Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա, թերեւս, աննախադեպ իրադարձություն կարելի է համարել, քանի որ անկախությունից ի վեր չէր եղել դեպք, երբ հայկական երկու պետությունները ԱԱԽ համատեղ նիստ անցկացնեն: Պատճառն, իհարկե, միանգամայն հասկանալի է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, որ հիշեցնում է փոթորիկ մեկ բաժակ ջրում, այս օրերին մեծ իրարանցում է առաջացրել՝ առիթ դառնալով տարատեսակ մեկնաբանությունների: Ու սա` առաջիկայում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ:
Եւ, ահա, ԱԱԽ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից բավականին ուշագրավ էր Մադրիդյան սկզբունքների եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք կետերի հստակեցման անհրաժեշտությունը, որպեսզի դրանք չտան կողմերի մոտ տարընթերցումների տեղիք:
«Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարեւորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան` մենք կարիք ունենք կարեւոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարեւոր է, որովհետեւ այն, թե ինչպես է այդ սկզբունքները մեկնաբանում Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ, հետեւաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ, հետեւաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության», – նշել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ Հայաստանը մերժում է Մադրիդյան սկզբունքներն այն տեսքով, որով դրանք ներկայումս գոյություն ունեն եւ մատուցվել են կողմերին: Սա կարելի է դիտարկել տարբեր կերպ. մի կողմից` այն առաջարկ է համանախագահներին, որպեսզի նրանք կողմերին ներկայացնեն նոր եւ ավելի հստակ սկզբունքներ, որոնց շուրջ կառուցվեն բանակցությունները: Եվ ստացվում է՝ Հայաստանի եւ Արցախի ԱԽ-ների համատեղ նիստում Հայաստանի վարչապետի անունից հնչում է հայկական կողմի առաջարկը՝ քննարկել բանակցության նոր բովանդակության հարց, մշակել նոր բովանդակություն:
Համատեղ նիստի երկու կարեւորագույն արձանագրումներից մեկն առնչվում էր անվտանգությանը. Հայաստանը Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է, եղել է, կա եւ լինելու է այդպիսին. շարունակվելու է նաեւ խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում:
Այսպիսով, ստացվում է, որ համանախագահների հայտնի հայտարարությանը հաջորդում է Երեւանի եւ Ստեփանակերտի արձագանքը, որը բավականին կառուցողական է, ինչու չէ, նաեւ կոշտ:
«Հաջորդ կարեւորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որեւէ մեկի առանձին խնդիրը, եւ դա համատեղ աշխատանք է: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլեւ Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետեւ համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»,- հայտարարել է Փաշինյանը:
Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարեւորագույն եւ առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա եւ վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրեւ առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, եւ այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաեւ անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում: Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, եւ ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների եւ քննարկումների մասին», – ասել է Արցախի նախագահը:
Քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը եւ վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՐՏԱՃԱՆԱՉՆԵՐԸ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն արդեն սկսել են ներկայացնել ամսական հաշվետվություն բացակաների մասին: Ինչպես հայտնի է, մշտական հանձնաժողովների նիստերից բացակայելու դեպքում եւս աշխատավարձից պահումներ են արվում, սակայն այս խորհրդարանի պատգամավորները դեռ պարտաճանաչ ներկայանում են նիստերին, եւ անհարգելի բացականեր գրեթե չեն լինում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ներկայացրել է փետրվար ամսվա տվյալները եւ արձանագրել` այդ ամսին բացականեր չեն եղել նիստերից: Սակայն ընդգծենք, որ հանձնաժողովը փետրվարին ընդամենը մեկ նիստ էր գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու եւ աշխատակարգը հաստատելու համար:
ԱՆՈՐՈՇ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ճակատագիրը անորոշ է։ Բանն այն է՝ դեռ հայտնի չէ, թե հիմնադրամն իր գործունեությունն ինչ տեսքով կշարունակի։ Այս ընթացքում կառավարական կուլիսներում քննարկվում է հիմնադրամը կա՛մ լուծարելու, կա՛մ էլ այլ կառույցին միացնելու եւ վարչություն ստեղծելու մասին։ Այս դեպքում մի շարք աշխատողներ գործազուրկ կդառնան։ Հիմնադրամն ավելի քան մեկ ամիս է, ինչ նոր տնօրեն ունի։ Խոսքը Դավիթ Փափազյանի մասին է։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որդեգրել է օպտիմալացման քաղաքականություն՝ հերթով փակելով այն հիմնադրամներն ու ՊՈԱԿ-ները, որոնց գործունեության արդյունավետությունը կասկածի տակ է:
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործով մարտի 7-ին ձերբակալվել էր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը, սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 միլիոն դրամի դիմաց ազատ էր արձակել Պողոսյանին:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը` մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Ի դեպ, գրել էինք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել էր ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Հայրապետյանը: Վերջինս եւս դիմել էր դատարան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել է նրա միջնորդությունը եւ կալանքը եւս երկու ամսով երկարաձգել է:
ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։ Այդ մասին լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը. «Նախարարը որպես վկա հարցաքննվել է»:
ԴՐԱԿԱՆ
Ադրբեջանի նախագահը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման ձեւաչափի վերաբերյալ: «Երկրի ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այդ թվում` նրանց դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ, Ադրբեջանը դրական է գնահատում»,- ասվում է Ալիեւի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանն ընդառաջ տարածած հայտարարությունում եռանախագահները կողմերին հորդորել են «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն, կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Երեկ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ներկայացրել է, որ օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կտրվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018թ. դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչեւ մայիսի մեկը: «Նոր գնված մեքենաներին դա չի վերաբերում»,- շեշտել է նախարարը: «Ամեն դեպքում, կա խնդիր, մեքենաների կուտակում, եւ ակնկալում եմ, որ այս որոշումից հետո մենք նման իրավիճակ չենք ունենա: Առաջարկում եմ քվեարկել եւ արագ լուծել այս խնդիրը, որի պատճառով Ազգային ժողովի դիմաց մարդիկ բողոքի ակցիաներ են անում, եւ իրենց էլ այդ հոգսից ազատենք, մեզ էլ»,- ասել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, եւ հարցն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կդրվի քվեարկության:
ՍԿՍՈՒՄ Է ՉՎԵՐԹՆԵՐԸ
Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը սկսում է Կիեւից չվերթները Երեւան, Վառնա եւ Բուրգաս: Չվերթները կիրականացվեն Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանից: Կիեւ-Երեւան ուղղությամբ չվերթները կսկսվեն 2019թ. մայիսի 17-ից, կիրականացվեն շաբաթական երկու անգամ` երկուշաբթի եւ ուրբաթ օրերին: