ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը փոթորիկ առաջացրեց քաղաքական դաշտում: Թեեւ, եթե անկեղծ լինենք, երեկվա հայտարարության մեջ չկար որեւէ արտառոց միտք, որը նախկինում չէր հնչել: Հայտարարության մեջ ներկայացված մտքերը մի փոքր այլ ձեւակերպմամբ պարբերաբար կրկնել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հերթին, համանախագահ երկրների նախագահներն ու ԱԳ նախարարներն իրենց հերթին, նաեւ նախկինում էլ են ներկայացրել (ընդ որում, ամեն անգամ բարձրացնելով աղմուկ, կարծես այդ մասին խոսվեց առաջին անգամ): Անգամ ԼՂ խնդրի՝ բանակցային սեղանին գտնվող ընդհանուր սկզբունքներն էին նախկինում եւս հրապարակվել, այն էլ՝ մի քանի անգամ: Պատահական չէ, որ հայտարարության մեջ կոնկրետացված էր՝ խնդրի լուծումը «պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից»: Տեղի ունեցածի միակ նորույթն այն էր, որ համանախագահներն իրենց այդ հայտարարությունը (որոշակի մանրամասներով) Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում առաջին անգամ են անում, այն էլ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:
Հենց այս հայտարարությանը հետեւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստեփանակերտ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, միաժամանակ Արցախում անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է անցկացվելու:
Ու այս ողջ իրադարձությունների համատեքստում հատկանշական է Ղարաբաղի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ նրանք կարծես առաջին անգամ միջազգային փաստաթղթերին հղում անելուց հետո հստակ պնդում են բանակցային սեղան վերադառնալու իրավունքը. «Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»:

 

 

Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սեւ-մութ ամպեր կուտակվել: Ավելին, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկություններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ, հաշված են: Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որեւէ կերպ ներվեն իշխանությունների կողմից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ` կոնկրետ փաստերով: Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա, թե իր ունեցվածքը երբ, որտեղից եւ ինչ միջոցներով է ձեռք բերել, թեկուզ որ դրանք լինեն ուրիշի անունով: Նշենք, որ պաշտոնավարման սկզբում նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել էր, որ չունի ո՛չ գույք, ո՛չ էլ դրամական միջոցներ:

 

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործի նախաքննությունը վերսկսվեց լայն թափով: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել 2008թ. բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Այդ մասով գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, միաժամանակ, սակայն, Մարտի 1-ի 10 սպանությունները դեռ բացահայտված չեն, ու հայտնի չէ՝ ինչ փուլում է այդ դրվագով գործի քննությունը: Իսկ նախկին ընդդիմադիր գործիչների վերջին հրապարակային խոսքերից էլ տպավորություն է ստեղծվում, թե այլեւս կարեւոր չէ այս գործի ընթացքը, այլ կարեւորը նախկին պաշտոնյաներին մեղադրյալի աթոռին նստեցնելն էր: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից հայտնեցին, թե այդ դրվագով գործի նախաքննությունը շարունակվում է: «Ինչպե՞ս կարող է ՀՔԾ-ի համար կարեւոր չլինի սպանությունների բացահայտումը»,-փոխանցեցին ՀՔԾ-ից:

 

 

 

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. տարիներ շարունակ իրենց գյուղերին հարակից տարածքներում շահագործվել են գիպսի, ավազի եւ բազալտի հանքեր, որոնք իսկական վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար: Թեթեւ քամու արդյունքում մարդկանց տներն ու բակերը լցվում են փոշով: Ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթն Արմավիրի մարզից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է այդ հանքեր եւ զարհուրելի պատկերի ականատեսը եղել: Ավազահանքերի շահագործումից հետո հողատարածքները անապատացած են, մինչդեռ, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանքավայրերի շահագործումից հետո շահագործողը պետք է կատարի բուսական շերտի վերականգնում: Նշենք, որ այդ հանքերը շահագործման թույլտվություն ստացել են 2012թ., երբ բնապահպանության նախարարը (այժմ մեծ չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով մեղադրյալ) հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն էր:

 

 

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը կարելի է աննախադեպ համարել. ՀՀ-ում վերջին քսան տարվա ընթացքում անցկացված համապետական ընտրություններից հետո սա առաջին դեպքն էր, երբ դիտորդական առաքելությունը չի խոսում ընտրախախտումների մասին: Մինչդեռ նախկինում, թեեւ դիտորդներն ընտրությունները գնահատում էին «մեկ քայլ առաջ», բայց եւ հաջորդ իսկ նախադասության մեջ մտահոգություններ էին արտահայտում ու մատնանշում ընտրախախտումների մասին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում միաժամանակ նաեւ հանձնարարականներ է տվել: Բայց, եթե անկեղծ, այդ հանձնարարականները հիմնականում ձեւական բնույթ են կրում: Առաջնահերթ հանձնարարականների մեջ առաջինն, օրինակ, նշված է. «ընտրական գործընթացի արդարության նկատմամբ վստահությունը պահպանելուն ուղղված ջանքերի» մասին՝ «ընտրակեղծիքների բոլոր ձեւերն արմատախիլ անելու եւ մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները խթանելու միջոցով»: Այսինքն՝ մի հանգամանք, որ կախված է բացառապես իշխանությունների քաղաքական կամքից: ՈՒ Փաշինյանի կառավարությունը բացարձակ ազատ եւ անկախ ընտրություններ անցկացրեց ոչ թե այն պատճառով, որ այդպես էր պահանջում միջազգային հանրությունը, այլ որովհետեւ քաղաքական որոշում էր կայացրել վերջ դնելու նախկին արատավոր բարքերին, բացառելու բոլոր տեսակի խախտումները:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ որոշ հանձնարարականներ, սակայն, պարզապես անհասկանալի են: Օրինակ՝ նշված է իրավական դաշտի վերանայում՝ ապահովելու ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունը, «միեւնույն ժամանակ ընտրական շահառուների համար պատշաճ հասանելիություն պահպանելով ընտրացուցակներին»: Մի դրույթ, որ, հիշում եք, նախկին իշխանությունները համաձայնեցին ԸՕ-ում ամրագրել ընդդիմության ճնշման ներքո, որպես ընտրակեղծիքները բացառող երեւույթ: Եւ այս դրույթի առկայությունը լրացուցիչ երաշխիք է ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահության համար: Ուստի որոշ դեպքերում կարելի է գնալ նման զոհաբերությունների, կամ էլ պետք է մտածել ներդնելու մեխանիզմներ, որոնք երկուստեք բավարար կլինեն: Անհասկանալի է նաեւ երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալու մասին հանձնարարականը: Ամեն դեպքում, այս հարցը շատ է քննարկվել, ու խնդիրը պետք է դիտարկել` ե՛ւ բարոյական, ե՛ւ առավել եւս ազգային անվտանգության տեսանկյունից ելնելով:
Իհարկե, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում կան նաեւ կարեւոր հանձնարարականներ, ինչպես, օրինակ, տեղամասերի շենքային պայմանները բարելավելու, տեղամասային կենտրոններում կուտակումներից խուսափելու համար լրացուցիչ քվեախցիկներ տեղադրելու պահանջները:




Լրահոս