ՆԱԽԱՐԱՐԻ ԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԵՐԹՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատերազմ է հայտարարել առողջապահության համակարգի նախկին եւ ներկա պաշտոնյաներից շատերին: Միգուցե նախարարը որոշել է հեղափոխություն իրականացնել առողջապահական ոլորտում, բայց համակարգում նրա գործողությունները շատերը համարում են, ոչ ավել, ոչ պակաս, «գործ տալ»:

Եվ այսպես` երեկ հայտնի դարձավ, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վահան Պողոսյանը 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ձերբակալված փոխնախարարը երեկվա դրությամբ դեռ ցուցմունք չէր տվել եւ փաստաբան էր փնտրում, որպեսզի կարողանար պաշտպանել իր իրավունքները:
Իսկ հիմա ամենակարեւորի մասին` ինչպե՞ս է բացահայտվել այս գործը: Պարզվում է, որ այս գործի հիմքում կանգնած է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին եւ հայտնել, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ:
Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները անցնելը:
Այսպես` ՊՈԱԿ-ի տնօրենը, ով պաշտոնավարել է սկսած 2014 թվականից, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական եւ վարչատնտեսական լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, ՊՈԱԿ-ի փոխտնօրենի օժանդակությամբ, առողջապահական, սոցիալական, բնապահպանական ՀԿ-ին օգնելու համար իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին առերեւույթ պատճառվել է էական վնաս:
ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի անդամների մի մասին հրահանգել է գնումների բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերը անվերապահորեն ստորագրել` հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից, իսկ մյուս մասին` այդ փաստաթղթերն ընդհանրապես նրա ցուցումով չեն ներկայացվել:
Մասնավորապես բանավոր կարգով յուրաքանչյուր ամիս հրահանգել է ընկերության գլխավոր հաշվապահին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվների հաշվեկշիռներում առկա գումարներից տուբերկուլյոզի դեմ պայքարի տարածքային կաբինետի բուժքույրերին փոխանցել այդ ամիս վերջիններիս կողմից կատարած այցելությունների համար գումարը, որի արդյունքում 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում թվով 40 անձանց, առանց որեւէ իրավական հիմքի առկայության, փոխանցվել է ընդհանուր 3.341.600 ՀՀ դրամ գումար` Կազմակերպությանը պատճառելով գույքային վնաս:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը կալանավորվել էր, իսկ հաշվապահի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալու մասին:
Եվ ահա այս գործով կծիկը հասավ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին: Չի բացառվում, որ պաշտոնատար անձանց շղթան այսքանով չավարտվի, եւ ուրիշների անուններն էլ հնչեն:
Ինչեւէ: Այս իրավիճակում ինչն է առավել մտահոգիչ: Բանն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարը առաջին ամգամ չէ, որ, մեղմ ասած, գործ է տալիս առողջապահական համակարգի ներկա ու նախկին պաշտոնատար անձանց դեմ: Մասնավորապես օրերս գրեցինք, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձանց կալանավորման գործընթացին եւս իր լուման է ունեցել նախարար Թորոսյանը: Արդյո՞ք պաշտոնատար անձանց դեմ գրություն ուղարկելով եւ նրան կալանավորելով նախարարը կարող է համակարգը բուժել, կապրենք կտեսնենք, սակայն փաստ է մեկ բան, որ նախարարի գործողությունները համակարգում այդքան էլ միանշանակ չեն ընդունում եւ ասում են, թե գործ տալով որեւէ արդյունքի չի հասնի, եւ մի օր համակարգը կդատարկվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՀՔԾ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը դիմել է ՀՔԾ: Ինչպես հայտնի է` ՀՀ քննչական կոմիտեում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ: Բանն այն է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Դրա շրջանակներում տրամադրված 72 հազար ՀՀ դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լեւոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որ զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որի պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72 հազար ՀՀ դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրել են 52 հազար ՀՀ դրամին համարժեք գումար: 2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործ հարուցել, եւ այս գործը ուղարկվել էր ՀՔԾ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանն ասել է, թե գաղափար չունի` ինչի հիման վրա են իրեն մեղադրանք առաջադրել, եւ դիմել է ՀՔԾ, որպեսզի իրեն ներկայացնեն այն որոշումը, որի համար իրեն մեղադրանք են առաջադրել: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն ոստիկանապետի նախկին տեղակալին դեռեւս չի տրամադրել որոշումը:

 

 

ՊՆ-ԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Պաշտպանության նախարարության աշխատակիցները դիմում են դատարան իրենց հավելյալ աշխատաժամերի համար գումար ստանալու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նման դիմում ներկայացրել է Սահակ Նալթակյանը: Նա ՀՀ վարչական դատարանից պահանջում է ստիպել ՊՆ-ին կայացնել բարենպաստ վարչական ակտ հավելյալ աշխատաժամերի եւ բարձր հաճախության ճառագայթման տարածքներում կատարված ծառայության դիմաց իրեն 2 միլիոն 995 հազար 360 դրամ վճարելուն պարտավորեցնելու պայմանով: Ըստ ամենայնի, ՊՆ-ն աշխատանքից դուրս աշխատեցնում է իր աշխատակիցներին, սակայն գումար չի տրամադրում դրա դիմաց: Եւ այդ փաստն էլ «ստիպել է» քաղաքացուն դիմել դատարան:

 

 

ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է եւ տուժող ճանաչվել: ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` միջադեպը տեղի էր ունեցել Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ. «Ռեստարտի» անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հիշեցնենք, որ այս միջադեպին արձագանքել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԴԵՊՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից, Վրաստանով: Կլինիկական երեւույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին` ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա: Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն, եւ հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:

 

 

ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ
Կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները. տնտեսվարողներին տրամադրող վարկերի տոկոսները կկազմի 5%, կոոպերատիվներին` 3%, սահմանամերձ համայանքների բնակիչներին` 0%:




Լրահոս