Օրերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա։ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով: «Ժողովուրդ» օրաթերթը այս այցի, ինչպես նաեւ այլ հարցերի մասին զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
-Պարո՛ն Սիմոնյան, մենք ուժեղ ընդդիմություն ունենք արտախորհրդարանո՞ւմ, թե՞ խորհրդարանում։
-Իհարկե խորհրդարանում։
-Ինչո՞ւ։
-Եթե արտախորհրդարանական ընդդիմությունը ուժեղ լիներ, ապա խորհրդարանում կլիներ։
-Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ, քննարկումներ են ունենում։ «Իմ քայլը» դաշինքը նման բան չի՞ ուզում անել։
-Ոչ, քննարկումներ, խոսակցություններ չեն եղել։ Չգիտեմ՝ ինչի հետ կապված կարող են խոսակցություն ունենալ։ Չկա խոսակցություն, կարծում եմ՝ անհրաժեշտությունն էլ չկա։ Ընտրությունները նոր են ավարտվել, խորհրդարանն էլ մինչեւ վերջ ձեւավորված չէ։
– Մոսկվա Ձեր այցը ինչպե՞ս կգնահատեք։ Ինչքանո՞վ էր արդյունավետ նման այցելությունը։
-Գնահատում եմ ամենաբարձր եւ ամենալավ սանդղակով, որովհետեւ հա՛մ ընդունելությունը, հա՛մ մթնոլորտը, հա՛մ փոխադարձ շփումը, հա՛մ իրենց կողմից կոնկրետ քայլերը խոսում էին դրա մասին։
-ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ չնայած Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության բարձր մակարդակին եւ երկրների միջեւ գործընկերային հարաբերություններին, ինչպես նաեւ ռուսական կողմի հետեւողական փորձերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը` որոշ ռուս գործընկերներ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում եւ ուղղված է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության դեմ։ ԱԺ նախագահը նշեց, որ այս փաստը առնվազն տարակուսելի է։ Ռուսաստանում ինչպե՞ս ընդունեցին այս քննադատությունը։
-Ասեմ, որ իրենք զարմացած էին։ Դաշնային խորհրդում մենք արձագանքից հասկացանք, որ իրենք իրենց շատ վատ զգացին։ Դա պարզ երեւաց նաեւ մասնավոր զրույցների ժամանակ, եւ ես կարող եմ ասել, որ բացասական էր մեր կողմից իրենց պատգամավորների արարքի նկատմամբ վերաբերմունքը։
-Փաստորեն իրենք նախապես տեղյակ չե՞ն եղել, որ պատգամավորներ են գնալու մասնակցեն այդ ակցիային։
-Դաշնային խորհրդում կոնկրետ տեղյակ չեն եղել։ Դե, բնական է, Ռուսաստանը բավականին մեծ երկիր է, եւ ես չեմ կարծում, որ այդ որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ՝ նման քայլի գնալը այդ անհատների որոշումն է եղել։ Չեմ ուզում դա պետությանը վերագրել, թեեւ այնպես ստացվեց, որ մասնակցողները պետության ներկայացուցիչներ էին։
-Ձեզ հավաստիացումներ տվեցի՞ն, որ կխոսեն այդ պատգամավորների հետ, եւ կփորձեն այնպես անել, որ նման բաներ այլեւս չկրկնվեն:
-Ոչ թե հավաստիացումներ տալու խնդիր կար, այլ իրենք այնքան ապշած էին, որ իրենց վերաբերմունքից մենք հասկանում էինք, չգիտեին ինչ ասեին։ Դրանից մեկ օր առաջ մենք շատ լուրջ հարցեր էինք քննարկում եւ մեր հարաբերությունների հետ կապված բարձր վստահության մասին էինք խոսում։ Իրենց համար այդ միջադեպը շատ մեծ հարված էր։ Նույնիսկ քննարկվում էր Էթիկայի հանձնաժողով դիմելու եւ այդ անձանց նկատմամբ վարույթ հարուցելու մասին։ Մենք այն վարկածն էինք քննարկում, որ դա հենց պետության կողմից է արվել, եւ պետությունը տեղյակ է եղել, բայց իրենց առաջին արձագանքից, իրենց վերաբերմունքից ես անձամբ հասկացա, որ իրոք տեղյակ չէին, որ ստորին պալատի պատգամավորներն են նման քայլի դիմել։ Ինչեւիցե, տհաճ բան ստացվեց։ Որեւէ մեկին արդարացնելու կամ պաշտպանելու բան չկա։ Իրենք էլ հասկացան, որ տհաճ է։ Կարծում եմ՝ նման բան այլեւս չի լինի։
-Արարատ Միրզոյանը, խորհրդարանում իր ելույթի ժամանակ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այնինչ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ գործընկեր է, օրինակ, Ադրբեջանը: Աժ նախագահի ասածը, ըստ էության, կարգավիճակի իջեցում էր։ Արդյոք ԱԳՆ-ի հետ չի՞ քննակվել ԱԺ նախագահի ելույթը։
-Մենք մշտապես կապի մեջ ենք Արտաքին գործերի նախարարության հետ, եւ Արարատ Միրզոյանի ելույթը գերազանց ելույթ էր, շեշտադրումներով, մեսիջներով լի ելույթ էր։ Սա միայն ես չեմ ասում, այլ տարբեր կողմերից են կարծիքներ հնչեցնում։ Եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեր հարաբերությունները իսկապես լավ են։
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԵԿՈՒՅՑ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Այսօր խորհրդարանում կմեկնարկեն յոթերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի աշխատանքները: Եվ երեկ Աժ խորհրդի նիստում արդեն հաստատվել է այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Նշենք, որ կառավարության ծրագրի հաստատումով ավարտվեց առաջին նստաշրջանը, եւ սա արդեն երկրորդն է, որում այնքան էլ շատ հարցեր ընդգրկված չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով օրակարգը, նկատեց, որ կառավարությունն այսօր զեկույց է ներկայացնելու խորհրդարանին` կապված դեռեւս 2018 թվականի հունիսին հաստատված կառավարության ծրագրի իրականացման հետ: Մասնավորապես, այն վերնագրված է «Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվում այդ ծրագրի արդյունքներին, եւ հետաքրքիր է, որ այն, ամեն դեպքում, կազմվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից եւ այն մոտ 30 էջից է բաղկացած: Եվ որպես այդ ամենի եզրահանգում` Ավինյանը նշել է. «Կառավարությունը ստանձնել եւ հաջողությամբ իրագործել է խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցում կատարելու եւ նոր համակարգի հիմքերը ձեւավորելու առաքելությունը: Անցումային փուլում Կառավարությունն ապահովել է պետական կառույցների բնականոն եւ անխափան գործունեությունը արտաքին եւ ներքին անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, ֆինանսատնտեսական, հարկաբյուջետային, սոցիալական եւ մյուս ոլորտներում: Այս գործընթացում Հայաստանը զերծ է մնացել ցնցումներից, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր նախադրյալները թռիչքաձեւ զարգացում ապահովելու համար»:
Բացի այս զեկույցից օրակարգում ընդգրկված է եւս 6 հարց, որոնցից հինգը ներկայացվել են պատգամավորների կողմից, ընդ որում` միայն ընդդիմադիր: Իսկ մյուս հարցը ԿԸՀ հաղորդումն է` դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Հինգ հարցերից երկուսի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, իսկ երեքինը` ԲՀԿ: Դրանցից են, օրինակ, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունները:
Իսկ խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը` իշխող «Իմ քայլը», օրենսդրական նախաձեռնություն չունի: Փոխարենը կառավարությունն է իր ձեռքը վերցրել օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Այսօր երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետը կդառնար 60 տարեկան, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Մարդ, ով անմնացորդ նվիրումով ծառայեց հայրենիքին։ Ու այսօր տեղին է հիշել նրա խոսքերը. «Չգիտեմ՝ համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է»։
Շնորհավոր ծնունդդ, Սպարապե՛տ…
ՄԵԿԸ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ, ՄՅՈՒՍԸ` ՈՉ
Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող «Հրազդան» ցեմենտի գործարանը անցած տարի, 2017 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: Բայց չնայած սրան` այս ընկերությունը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա ընթացքում կատարել է 266 մլն 505 հազար դրամի չափով հարկային վճարումներ, մինչդեռ 2017-ի նույն ժամանակահատվածում պետական բյուջե գործարանը վճարել է 332 մլն 292 հազար 800 դրամ հարկ ու տուրք: Հարկերի նվազեցման պատճառն այն է, որ գործարանը անցած տարում դադարներով է աշխատել. «Հայբիզնեսբանկ»-ը «ՎՏԲ Հայաստան» բանկից ձեռք բերեց ցեմենտի գործարանը: Ցեմենտի արտադրությամբ զբաղվող մյուս` «Արարատցեմենտ» ընկերությունը կտրուկ ավելացրել է հարկերը: Անցած տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 101 մլն դրամ հարկ ու տուրք, մինչդեռ 2017-ի նշված ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 827 մլն 606 հազար դրամ:
ԺՊԻՏՈՎ ԵՆ ՏՈՒԳԱՆՈՒՄ
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո գործարարների կյանքում, կարծես թե, ոչինչ չի փոխվել: Այս ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ մանր եւ միջին տնտեսվարողներից: Եթե նախկինում նրանք դժգոհում էին իրենց նկատմամբ կիրառվող հարկային կոշտ վարչարարությունից, ապա հիմա, ճիշտ է, վերաբերմունքը փոխվել է, ավելի բարեհամբույր են, սակայն միեւնույն է, ակտիվ տուգանում են: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած առեւտրականները պատմեցին, որ այս ընթացքում հարկային տեսուչները հաճախակի են պտտվում եւ ամեն մանրուքի համար վարչական պատասխանատվության են ենթարկում: Ըստ առեւտրականների` «ժպիտով տուգանում են» երեւի բյուջեն ամեն կերպ լցնելու համար: