ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՑ ՀԱԳՈՎ ԷԼ Է ՇԱՏ ՀԱՐՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հետ:

-Երբ այսօր քննադատական խոսք է հնչում ներկա իշխանությունների հասցեին, նրանք ասում են, որ հներն են մեղավոր, որ իրենց այսպիսի Հայաստան է բաժին հասել:
-Ես կարծում եմ՝ նորերն ուրիշ ասելիք չունեն, որ նման բան են ասում: Մենք ցանկացած հարց կարող ենք վերացնել եւ քննարկել: Հնից ի՞նչն է, որ չեն քննարկում՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած ներքին քաղաքականության որեւէ դրսեւորում: ԵԱՏՄ-ին իրենք դեմ էին, նախագիծ էին դրել շրջանառության մեջ: Ո՞ւր է այդ նախագիծը: Ներքին կարգավորման մեջ այս սահմանադրությունը կարված էր Սերժ Սարգսյանի հագով. կարծես իրենց հագով էլ է շատ հարմար, եւ որեւէ փոփոխություն չեն անում: Ասեմ ավելին՝ կեղծ օրակարգ են բերել սահմանադրական բարեփոխումներ անելու եւ, կարծես թե, չեն անում բարեփոխում, ընդամենը հանրության տրամադրություններն են փորձում շոշափել: Եվ դա շատ վատ է, որ անընդհատ մատնացույց են անում: Մենք պետք է նայենք առաջ, եւ, իհարկե, ցանկացած իշխանություն, մենք առավել եւս, որովհետեւ 10 տարուց ավել մենք իշխանության մեջ ենք եղել, կունենանք սխալներ, բացթողումներ: Կարող ենք օբյեկտիվորեն հետ նայել եւ այս մեկ տարվա ընթացքում տեսնենք՝ արդյոք նոր իշխանությունները սխալներ, բացթողումներ ունեն, մենք միաձայն կարող ենք ասել, որ, այո, ունեն: Պետք չէ չարած գործը, չկարողանալը, ունակություններ չունենալը որեւէ բարեփոխում անելու վերագրել հին իշխանությանը:
-Կարծում եք` նոր իշխանությունները ունակություններ չունե՞ն:
-Բոլորի աչքի առաջ է: Այսօր մեկնարկեց ԱԺ նիստերը: 7 հարց էր ընդամենը օրակարգում, երբ որ օրակարգի հարցերի մեծամասնությունը բերում էր կառավարությունը: Իսկ օրակարգի հարցերը դրանք օրինագծերն են: Իսկ ի՞նչ է օրինագիծը, օրենքը, նախագիծը: Դրանք մեր հասարակական կարգը կարգավորող իրավական ակտեր են, որոնք առօրյան կարգավորում են: Մենք տեսնում ենք կա՛մ կարգավորելու բան չկա, ամեն ինչ լավ է, հետեւաբար հները լավ են աշխատել, կա՛մ ունակություններ չունեն, բայց ես ուզում եմ եւս մեկ-երկու նիստ մենք սպասենք եւ տեսնենք` ինչ նախագծեր կան: Եւ առավել վատ կլինի, երբ օրակարգերը փորձենք լռեցնել արհեստական նախագծերով, որովհետեւ դա ավելի կխանգարի: Հետեւաբար պետք է լինի ակտիվ բարեփոխումների շրջան, առավել եւս որ ես ինքս` որպես հայ մարդ, ուզում եմ հավատալ, տեսնել տնտեսական թռիչքաձեւ աճը, եւ դրանք բացառապես կարող են ամրագրվել օրենքների տեսանկյունից:
-ՀՀԿ-ն, հետ հայացք գցելով իր անցյալին, ի՞նչ հետեւություններ է արել: Վերջին շրջանում տեսնում ենք, որ կուսակցությունը կրկին լքողներ կան: Այդ ամենը նորմա՞լ եք համարում:
-ՀՀԿ-ն, եթե տեսնում եք, կողքի է քաշվել: Եվ քաշվեց կողքի, թույլ տվեց, որ երբ նոր իշխանությունները քննադատում են, գործով ապացուցեն եւ տեսնեն, որ խոսելը ավելի հեշտ է, քան գործ անելը: Մեկ տարին բավարար կլինի, որ ժողովուրդը, հանրությունը, լրագրողները փորձեն այդ վերլուծությունները իրենց մեջ անեն եւ իրենք գնահատականներ տան:
-Հիմա դադարի շրջա՞ն է կուսակցությունում:
-Չեմ կարծում: Կան մարդիկ, որոնք դադարի մեջ են, գնացել են, եկել են: Այսօր կուսակցություն հոսք կա, որովհետեւ կա հետաքրքրություն: Այդ ժամակաշրջաններն էլ կանցնեն, ե՛ւ պատմությունը, ե՛ւ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի: ՀՀԿ-ի անունը գցող լրատվամիջոցները եւ այն մարդիկ, որոնք ենթադրյալ ցեխ էին շպրտում կա՛մ իրենց գործունեությամբ, կա՛մ իրենց վարք ու բարքով, կարծես թե այսօր շատ ազատ համագործակցում են օրվա իշխանության հետ, հետեւաբար դա ՀՀԿ-ի խաչը չէ, որ պետք է տանի:
-Դուք` որպես կուսակցական, ակտի՞վ եք լինելու, թե՞ հնարավոր է, որ Դուք էլ դադարեցնեք անդամակցությունը:
-Ես 2001 թվականից ՀՀԿ-ի անդամ եմ: Անդրանիկ Մարգարյանի ժամանակ անդամագրվել ենք երիտասարդական կառույցին, հավատացել ենք ՀՀԿ-ին, լիդերներին, գաղափարախոսությանը: Այսօր էլ ակտիվ եմ, բայց ես իմ գործունեությունը այս պահին ավելի շատ տեսնում եմ Սպիտակում՝ իմ ծննդավայրում, որովհետեւ ես մեկ անգամ առիթ եղել է նշել, որ երբ 30-րդ տարելիցը լռացավ, մենք հասկացանք, որ մի երկար ժամանակ է անցել, բայց Սպիտակը դեռեւս մնում է լքված: Այսօր առավել եւս. այն խնդիրները, որոնք կան, կարծես թե բարձրաձայնող չկա, որովհետեւ ԱԺ-ն ներկայացնող իշխանությունը եւ մյուս մեր գործընկերները կարծես թե հույսները դրել են Նիկոլ Փաշինյանի վրա, եւ Նիկոլ Փաշինյանն է, որ պետք է աշխատի: Իսկ այն խնդիրները, որոնք պատգամավորները տեղերում պետք է փորձեն, հանդիպումներ կազմակերպեն, որը իսպառ չկա, դրանք մի միջոց են, որ տեղի խնդիրները որպես ազդակ հասցնեն կառավարությանը: Հետեւաբար էնտեղ փորձում ենք ինչ-որ հասարակական բնույթի գործունեություն ծավալել, որ փորձենք հնչեցնել խնդիրները եւ հասու դարձնենք օրվա իշխանություններին:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ, ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական մրցանակները, ինչպես նաեւ դրանք շնորհելու եւ հանձնելու հետ կապված հարցերը: Եվ առաջարկվող փոփոխություններով կրկին բախվում ենք մի իրավիճակի, երբ վարչապետի լիազորություններին եւս մեկն է ավելանում` ըստ էության ամրապնդելով սուպերվարչապետական համակարգը:

Նախ նշենք, որ պետական մրցանակների հետ կապված հարցերն այժմ կարգավորվում են Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ: Եվ նախարարության կողմից փոփոխություն անելու հիմնավորումների մեջ նաեւ նշված է այն հանգամանքը, որ այդ որոշմամբ մի շարք հարցերի կարգավորումը դրված է Կառավարության վրա, որը հիմնավորմամբ անհարկի ծանրաբեռնում է կառավարության գործունեությունը եւ աննպատակահարմար է: Այդ գործառույթներից է նաեւ պետական մրցանակ շնորհելու մասին որոշումը ընդունելը:
Եվ ելնելով դրանից էլ` որոշում է կայացվել օրենք ունենալ եւ վարչապետին վերապահել պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը: Այսինքն` այս փոփոխությամբ, ի թիվս այլ բազում լիազորությունների, վարչապետին վերապահվում է եւս մեկը` պետական մրցանակներ շնորհելու մասին որոշում կայացնելը:
Նկատենք, որ օրենքի նախագծում բավականին հետաքրքիր կարգավորումներ կան: Օրինակ` օրինագծով սահմանված է, որ վարչապետն ու կառավարության այլ անդամներն իրենց պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաեւ պետական մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի անդամները չեն կարող արժանանալ պետական մրցանակների: Այլ կերպ ասած` այսպես փակվում է ինքնապարգեւատրումների պրակտիկան, որ լայնորեն կիրառվում էր նախկին իշխանությունների օրոք: Հիշում եք` Սերժ Սարգսյանն ինչպես էր պետական մրցանակներ բաշխում իր հպատակ իշխանավորներին:
Մեկ այլ հոդվածում ասվում է. «ՀՀ պետական մրցանակները շնորհում է վարչապետը` համապատասխան որոշմամբ, որում նշվում է նաեւ դրամական պարգեւի չափը եւ մրցանակը հանձնող կառավարության անդամը, եթե մրցանակը չի հանձնվելու վարչապետի կողմից»: Այս նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից` շրջանառության մեջ դրվելով նախագծերի հրապարակման միասնական կայքում: Այս պահի դրությամբ նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն ներկայացված չէ եւ համապատասխան ընթացակարգերից հետո այն կքննարկվի կառավարության նիստում, ապա կներկայացվի խորհրդարանին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՎՔԵՐՈ՞Վ
Երեկ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել մեծ թվով անձինք՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Ժամերի տարբերությամբ պանթեոնում կարող էիր «բախվել» հին ու նոր Հայաստանների հին ու նոր պաշտոնյաներ, սակայն տարբեր իրավիճակներում։ ՀՀԿ-ականները քիչ էին։ ՀՀԿ-ականները որոշել էին պանթեոնում լինել ժամը 13-ին, սակայն, օրինակ, Մարգարիտ Եսայանը շատ ավելի շուտ եկավ, սակայն չխուսափեց, ամեն դեպքում, թիմակիցների հետ հանդիպումից, մյուսները եկան առանձին-առանձին, միասին եկան միայն անբաժան ընկերներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը, իսկ, ահա, Հերմինե Նաղդալյանը եկավ ամենավերջում, երբ բոլորը գնացել էին, եւ ձեւացրեց, թե զարմացել է, որ բոլորը գնացել են։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Նաղդալյանը դիտմամբ էր ուշ եկել՝ չցանկանալով հանդիպել թիմակիցներին։ Նկատենք, որ ՀՀԿ հիմնական թիմից բացակայում էին Վիգեն Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը։

 

 

 

ԳՆԴԱՊԵՏԸ` ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
ՀՀԿ խմբակցության ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքի հետ կապվող ընկերության շուրջ դատական քաշքշուկները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը դիմել է դատարան` ընդդեմ ԱԺ նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի: Բժշկական կենտրոնից հայցվորը պահանջում է 2 միլիոն 700 հազար դրամ: Այս գործով դատավոր է նշանակվել Գրիգոր Վարդանյանը: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ընկերությունը հայտնվում է տարբեր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: 2018 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սեւ ցուցակում: Սա արվել էր Երեւանի քաղաքապետարանի պահանջով:

 

 

 

ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին երկու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները ավելի մատչելի են: Փոխարենը 76.7 տոկոսով ավելացել է Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը. սա տոկոսային առումով միգուցե մեծ թվա, բայց բացարձակ թվով քիչ քանակի մասին է խոսքը: Նկատենք, որ Ռուսաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների քանակը եւս աճել է 20.5 տոկոսով: Ավելացել է նաեւ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը:




Լրահոս