ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆՔ ՕԴԻՈԶ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շատ է խոսվել խորհրդարանում ընդդիմության բացակայության եւ այն մասին, որ իրական ընդդիմությունը ձեւավորվելու է ԱԺ պատերից դուրս: Եվ ահա` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ միավորողի դերը փորձում է ստանձնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները հանդիպումներ են նախատեսել խորհրդարան չանցած մի քանի ուժերի հետ: Մասնավորապես մենք տեղեկացանք, որ նման մի հանդիպում արդեն եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ: Հանդիպում է եղել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ, թեեւ հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ:

Իսկ, ահա, ՔՈ-ի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, սակայն ընդգծեց, որ ինքը միայնակ է հանդիպել, ոչ կուսակցության անունից, եւ այդ հանդիպմանը ՔՈ կուսակցությունը չի ներկայացրել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մեզ հետ զրույցում մանրամասներ չներկայացրեց հանդիպումներից` նշելով, որ ինքը չէ նախաձեռնողը, եւ, ըստ էության, հանդիպումները այս փուլում ավելի շատ կատարվում են անհատների կողմից, ոչ թե կուսակցության:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, Դուք հանդիպել եք ԼՀԿ-ի հետ: Ի՞նչ է քննարկվել: Մի փոքր մանրամասնեք:
-Մենք հեղափոխական գործընթացներից առաջ պրոցես էինք սկսել, որ, ի վերջո, վերածվեց «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության: Դրա հիմքում դրված է եղել այն համոզմունքը, որ երկարաժամկետ դրական արդյունքի հասնելու համար մեր երկրում սեփականության հարցը պետք է կարգավորվի: Դա հեղափոխության օրերին արձանագրվեց որպես պետական համակարգի դեկապիտալիզացիայի մասին օրենք, եւ մենք պլանավորում էինք, չկապելով որեւէ կուսակցության օրակարգի հետ, մինչեւ արտահերթ ընտրությունները այդ հարցը քննարկենք: Ցավոք, ընտրությունները տեղի ունեցան ավելի շուտ՝ առանց հեղափոխական օրակարգի այդ կետերի լուծման։ Մինչեւ արտահերթ ընտրություններն ընկած շրջանում հանդիպել ենք խորհրդարանական ուժերից «Ելք» ու «Ծառուկյան դաշինք» խնբակցությունների հետ։ Դաշնակցության եւ ՀՀԿ հետ հանդիպել չստացվեց, որովհետեւ խորհրդարանը լուծարվեց: Հիմա քանի որ «Լուսավոր Հայաստանի» անդամների հետ չէր հաջողվել քննարկել այս հարցը, ոչ կուսակցության անունից, այլ «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամներից մի քանի հոգով հանդիպել ենք ԼՀԿ-ի հետ եւ քննարկել միայն այդ հարցը: Սա, ըստ էության, արվում է հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու դեպքում հայեցակարգում հնարավորինս շատ կարծիքներ ու մոտեցումներ ներառելու նպատակով: Ենթադրում եմ, որ հանդիպում կլինի նաեւ «Իմ քայլը» խմբակցության հետ, կփորձենք այդ հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների ու, ի վերջո, լուծման հանգեցնել։
-Կուսակցության մակարդակով հանդիպում չի՞ լինելու:
-Կարող է լինել, սակայն դեռ նման օրակարգ չկա: Հնարավոր է, եթե առաջարկ լինի:
-Կա՞ն հարցեր, որոնց շուրջ հանդիպումներ եք ունենում մյուս արտախորհրդարանական ուժերի հետ, եւ ընդհանուր հայտարարի գալով` ուղիներ փնտրում դրանք խորհրդարան հասցնելու:
-Նման ֆորմատով հանդիպումներ չեն եղել:
-«Լուսավոր Հայաստանի» հետ միայն ա՞յդ հարցով եք համագործակցում: Կա՞ն օրակարգում ուրիշ հարցեր:
-Դա դեռ միակ հարցն է: Բայց ես ուզում եմ ասել, որ սա այն հարցն է, որ հանրային սուբյեկտներին մեր սյուբեկտիվ վերաբերմունքը կարեւոր չէ: Մենք հանդիպել ենք նույնիսկ շատ օդիոզ կերպարների հետ: Եղել են անձինք, ում մենք վաղուց մերժել ենք, բայց սա այն հարցն է, որ պետք է լայն, ամենալայն կոնսենսուսի պայմաններում ընդունվի, դրա համար էլ լավ ու վատ չկա: Մեր դիրքորշումը այլոց հանդեպ դրանից չի փոխվում` ոչ լավանում է, ոչ վատանում, բայց մենք համագործակցելու հնարավորություն ենք տեսնում բոլորի հետ` մեր սիրած մարդկանց հետ, մեզ համար ոչ սիրելի մարդկանց հետ, հանրության կողմից ինչ-որ առումով չընդունված մարդկանց հետ: Հայեցակարգում նույնիսկ առաջարկել ենք, որ այդ հարցը հանրաքվեով լուծվի, ոչ թե խորհրդարանական մեծամասնությունը կնոպկա սեղմի, օրենք ընդունի, այլ դա պետք է հանրային պայմանագիր լինի` հանրության բոլոր ներկայացուցիչների, խավերի միջեւ:
-«Լուսավոր Հայաստանի» հետ ի՞նչ հայտարարի եկաք:
-Ի վերջո, բոլոր հանդիպումներում մենք փորձում ենք նվազագույն մի բանի շուրջ համաձայնության գալ։ Այն շատ պարզ բանաձեւ է՝ սեփականության օրինականության ճանաչում փոխհատուցման դիմաց եւ համաձայնության քաղաքական բաղադրիչը՝ քաղաքականությունից հեռացում՝ տնտեսական հանցանքների ներման դիմաց:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵՑ «ԻՄ ՔԱՅԼԻՆ»

Երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ:

-Պարո՛ն Խանդանյան, երեկ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը Սուրեն Պապիկյանի հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվել:
-Քննարկվեցին տարածքային կառավարման խնդիրներ` համայնքների հետ կապված եւ այլն։ Բավականին արդյունավետ հանդիպում էր։ Բավականին կառուցողական պատասխաններ ստացանք, ինչպես նաեւ հասկացանք նախարարության առաջիկա տարիների տեսլականը։
-Նոր օրենսդրական նախաձեռնություններ կլինե՞ն։
-Այո՛։ Լինելու են։ Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի հետ հանդիպումներ կլինեն, քննարկումներ։ Արդեն սկսվել են աշխատանքները։ Օրենքների փոփոխություններ կլինեն, նոր օրենքներ։ Օրենսդիրի գործառույթների մեջ մտնում է նաեւ վերհասկողություն գործադիր մարմնի վրա, եւ այդ հանդիպումների շարքն էլ, բնականաբար, դա է ենթադրում իրենից։
-Նախարարի պատասխանները բավարարեցի՞ն պատգամավորներին։
-Շատ ակտիվ, թեժ հանդիպում էր։ Եղան 2 տասնյակից ավել հարցեր։ Կոնկրետ ինձ բավարարեցին նախարարի պատասխանները։
-Շա՞տ խնդիրներ կան պարոն Պապիկյանի ղեկավարած նախարարության մասով։
-Հիմնականում այն խնդիրներն են, որոնք արդեն իսկ ամրագրված են կառավարության ծրագրում` համայնքների համաչափ զարգացում, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացում եւ այլն։
-Օպտիմալացման մասով խոսվե՞լ է։ Խոսքը ե՛ւ մարզպետարանների մասին է, ե՛ւ նաեւ կառավարության կազմի օպտիմալացման մասով։
-Մարզպետարանների մասով շատ է խոսվել։ Օպտիմալացումը պիտի միտված լինի գործառույթները ավելի արդյունավետ դարձնելուն։ Տարածքային զարգացման եւ ներդրումների նախարարությունը բավականին ծանրաբեռնված է դառնալու` հաշվի առնելով, օրինակ, էներգետիկայի ոլորտում մի շարք խնդիրների առկայությունը, տրանսպորտի եւ կապի ոլորտում խնդիրները։
-Պարոն Պապիկյանը կկարողանա՞ այդքան ծանրաբեռնված նախարարության գործերից գլուխ հանել։
-Ես կարծում եմ` պարոն Պապիկյանը մի քանի ամիսների ընթացքում ապացուցել է, որ լավ կառավարիչ է, եւ իմ անձնական կարծիքով` կկարողանա ղեկավարել նաեւ այդ ծանրաբեռնված նախարարությունը։
-Կոտայքի մարզում մի քանի օր առաջ տեղի ունեցած եւ մեծ աղմուկ հանած ձերբակալությունից խոսե՞լ եք։ Առհասարակ համայքներում նման քրեական գործերի մասով խոսակցություն եղա՞վ նիստի ժամանակ։
-Այդ մասին չենք խոսել։ Այդ մասնավոր թեմաներին չենք անդրադարձել։ Ավելի ոլորտային հարցեր ենք քննարկել։

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

 

ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է
Փետրվարի 14-ին Ազգային ժողովում ելույթ ունենալիս` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել էր ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի մասին եւ մի քանի հայտարարություններ հնչեցրել, որոնք շտապել էր հերքել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Մասնավորապես Էդմոն Մարուքյանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուռուտյանն ընտրվել է կանոնակարգի փոփոխման արդյունքում միայն եւ հոգաբարձուների խորհրդում հենց «Իմ քայլ»-ից բազմաթիվ մարդիկ են ընտրվել, որպեսզի Ուռուտյանն անցնի: Բանն այն է, որ կանոնակարգը սահմանում է, թե ինչ կոչում պետք է ունենա ռեկտորը, սակայն Ուռուտյանը չի ունեցել, եւ կանոնակարգը փոխվել է: Մարուքյանի հայտարարություններին արձագանքել էր հենց ինքը՝ Ուռուտյանը, եւ խոստացել՝ եթե Մարուքյանը ներողություն չխնդրի, նրան դատի կտա: Եւ ահա` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ Վարդան Ուռուտյանն անձամբ է զանգահարել Էդմոն Մարուքյանին, ներողություն խնդրել իր պահվածքի համար եւ ասել, որ չի դիմի դատարան:

 

 

ԱՍՈՒՄ Է` ԿԱՊ ՉՈՒՆԻ
Երեկ պարզ դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 մլն դրամից 43 մլն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ըստ տնօրենի ցուցմունքի` 70 մլն դրամից փաստացի ծախսվել է 27 մլն դրամը, իսկ 43 մլն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Նշենք, որ երեկ բողոքի ակցիա էր իրականացնում հենց ընկերության ցուցմունք տված տնօրեն Արամ Ղլեչյանը, ում հենց երեկ էլ ազատել էին աշխատանքից: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության հիմնադիր Ալիկ Զաքարյանի հետ. «Ինքը հիմա ընկած ցույցեր, հայտարարություններ է անում: Մեղադրանքը վաղուց կա, դա այն էր, ինչի մասին գիտեինք, եկան, ստուգեցին ու ոչինչ չհայտնաբերվեց: Հիմա այս տնօրենը, որին ազատել ենք աշխատանքից, փորձում է այս կերպ մեզ շանտաժի ենթարկել: Ժողովրդին հավաքել է ու սուտ տեղեկություններ է տարածում»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչն է Ղլեչյանին տնօրենի պաշտոնից ազատելու պատճառը, ընկերության հիմնադիրն արձագանքեց. ««Իրեն ազատել ենք, որովհետեւ հիմնարկի կանոնն ու կարգը չէր պաշտպանում. նախկինում մարդիկ ընդունվում էին աշխատանքի քննություն հանձնելուց հետո, իսկ նա փողոցից պատահական մարդ էր ընդունում առանց որակ ստուգելու, որը մեզ չի բավարարում: Բնականաբար, որեւէ շորթման մասին խոսք չկա: Անցած տարվա հունիսից ստուգումներ են, ու ոչ մի խախտում չի գտնվել»:




Լրահոս