«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել էր գրելու, որ 2018թ. Հայաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքի դրույթներից մեկի սահմանադրականությունը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները վիճարկել էին ՀՀ ՍԴ-ում: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն փետրվարի 26-ին մերժել է դատավորի հայցը՝ այդ օրենքը ճանաչելով սահմանադրական:
Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` համաներման օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը բարձրացնելով: Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասի չհատուցման խնդրին: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները, ուսումնասիրելով իրավիճակը, նկատել են, որ 2009 թվականի եւ 2013 թվականի համաներման կիրառման մեջ նշված է եղել, որ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք պետությանը կամ անձին հասցրած վնասը չեն փոխհատուցել: ՄԻնչդեռ վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել: Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ տուժողներին հնարավորություն է տրվել քաղհայցով դիմել դատարան եւ մեղադրյալներից պահանջել իրենց վնասի փոխհատուցումը:
Եվ, ահա, Սահմանադրական դատարանը գտել է, որ համաներումը չի կարող իրականացվել` ի հաշիվ այլոց իրավունքների: Այս համատեքստում եւս պետության սահմանադրական պարտականությունն է հիմնական իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար սահմանել անհրաժեշտ օրենսդրական, կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:
Անդրադառնալով հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցման ինստիտուտի սահմանադրաիրավական հիմքերին` Սահմանադրական դատարանը նշում է, որ այն, նախեւառաջ, անմիջականորեն առնչվում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող, տուժողի` հանցագործությամբ պատճառված վնասի դատական կարգով հատուցման իրավունքին: Տուժողին պատճառված վնասի հատուցման հետ կապված օրենքի դրույթների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը տարանջատել եւ սահմանել է համաներման կիրառման առանձին շրջանակներ: Օրենքով սահմանվում է, որ համաներման կիրառման դեպքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված, տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (4-րդ հոդվածի 2-րդ մաս): Ինչեւէ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, անկախ այն հանգամանքից` տուժողը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իր իրավունքը քրեական դատավարության, թե քաղաքացիական դատավարության շրջանակներում է իրացնում, կիրառվում են քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը:
Սահմանադրական դատարանը գտնում է` օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից դուրս են դատավարական ընթացակարգերի հետ կապված մանրամասներ սահմանելու հարցերը:
Ու այսքանից հետո ՍԴ-ն որոշել է՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը եւ դրա հետ փոխկապակցված 2-րդ հոդվածի 10-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԻՆԱԿՑԻ ԿՐԱԿՈՑԻՑ
Երեկ հայտնի դարձավ, որ վաղ առավոտյան Պաշտպանական բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: ArmLur.am-ին հայտնի դարձան որոշ հանգամանքներ: Մասնավորապես, պարզվել է, որ զինվորի ուղղությամբ կրակոց է արձակել իր զինակից ընկերը: Այս պահին իրավապահները փորձում են պարզել` զինակից ընկերը միտումնավո՞ր է կրակել, թե՞ պատահական: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մահացու հրազենային վիրավորում ստացած զինվորը գյումրեցի է: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Գյումրու Զինկոմ Գագիկ Խաչատրյանը: 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը բանակ էր զորակոչվել 1 մեկ տարի առաջ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրել է, որ այս դեպքով հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է սպանված Կ. Կարապետյանի համածառայակիցը:
ԵՐԵՔ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԱՎՈՐԸ
Մինչ իրավապահ համակարգը սպասում է Չեխիայի պատասխանին, թե արդյոք նրանք Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, կհանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին, Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահների գործով դատական նիստերը շարունակվում են:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ին քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով: Եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները:
Եվ, ահա, մեղադրյալի աթոռին է հայտնվել Նարեկ Սարգսյանի թիկնապահ Սամվել Սոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բացահայտ եղանակով կատարել է անձի առեւանգում:
Մյուս թիկնապահին՝ Հարություն Աբրահամյանին եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելու միջոցով, բացահայտ եղանակով կատարել է անձի առեւանգում:
Երրորդ թիկնապահը Հովհաննես Դավթյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, բացահայտ եղանակով կատարել է անձի առեւանգում:
Երեքն էլ հիմա կալանավորված են, իսկ, ահա, նրանց գործը քննում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻ ՄԱՍԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ Է
Երեկ լրագրողների հետ զրույցում գործարար Սիլվա Համբարձումյանը նշել է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին եւ դրա մասին արդեն 3 տարի է՝ բարձրաձայնում է: Համբարձումյանը նշել է, որ 8 մլն դոլարն արդեն հստակեցված է, քանի որ դա փոխանցում էր, իսկ մնացած 6 մլն-ն, որ տրվել է կանխիկ Սուրեն Ավագյանի միջոցով, դեռեւս ոչ, բայց վերջինս էլ, ինչպես եւ Արամ Հարությունյանը, գտնվում է հետախուզման մեջ: «Սուրեն Ավագյանն Արամ Հարությունյանի համակուրսեցին էր եւ նրա նազիր-վեզիրն էր»,- ասել է նա:
ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան: «Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը եւ ՀՔԾ քննիչ Մուշեղյանը: Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա եւ ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված է նախկին նախագահի պաշտպանական խմբի հաղորդագրությունում: Ռ. Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար, մեկ ամիս առաջ ՀՔԾ-ն ավելացրել է նաեւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստուգվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահման պայմանները: Ստուգման արդյունքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: Պարզվել է, որ, չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված, ՔԿՀ-ներում կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված արգելքներին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շատ խցերում պահվող անձանց քնելատեղերը, առանց համապատասխան թույլտվության, եղել են վարագուրապատված, ինչը ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է խցում առկա իրավիճակը, պահվող անձանց տեղաշարժն ամբողջությամբ հսկելու, դիտարկելու հնարավորությունից: Արձանագրվել են խնդիրներ` նաեւ կապված ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաեւ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության մակերեսի մինիմալ չափանիշների պահպանման հետ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Ժնեւում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների եւ փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաեւ անհրաժեշտ հատուկ խնամք եւ բուժում ստանալու վերաբերյալ: Բարձրացվել է ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային եղանակով հաղորդակցությունն ապահովելու վերաբերյալ ծնողների եւ փաստաբանի խնդրանքը, քանի որ Կարեն Ղազարյանի հետ հաղորդակցությունը ներկայումս իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս ծնողներին անմիջականորեն շփվելու իրենց որդու հետ: