ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Նշենք, որ խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի 856-Ն որոշմամբ` սահմանված է, որ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա: Ու, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը չի վճարել ՀՀ հիմնադիր նախագահի գրասենյակի աշխատակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն պատճառները խորհուրդ տվեց ճշտել կառավարությունից: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ խնդիրը զուտ տեխնիկական է: «Վարչապետի գրասենյակից պետք է համապատասխան գրություն գա աշխատակազմ, որը չի եկել: Դա ընթացակարգային խնդիր է»:
Նկատենք, որ մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների աշխատակիցներին կառավարությունն այս ընթացքում փոխանցել է աշխատավարձերը, նրանք որեւէ խնդիր չեն ունեցել: Ի դեպ, ստեղծված իրավիճակն աննախադեպ է. անգամ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, չնայած Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հակասություններին, նրա գրասենյակը ֆինանսավորվել է` օրենքով հաստատված կարգով:

 

 

 

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու դրվագով մաս է առանձնացրել ու նախաքննության ավարտ հայտարարել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների` մարտի մեկի գործով հարցաքննվել են ներկայիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Օնիկ Կարապետյանը: Այս գործի փաստաթղթերում շրջանառվում է նաեւ ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի անունը: 2008թ. ՊՆ միջազգային ռազմագործակցության պաշտպանական ծրագրերի վարչության պետ, այժմ նախարար Տոնոյանը մասնակից է եղել փետրվարի 23-ին ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի ընդունման վերաբերյալ խորհրդակցությանը: Հիշեցնենք, որ Տոնոյանը օրերս խոսել էր մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածության մասին` ասելով, որ բանակը իսկապես ներգրավված է եղել ե՛ւ բուն մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, ե՛ւ դրան նախորդող օրերին:

 

 

 

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Ավելին, պարզվում է՝ այս հիմնադրամի` Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցրել այն տարածքը, որը նախկինում անվարձահատույց տվել էր նրանց: «Քանի որ վարչապետը ՀՀԿ-ական չէ, իրենք մեզ տարածքից հանեցին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային կենտրոնը համակարգող Գոհար Պետրոսյանը: ՀՀԿ այդ քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ երկար ժամանակ այս հիմնադրամը եղել է նախկին իշխող կուսակցության ոչ պաշտոնական ստորաբաժանում: Ի դեպ, այս պահին չի գործում Ծաղկաձորում գտնվող առողջարանական համալիրը, որտեղ անցկացվում էին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքները: Ի դեպ, Ծաղկաձորում գտնվող այդ համալիրը հիմնադրամի հաշվառման տակ է գտնվում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները ՍԴ-ում վիճարկել են «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասը չհատուցելու դեպքում համաներում կիրառելու թույլտվությանը. նախկինում տուժողի վնասը չփոխհատուցելու դեպքում համաներում կիրառելն արգելված է եղել: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն փետրվարի 26-ին մերժել է դատավորների դիմումը` այդ օրենքը ճանաչելով սահմանադրական:

 

 

 

ԳԱԶԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Մինչ ՀՀ իշխանությունները փորձում են գազի սակագինը նվազեցնելու ուղղությամբ բանակցություններ վարել ռուսական կողմի հետ, այս ճանապարհին նոր խոչընդոտներ են ի հայտ եկել: Երեկ հայտնի դարձավ, որ բարձրացել է ռուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը: Այդ լուրը պաշտոնապես հաստատել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան: ««Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, եւ շուտով Վրաստանը կձեւակերպի համաձայնագիրը ռուսական պետական գազային ընկերության հետ: Վրաստանը բարելավել է դիրքերը ռուսական ընկերության նկատմամբ: Տրանզիտի գինը, որը Ռուսաստանը մեզ վճարում է, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը՝ նվազեցվել: Դա այն դեպքում, երբ որեւէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այլընտրանքով»,- ասել է Վրաստանի նախարարը` հավելելով, թե ինքը չի կարող հստակ ասել՝ որքան է բարձրացել տարանցման գինը. այն համարվում է կոմերցիոն գաղտնիք:
Հայկական կողմը դեռ չի մեկնաբանել կատարվածը: Ըստ այդմ` դեռ միանշանակ պարզ չէ՝ Վրաստանին տարանցման համար վճարվող սակագնի բարձրացումն ինչպես կազդի Հայաստանին մատակարարվող գազի սակագնի վրա: Առայժմ այս կապակցությամբ կարելի է որոշակի գուշակություններ անել կամ որոշակի վերլուծություններ, բայց ոչ ավելին:
Միաժամանակ, հիշում եք, այս տարվա հունվարի 1-ից ՌԴ-ն ՀՀ սահմանին բարձրացրել է գազի սակագինը, բայց հայաստանյան սպառողի համար այն շարունակում է մնալ նույնը: ՀՀ իշխանությունները փորձում են բանակցություններ վարել գինը նվազեցնելու կամ գոնե հայաստանյան սպառողի համար այն անփոփոխ պահելու ուղղությամբ: Բայց հիմա, երբ ռուսական գազի տարանցման գումարը բարձրացել է, նշանակում է լրացուցիչ խնդիրներ գազի սակագինը քննարկելիս: Ի վերջո, տարանցման համար պահանջվող վճարը մտնում է գազի սակագնի մեջ:
Ու այս համատեքստում, թերեւս, կրկին օրակարգային է դառնում էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման խնդիրը: Ի վերջո, ՌԴ-ից գազային կախվածությունը, այն էլ՝ նախկին իշխանություններից տխուր ժառանգություն մնացած հայտնի համաձայնագրերով հանդերձ (որ ընդունվել էին 2013թ.), իսկապես լուրջ խնդիր է եւ լուրջ խնդիր է լինելու դեռ շատ երկար ժամանակ:
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի ժամանակ խոսվել էր իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հեռանկարների մասին: Հիմա մնում է, մի կողմից, հայ-իրանական գազային համագործակցությունը համապատասխան մակարդակի հասցնել, մյուս կողմից` հաջողության հասնել ՌԴ-ի հետ գազի սակագնի շուրջ բանակցություններում:




Լրահոս