ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք մշակել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ Սրանով Հանրապետությունում վերջապես միասնական չափորոշիչների և համաժամանակյա վարման կբերվեն հասցեները։ Ներկայացնելով համակարգի ներդրումից սպասվող արդյունքը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց որ այսպիսի համակարգը նաև կբացառի հասցեավորման գործում սուբյեկտիվ որոշումները (որոնց վկան եղել ենք նախկինում), շփոթ առաջացնող հասցեները՝ բազմաթիվ դրոփներով, ինչպես նաև մեկ միասնական տրամաբանությամբ կհամատեղի մեր բոլոր քաղաքների ու գյուղերի ներբնակավայրային տարածական տվյալները։
Այս համակարգը նաև հնարավորություն կտա, որ կադաստրի սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացուն չուղղորդեն՝ հասցե ստանալու, կամ հակառակը։ Այսինքն, քաղաքացին կարող է երկու գործառույթն էլ իրականացնել թե՛ համայնքում, թե՛ կադաստրի գրասենյակում։ Մինչ օրս հասցեավորումն արել են համայնքները, հասցեների ռեեստրը վարել է Կադաստրի կոմիտեն։ Համայնքները կշարունակեն հասցեավորման գործառույթը՝ հասցեները մուտքագրելով միասնական համակարգ, ինչն անմիջապես հասանելի կլինի ինտեգրված կադաստրային հարթակում։
Հասցեների միասնական ռեգիստր ստեղծելու պարտավորությունն ամրագրված է Հայաստանի կառավարության ծրագրում՝ որպես գործադիրի հռչակած տնտեսական հեղափոխության ու թվայնացման օրակարգի հիմնարար գործիքներից մեկը։ Սարհատ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ այն շոշափելի կերպով նպաստելու է տնտեսության զարգացմանը, քանի որ հնարավորություն է տալու փոխկապակցելու հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա գույքը, անշարժ գույքի ցանկացած գործարքի դեպքում սահմանափակումների շարքում նշելու կոմունալ վճարումների, ինչպես նաև գույքահարկի մասով պարտքերը։ Նաև փոխկապակցվելու է լայնորեն օգտագործվող քարտեզային առնցաց համակարգերին (օրինակ՝ Google Maps, Yendex Maps և այլն), ինչը կնպաստի տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը՝ զբոսաշրջություն, լոգիստիկա, տաքսի ծառայություն և այլն։
Առաջիկայում կձևավորվի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային խումբը, կիրականացվեն օրենսդրական փոփոխություններ, կգույքագրվեն համայնքներում առկա տվյալները, որոնք, ինչպես Պետրոսյանն ասաց՝ համայնքից-համայնք էականորեն տարբերվում են։ Իսկ 2020 թվականին երկու համայնքների համար պիլոտային ռեեստրի ստեղծումից հետո կսկսվի ողջ Հանրապետության հասցեների միասնական ռեեստրի ստեղծման աշխատանքը։ 2021 թվականից համակարգը կսկսի գործել ամբողջությամբ։
Կառավարությունը համաձայնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին՝ հետաձգել Ինտեգրված կադաստրի հայեցակարգի նախագծի քննարկումը, մինչև կուսումնասիրվի այդ հարթակում կուտակվելիք տվյալների պահպանության հարցը նաև ազգային անվտանգության տեսանկյունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ և կառավարության համաձայնությամբ, հարցն օրակարգ կբերվի 2 շաբաթից։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին