարցերի վրա, եւ մտահոգված է, որ հնարավոր է այլեւս մարդիկ չկարողանան Շախմատի տանը անցկացնել իրենց ժամանակը` շախմատ խաղալով:
Շախմատի տան տնօրենն ասաց նաեւ, որ ինքը ոչ մի կերպ չի բողոքարկելու կայացած որոշումները, եւ կանի այնպես, ինչպես պաշտոնապես ներկայացվի:
«Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, պարզվում է, եւս վերջնական որոշման մասին վերջին պահին է տեղեկացել: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ինքը կազմակերպությունների միավորման մտքին տեղյակ է եղել անցած տարվա նոյեմբերից, իսկ պաշտոնականի մասին միայն ինֆորմացվել է փետրվարի 28-ի առավոտյան համացանցի միջոցով: Նրա խոսքով` այս երկու կազմակերպությունները տարբեր են, եւ ցանկալի չէր նման որոշում կայացնելը, սակայն եղածն արդեն եղել է:
Վլադիմիր Հայրապետյանը շեշտեց, որ այս ամենը միանշանակ օգուտ է մարզադպրոցին եւ վնաս Շախմատի տանը. «Դպրոցը մնում է, այն, իհարկե, չի տուժի եւ երեխաների համար ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն»:
Մարզադպրոցի տնօրենը նույնպես անիմաստ է գտնում բողոքելը եւ սպասում է որոշումներին:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը փոխանցեց, որ տնօրենների հետ ոչ մի քննարկում չի եղել, ֆինանսական առումով ոչ մի փոփոխություն լինել չի կարող, իսկ թե ով կլինի կազմակերպության տնօրենը, այդ հարցին դեռ ոչ ոք պատասխանել չի կարող:
Ա. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ բոլոր հարցերը կլուծվեն. նախնական տվյալներով (ոչ պաշտոնական)` երկամսյա ժամկետում` միավորումը կատարվելուց հետո:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ` ՋՈՒՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՀՈՂԵՐԸ ՋՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղապետեր դիմել են Շիրակի մարզպետարան` ոռոգման համակարգի հետ կապված խնդիրների շուրջ խորհրդակցություն անցկացնելու պահանջով: Ըստ որոշ տեղեկությունների` գյուղապետերը չեն ցանկանում օգտվել «Շիրակ» ՋՕԸ-ի ծառայություններից: Այս թեմայի շուրջ էլ երեկ գյուղապետերը հանդիպել են Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Ի դեպ, հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետարան դիմել են հիմնականում Անուշավան, Գեղանիստ, Արեւշատ, Փանիկ, Սպանդարյան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ համայնքների ղեկավարները, քանի որ հենց այս գյուղերի բնակիչներն են իրենց հողատարածքները ոռոգում Մանթաշի ջրամբարից: Բայց գյուղապետերի պնդմամբ` ջրամբարի ջուրը չի բավարարում հողերը ոռոգելու համար:
Օրինակ` Արեւշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ հանդիպման միակ նպատակը ոռոգման համակարգը բարելավելն է: «Ուզում ենք, որ ջրի ոռոգումը կազմակերպվի ժամանակին եւ առանց կորուստների: Բացի այս, ուզում ենք, որ ավելի հեշտ ջրտուք կազմակերպվի»,- հույս հայտնեց գյուղապետը:
Մեր այն հարցին` դժգոհ են «Շիրակ» ՋՕԸ-ի ծառայություններից, Սայադ Խաչատրյանն արձագանքեց. «Չէ… ուղղակի մեծ կառույց է, բայց շատ խութեր ունի, որոնք կարելի է լրացնել: Ընդհանուր առմամբ, կապված է կառուցվածքի հետ: Դա տնօրենից կախված չէ: Հետո ոռոգման համակարգը հին է, պետք է այն հիմնովին փոխվի, որպեսզի ջրի կորուստներ չունենանք: Մենք չենք հրաժարվում «Շիրակ» ՋՕԸ-ից, ուղղակի գյուղապետերով հանդիպել ենք մարզպետի հետ եւ քննարկել խնդիրը: Ներկա է գտնվել նաեւ «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանը»: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ «կանալները», որոնց միջոցով ջուրը իրենց է հասնում, բավականին քայքայված են, իսկ դրանց պատերը բետոնապատելու կարիք ունեն: Նրա համոզմամբ` եթե այս հարցը լուծվի, ապա ջուրը չի կորի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ հանդիպմանը մարզպետարանի ներկայացուցիչները գյուղապետերին բացատրել են, որ «Շիրակ» ՋՕԸ-ից չօգտվելու դեպքում պետք է ստեղծվի մեկ այլ ընկերություն, ինչը իր հերթին կառաջացնի ֆինանսական լրացուցիչ ծախսեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մարզպետի հետ հանդիպմանը հստակ ոչինչ չի որոշվել: Տիգրան Պետրոսյանը գյուղապետերին խոստացել է ուսումնասիրել բարձրացված հարցերը: «Կգան, տեղում կնայեն, կտեսնեն` ինչը պետք է փոխել, ինչը կառուցել կամ նորոգել»,- բացատրեց Արեւշատի գյուղապետը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ