ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՄԱՐՏԻ 1-Ի ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

(Սկիզբը՝ նախորդ համարում)

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պատմության մեջ կմնա որպես մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «կալանավորած» պաշտոնյա: Գիտեք՝ Քոչարյանին ու մի շարք այլ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել` 2008թ. մարտիմեկյան օրերին սահմանադրական կարգը տապալելու համար: Խաչատրյանը նաեւ հնչեղ գործերով, մասնավորապես մի շարք պաշտոնյաների եւ մեծահարուստների տներ թալանած «բանդայի գործով» դատախազ էր:

Հիշենք մեկ այլ աղմկահարույց գործի մասին. դեռեւս 2012-ին վաշխառության մեջ մեղադրվող Ցոլակ Թանգամյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրը, բաց նամակով քանիցս դիմել էր երկրի բարձրաստիճան այրերին եւ նշել իր դեմ իրականացվող հետապնդումների եւ անարդարության՝ իրեն պատկանող տարածքներն ու բնակարանը խլելու մասին: Նամակում, ի թիվս մի շարք այլ՝ հետապնդում իրականացնող պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյաների, հիշատակված էր նաեւ այն ժամանակ Երեւանի դատախազի տեղակալ Ս. Խաչատրյանի անունը, որը, իբր, իր առանձնասենյակում գողական աշխարհի ներկայացուցիչ ոմն Ռոբերտի ներկայությամբ ու աջակցությամբ Թանգամյանից 35 հազար դոլարի կաշառք է պահանջել, որպեսզի նրան «գողական լծի տակ չկոխեն»: Ցոլակ Թանգամյանը որոշ ժամանակ անց ինքնասպան եղավ, իսկ ինքնասպանության փաստով հարուցված գործը «ջրվեց», քանի որ հիշյալ պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական որեւէ այլ հանցագործություն կատարելու հանգամանք նախաքննությամբ ձեռք չէր բերվել:
ՀՔԾ պետի ավագ եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, նույնպես իրավաբան է, փաստաբան, իրավական հարցերով պատասխանատու է աշխատել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Նա նաեւ «Սորոսի հիմնադրամի», «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահն է: Այս հանգամանքից ոմանք հեռուն գնացող ենթադրություններ էին արել, թե «Սորոսը» միջնորդավորված ազդեցություն ունի ՀՀ-ում կատարվող գործընթացների վրա եւ «հովանավորում է» նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քրեական հետապնդումը: ՀՔԾ պետը «հիմարություն» էր որակել նման զրույցները:

Հա, ախպեր ջան, հա, ընգեր ջան
Համացանցն ամիսներ առաջ պայթեցրեց ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի՝ «երկու սերիայանոց» գաղտնալսումը, որում երկու պաշտոնյաները միմյանց դիմում են «հա, ընգեր ջան, հա ախպեր» ջան մտերմիկ տոնով ու քննարկում մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց՝ կալանքի հետ կապված նուրբ հարցերը: Այս սկանդալը, ըստ քաջատեղյակների, շոկային է եղել ինքնատիրապետումը երբեք չկորցնող Խաչատրյանի, նաեւ Փաշինյանի համար: Գաղտնալսումներից պարզ է դառնում, որ դատավորներին «ասելու» հին պրակտիկան դեռեւս կենսունակ է, եւ «ասողներից» մեկն էլ հենց ՀՔԾ պետն է: Այստեղ տեղին է հիշելը վերջինիս մտքերից մեկը, որը նա հայտնել էր իր հարցազրույցներից մեկում, երբ փաստաբանական գրասենյակի տնօրենն էր: Դիտարկմանը, թե դատախազներն ու փաստաբաններն անհավասար դիրքերում են, ժամանակին դատախազները կարող էին մտնել դատավորի աշխատասենյակ, գործի մանրամասներ քննարկել, Խաչատրյանն այսպես էր արձագանքել. «Չեմ կարծում` որեւէ դատախազ ի պաշտոնե կարող է մտնել դատավորի մոտ: Եթե նա մտնում է դատավորի մոտ, ապա կարող է խոսքն անձնական մտերմության մասին լինել: Ես ինքս էլ ունեմ ընկերներ, որոնք դատավոր, դատախազներ են աշխատում, սակայն մտնել դատավորի սենյակ նրա աշխատանքային ժամին, այդպես չի կարող լինել»: ՀՔԾ պետն ասել էր նաեւ, թե թյուր պատկերացումներ կան, որ դատախազությունում բոլորը զբաղված են մեղադրանք սարքելով կամ այդ մեղադրանքն ամեն կերպ պաշտպանելով: «Օրինակ` ես իմ գործունեության ընթացքում այլ սկզբունքներով եմ առաջնորդվել. թեեւ դու գտնվում ես մեղադրանքի կողմում, սակայն պարտավոր ես վերհանել ինչպես մեղադրող ապացույցները, այնպես էլ արդարացնող ապացույցները, եւ, ի վերջո, վերհանել օբյեկտիվ իրականությունը»: Երբ Խաչատրյանը նոր էր նշանակվել ՀՔԾ պետ, մենք կապվել էինք նրա հոր հետ եւ հարցրել՝ ինչ է մաղթելու որդուն: «Կասեմ` կյանքում, տղա ջա՛ն, անմեղ մարդու դատի չտա՛ս»,-ասել էր ավագ Խաչատրյանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Նարինե Մեսրոպյանն ազատվել է աշխատանքից: Հրամանը ստորագրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
10 տարուց ավելի այդ դպրոցը ղեկավարած Նարինե Մեսրոպյանին պաշտոնանկ անելու համար հիմք է ծառայել Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի` մազրպետին ուղղված միջնորդագիրը: Դպրոցի քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազությունը պարզել է, որ տնօրենի կողմից կատարվել է երկու դրվագ դիտավորյալ հանցավոր արարք` պաշտոնեական դիրքի չարաշահում եւ պաշտոնեական կեղծիք: Ըստ դատախազի` նշված հանցագործությունը տվյալ անձը կատարել է տեւական եւ շարունակական` այդ հանցագործության կատարման մեջ ներգրավելով շուրջ 25 աշխատակցի: Դպրոցի տնօրենը, ըստ նախաքննության արդյունքների, Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչների տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունել է նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տեւական ժամանակ, որոշ դեպքերում` ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են ՀՀ-ից, այսինքն` որեւէ դասապրոցեսի չեն մասնակցել: Մինչդեռ դպրոցի տնօրենը նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն ուսուցիչների միջոցով, ինչպես նաեւ անձամբ դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների` դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերից բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում:
Ըստ շրջանառվող լուրերի` դպրոցում անձնակազմը երկու մասի է բաժանվել: Աշխատակազմի մի մասն ուրախացել է այն փաստից, որ Նարինե Մեսրոպյանը հեռանում է, իսկ տնօրենին մոտ կանգնած ուսուցիչները վրդովված են: Նրանք ի պաշտպանություն տնօրենի` պատրաստվում են բողոքի ցույց անել: Բայց, իհարկե, մարզպետի որոշումն անբեկանելի է, քանի որ տնօրենին աշխատանքից ազատման պահանջը դատախազի կողմից է: Ասում են` իրավապահների կողմից էլ վրդովմունք է առաջացել, որ Նարինե Մեսրոպյանի ազատման որոշումն անընդհատ ձգձգվել է:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` Նարինե Մեսրոպյանն աջակցություն է որոնում: Սակայն նոր իշխանությունում դժվար թե հանրապետականը, որ ընտրություններում եղել է իր ղեկավարած դպրոցում ընտրական հանձնաժողովի նախագահ, կարողանա աջակից գտնել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանությունների համար կապ հաստատել նաեւ Նարինե Մեսրոպյանի հետ, սակայն չհաջողվեց:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԿՆՈՋ ՊԱՐԱՆՈՑԸ ԿՏՐԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչ Մնավել Ասրյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 11-ին` ժամը 12.00-ի սահմաններում, խանդի հողի վրա, կնոջը կասկածելով արտաամուսնական կապեր ունենալու մեջ, Արծվաբերդում գտնվող իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում ծալովի դանակով կտրել է նրա պարանոցը: Դրա հետեւանքով կինը մահացել է: Մ. Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 4-րդ մասով: Նա կալանավորված է:

 

 

ԽՃԱՔԱՐԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ
Տարիներ շարունակ «Կողբաքար» ՍՊԸ-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլատվություն, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանում հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել եւ այն իրացրել: «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է այս թեմային` տեղեկացնելով, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել ՀՀ տարածքից Դեբեդի քշած, հարեւան երկրի տարածքում կուտակված խճաքարը: 2018թ. նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի` Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը Մերուժան Փաշիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք լուծվել է խճաքարի խնդիրը, սակայն նա բացասական պատասխանեց:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս