Հետհեղափոխական Հայաստանի կենսաապահովման կարեւոր ոլորտներից մեկը՝ տնտեսական զարգացումն ու ներդրումները եւս, ինչպես ֆինանսները, պետական եկամուտները, պաշտպանությունն ու այլ բնագավառներ, վստահվել են նախկին կառավարության ներկայացուցիչներից մեկին՝ Տիգրան Խաչատրյանին:
Ներդրում եւ տնտեսական զարգացում բառն ու կապակցությունը եղել են նախկին կառավարությունների գործունեության «իդեա ֆիքսերից» մեկը, սակայն հետհեղափոխական ՀՀ-ում այս երկու հասկացությունները առանձնակի սրությամբ են դրված՝ դրանից բխող հետեւանքներով: Վերոհիշյալ նախարարությունը հեղափոխությունից հետո հանգամանքների բերումով մոտ վեց ամսում երկու նախարար փոխեց. Խաչատրյանից առաջ այս գերատեսչության ղեկավարը մեկ այլ հին պաշտոնյա էր՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, սակայն վերջինիս նախարարական կարիերայի հերթական շրջափուլն անսպասելի ընդհատվեց, քանի որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն «հոկտեմբերյան կրկնահեղափոխությունից» հետո ետ կանչեցին իրենց քվոտայով նշանակված նախարարներին: Երբ Փաշինյանը անցած հոկտեմբերին ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար նշանակեց Խաչատրյանին, Արծվիկ Մինասյանը իր հաջորդին «առողջություն եւ պաշտոնավարման երկար ժամկետ» մաղթեց։ Իսկ, ահա, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած «տեխնոկրատների կառավարությունում» տնտեսական զարգացման ու ներդրումների կուրացիան վստահվել էր ֆիննախի հնաբնակներից մեկին՝ Սուրեն Կարայանին, որը, սակայն, չշարունակեց աշխատանքը Փաշինյանի թիմում: Ներկայիս նախարար Տ. Խաչատրյանը Կարապետյանի օրոք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալն էր, ապա մոտ երեք ամիս՝ 2018-ի մարտից մայիս, նախարարի առաջին տեղակալը: Ի դեպ, մամուլում գրվեց, թե Փաշինյանի կաբինետում պաշտոն ստանձնելուց հետո Խաչատրյանը «ճոխ-ճոխ խոստումներ» էր տվել իր վաղեմի ընկերոջը՝ Կարայանին, որ կբարեխոսի նրա համար եւ նրան կրկին կվերադարձնի նախարարություն՝ ՏԿԶՆ առաջին տեղակալի կարգավիճակում: «Ինչ-որ բան, ըստ երեւույթին, այնպես չի գնացել, եւ նախարարը վաղեմի ընկերոջը մուրազով է թողել..»,-գրել էր կայքերից մեկը:
Ստվերային գործչից՝ հեռուստաաստղ
Տիգրան Խաչատրյանը 48 տարեկան է, երեւանցի է, երկու որդի ու մեկ դուստր ունի: Նա ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, ինչպես նաեւ Վիեննայի միացյալ ինստիտուտը /Կիրառական շուկայական տնտեսագիտություն/: Խաչատրյանն, ի դեպ, մինչեւ հեղափոխությունը հատուկենտ դեպքերում է հայտնվել հանրային միջոցառումներում եւ, մասնավորապես, լրագրողների թիրախում, այսինքն՝ եղել է բառի բուն իմաստով ստվերային գործիչ, որին երբեմն վերապահվում էր տնտեսական հուսադրող ցուցանիշների մասին ասուլիսներ տալը: Իսկ այժմ, որպես տնտեսական հեղափոխության կարեւոր դերակատար եւ ներդրումների միջավայրի բարելավման երաշխավոր, իր կարգավիճակով պայմանավորված, հաճախ է հայտնվում լրագրողական հարցերի տարափի տակ եւ, նկատենք, կարողանում է համբերատար ու զուսպ տոնով պատասխաններ տալ: Նա ունի դրական համբավ ոչ միայն իբրեւ մասնագետ, ինտելեկտուալ, այլեւ բնութագրվում է իբրեւ մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ՝ «աշխատասեր, մարդամոտ, անընդհատ կատարելագործվող…»: Կառավարությունում, ի դեպ, պաշտոնյաների ռեյտինգը գնահատելու մի ոչ ֆորմալ սանդղակ էլ կա՝ օֆշորային հաշիվներ ունենալն ու կոռուպցիոն սխեմաներում լինելը: Ասում են, թե այս առումով էլ Խաչատրյանի մոտ ամեն ինչ նորմալ է. նա դեռեւս հեռու է մնում նման «գայթակղություններից»:
(շարունակելի)
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ՄՆԱՑ ԲՆԱԿՉԻ ՈՒՍԵՐԻՆ
Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի 60 շենքի 494 բնակարաններ դեռեւս սեփականաշնորհված չեն: Բնակարանները Քաղաքաշինության պետական կոմիտեից փոխանցվել են Գյումրի համայնքին: Դրանք այն բնակարաններն են, որոնք շահագործման էին հանձնվել 2010, 2012 թվականներին:
Սեփականաշնորհման գործընթացը մոտ երկու տարի չէր իրականացվում՝ զանազան խնդիրներով պայմանավորված: Հիմնական խնդիրները կապված էին փաստաթղթերի հետ։ Սեփականաշնորհելու իրավունք ունեին միայն նրանք, որոնք ունեին նաեւ ժամանակավոր կացարան-տնակի՝ «դոմիկի» քանդման ակտ: Մինչեւ 2016 թվականը սեփականաշնորհումը կատարվում էր կառավարության ֆինանսավորմամբ: Սակայն այդ ընտանիքները չհասցրեցին սեփականաշնորհումը կատարել կառավարության հաշվին ու հայտնվեցին օդում: Իսկ սեփականաշնորհումը բավականին մեծ գումարների հետ է կապված, ինչի հնարավորությունը տնակներից բնակարաններ տեղափոխված ընտանիքները չունեին: Սեփականաշնորհումից հրաժարվելու պատճառները շատ են: Որոշ ընտանիքներ պարզապես տեղեկացված չեն եղել, բայց մեծամասնությունը չի ցանկացել տնակները քանդել: Պատճառն այն է, որ տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, նոր բնակարաններ էլ տեղափոխվել են ոչ ամբողջ կազմով, իսկ սեփականաշնորհելու իրավունք ունեն միայն այն քաղաքացիները, որոնք ձեռքներին ունեին տնակների քանդման ակտերը:
494 ընտանիքի մեջ է մտնում գյումրեցի Արեգնազան Հալաջյանի ընտանիքը: Հալաջյանները բնակարան ստացել են 2012 թվականին, բայց սեփականաշնորհել չեն հասցրել: Պատճառն այն է, որ տնակի քանդման ակտ չունի: Ընտանիքին պատկանող տնակը կանաչ գոտում չէ, նաեւ մասնակի քարապատ է: Տիկին Արեգնազանը տնակը չի կարող քանդել, քանի որ տնակում դուստրն է ապրում ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ: Նոր բնակարան դուստրը տեղափոխվել չի կարող, քանի որ երկու սենյականոցում 5 անձ է բնակվում. «Ես երբեք չեմ համաձայնի սեփականաշնորհել իմ նոր տունը, քանի դեռ աղջկաս տան հարցը չի լուծվել։ Մեր տնակը քարապատ է, ես դիմում եմ գրել քաղաքապետարան, որ այդ տնակը սեփականաշնորհեմ ու տամ աղջկաս։ Ես էս պետությունից տուն չեմ ուզե, թող տարածքը տան, ես իմ ձեռովս կառուցեմ իմ երեխայիս տունը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մուշ 2-2 թաղամասի բնակիչը։
Այժմ, կառավարության որոշմամբ, թույլատրվում է տնակներից միայն մեկը քանդելու պայմանով սեփականաշնորհում կատարել: Իրավունք չեն ունենա այն ընտանիքները, որոնք բազմանդամ չեն ու չեն հրաժարվում տնակը քանդել: Բայց գրեթե բոլոր ընտանիքներն էլ մեկ տնակ ունեն, որտեղ ընտանիքի մի մասն արդեն 30 տարի ապրում է։ Ստացվում է` Արեգնազանը սեփականաշնորհել չի կարող. «Ես նկարեցի տնակը, տարա քաղաքապետարան, ու արդեն մի քանի ամիս պատասխան չկա։ Ի՞նչ անեմ, ստացվում է` ե՛ւ ես, ե՛ւ աղջկաս ընտանիքը օդի մեջ ենք»,-ավելացրեց Գյումրու բնակիչը։
494 բնակարաններն այժմ Գյումրի համայնքի հաշվեկշռում են։ Ավագանու որոշմամբ` բնակարանները որպես նվիրատվություն հանձնվեցին բնակիչներին, բայց սեփականաշնորհումը մնաց բնակիչների ուսերին։ Այդ հարցն է, որ զայրացրել է ընտանիքներին. «Մենք գումար չունենք։ 100 000-ից ավելի փող է պետք, որտեղի՞ց տանք։ Թող էդ մասին քաղաքապետը մտածե, ու ինչ օր մնացյալն են առանց մե կոպեկմ ծախսելու սեփականաշնորհել, ըդպես էլ մենք, թե չէ 1000 տարի էլ անցնի, թող սպես օդի մեջ մնա»,-ասաց Գյումրու բնակիչը։
Եթե բնակիչները սեփականաշնորհումը չիրականացնեն, բնակարանները օդում կհայտնվեն, հետագայում բնակիչները ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ
ԺԱՅՌԵՐԸ` ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վերեւ` Այրում քաղաքի տարածքում, մեծ ժայռեր են: Այրումի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ցույց տվեց, որ այդ ժայռերի մոտ խոր ճեղքեր են գոյացել: Ժայռերը ցանկացած պահի կարող են պոկվել, գլորվել ներքեւ, ուր միջպետական ավտոճանապարհն է: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ ինքն առաջիկայում դիմելու է Արտակարգ իրավիճակների նախարարություն, որպեսզի փրկարարները, մի որոշ ժամանակ փակելով միջպետական ավտոճանապարհը, ժայռերի պայթեցում կատարեն, եւ առկա վտանգը վերանա:
ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑ
Լիբանանցի գործարար, «Գարդենիա Գրեյն Դ’օր» ընկերության սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆեյսալը, որը քրիստոնյա է եւ ամուսնացած է հայուհու հետ, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներից գնել է 70 հեկտար հողատարածք, որպեսզի այնտեղ ընկուզենու մի տեսակի եւ լիբանանյան շագանակենու այգիներ հիմնի: Նա այգիներ հիմնելու նպատակով ցանկացել է նաեւ Բագրատաշենի համայնքային հողերից երկարաժամկետ վարձակալությամբ վերցնել 70 հեկտար հողեր: Մարտի 4-ին կայացած Այրում համայնքի (որը ներառում է նաեւ Բագրատաշեն գյուղը) ավագանու նիստին ավագանու 12 անդամից ներկա 9 հոգին միաձայն դեմ են քվեարկել հողը վարձակալությամբ այդ ընկերությանը հատկացնելուն: Նշված ընկերության ներկայացուցիչ, «Աջակցություն Նոյեմբերյանին» հկ նախագահ Հասմիկ Ազիբեկյանի խոսքերով` այդ ընկերությունը գրանցված է ՀՀ-ում, Բագրատաշենում ոռոգման ջրամբար կառուցելու համար բավական աշխատանքներ եւ ծախսեր է կատարել: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, սակայն, հայտնեց, որ ջրամբարի տարածք փորելու աշխատանքները կատարվել են առանց համապատասխան թույլտվությունների: Նրա խոսքերով` Բագրատաշենի 7 բնակիչներ դիմել են Այրումի համայնքապետարան, որպեսզի Բագրատաշենի համայնքային հողերը երկարաժամկետ վարձակալությամբ իրենց տրվեն: Սպասվում է, որ Բագրատաշենում վարձակալությամբ հող խնդրողների թիվը կավելանա: Նրանց մեջ կա անձ, որ վարձակալությամբ Բագրատաշենում 10 հեկտար հող վերցնելու դիմում է տվել Այրումի համայնքապետարան, սակայն ինքը Բագրատաշենում իր հողի վարձավճարը չի մուծել: Ա. Պարանյանը հայտնեց, որ հողերը վարձակալությամբ կտրվեն օրենքով սահմանված կարգով՝ մրցույթով: Նա ասաց, որ ինքը կողմ է, որ համայնքում ներդրումներ կատարվեն, սակայն այդ գործընթացը պետք է լինի օրինական հիմունքներով: Բագրատաշենում հողերի վարձակալության հարցը կապվում է Բագրատաշենի վարչական ղեկավար նշանակելու, վարչական ղեկավարի մի քանի թեկնածուի եւ նրանց սատարող խմբերի հետ: Ա. Պարանյանը հայտնեց, որ Բագրատաշենի նախկին վարչական ղեկավար Արկադի Մակյանը նշանակվելու է իր խորհրդական, ինքը առանց կողմնակի որեւէ միջամտության առաջիկայում կնշանակի Բագրատաշենի վարչական նոր ղեկավար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ