Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է, հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամի մարզային կենտրոնները սպասողական վիճակում են. այս պահի դրությամբ նրանց ճակատագրերը անհայտ են:
ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի համակարգող Արծրուն Դվոյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իրենք, ինչպես մյուս մարզային կենտրոնները, սպասողական վիճակում են. «Դեռ չգիտենք` ինչ կլինի»: Նույն իրավիճակն է նաեւ Արարատի մարզային կենտրոնում: Համակարգող Անդրանիկ Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ Հիմնադրամի մարզային կենտրոնի աշխատողները սպասում են հոգաբարձուների խորհրդի նիստին: «Դեռ հայտնի չէ, թե երբ այն կկայանա: Ուղղակի մարզի ուսանողների ուսման վարձերի խնդիրն է. իրենց ներկայացրած հայտերը ուղղորդում ենք կենտրոնական գրասենյակ»,- տեղեկացրեց Եսայանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ուսման վարձերի հետ կապված փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ մարտի 15-ը: Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահն, ըստ Հիմնադրամի կանոնադրության, երկրի վարչապետն է: Ըստ որոշ տեղեկությունների` հոգաբարձուների խորհրդի նիստը ձգձգվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով:
Շիրակի մարզային կենտրոնը համակարգող Գոհար Պետրոսյանը այս ընթացքում փորձում է ոչ վճարովի ծրագրեր իրականացնել, իսկ երիտասարդներին համախմբել ծրագրերի շուրջ. «Փորձում եմ իմ կամավորներին ակտիվ պահել ամեն դեպքում, որովհետեւ հասկանում եմ, որ եթե անգամ հիմա անորոշ է, ապա հետո կհարթվի ամեն ինչ»:
Պարզվում է` Շիրակի մարզային կենտրոնն այժմ գրասենյակ չունի. Հայաստանի հանրապետական կուսակցությունը հետ է վերցրել այն տարածքը, որը նախկինում անվարձահատույց տվել էր նրանց: «Հնում մեր գրասենյակը գտնվել է ՀՀԿ-ի տարածքում, ու քանի որ վարչապետը ՀՀԿ-ական չէ, իրենք մեզ տարածքից հանեցին: ՀՀԿ-ն իրենց մարզային կենտրոնական գրասենյակի առաջին հարկն էր մեզ տրամադրել. ցավոք, հետո մեզ խնդրեց ազատել տարածքը: Մենք այդ տարածքը վերանորոգել էինք հիմնադրամի գումարներով, որովհետեւ մինչ այդ տնակներում էինք գործունեություն ծավալում: Իսկ հիմա, այսպես ասած, սպասողական, անորոշ վիճակում ենք»,- նշեց նա: Նկատենք, որ ՀՀԿ այդ քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ երկար ժամանակ այս հիմնադրամը եղել է նախկին իշխող կուսակցության ոչ պաշտոնական ստորաբաժանում: Եւ հիմա, երբ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ, կապ չունի հիմնադրամի հետ, ետ է վերցնում իր տրամադրած տարածքը: Պարզ չէ, սակայն, թե ՀՀԿ-ին տարածքն ինչու է հարկավոր, եթե նկատի ունենանք այդ կուսակցությունից կադրային արտահոսքը:
Ինչեւէ, նոր տարածք տրամադրելու նպատակով Շիրակի մարզային կենտրոնի համակարգողը դիմել է նաեւ Գյումրու քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ չեն կարող ո՛չ տարածք տրամադրել, ո՛չ էլ ֆինանսավորել, քանի որ ունեն այլ երիտասարդական կառույց: «Ես հանդիպել եմ նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, ինքն ասաց` Երեւանից պետք է ուղղորդում լինի` մեզ աջակցելու հետ կապված, ինչից հետո կենտրոնը կսկսի նորմալ գործունեություն ծավալել»,- նշեց Գոհար Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երիտասարդական հիմնադրամի երեւանյան գրասենյակը նամակ է ուղարկել է ՀՀ կառավարություն: Ասել է թե` հիմնադրամն ամեն կերպ փորձում է ինչ-որ որոշակիություն մտցնել:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչու է ձգձգվում հոգաբարձուների խորհուրդի նիստը, Հիմնադրամից արձագանքեցին` նշելով. «Ընթացքի մեջ է գործընթացը, շուտով կկազմակերպվի: Տեղեկացրել են, որ ընթացքի մեջ է: Բոլորս էլ սպասողական վիճակում ենք: Ուղղակի գործընթացը բարդ է»:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ մարզային կենտրոնները համակարգողները եւ աշխատողները հունվար եւ փետրվար ամիսների աշխատավարձերը չեն ստացել: Կարելի է ասել, որ այս ընթացքում նրանք բարեգործական հիմունքներով են աշխատում: Բայց հիմնադրամից վստահեցրին` հոգաբարձուների խորհրդի նիստի կայանալուց հետո, բնականաբար, աշխատողներին կտրվեն պարտք մնացած աշխատավարձերը:
Նշենք, որ այս պահին չի գործում Ծաղկաձորում գտնվող առողջարանական համալիրը, որտեղ, կհիշեք, ուսանողներն անցկացնում էին իրենց ամառային հանգիստը` ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Ի դեպ, Ծաղկաձորում գտնվող այդ համալիրը հիմնադրամի հաշվառման տակ է գտնվում:
Հիշեցնենք` «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Բանն այն է, որ ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը դիմել էր իրավապահ համակարգին եւ տեղեկացրել, որ հիմնադրամի գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա` ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԵՆ ԱՌԱՋ ՇԱՐԺՎՈՒՄ
«Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաֆիկ Վասիլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե չնայած Հայաստանում լողով մարզվելու պայմաններին` մարզիկների գրանցած տվյալները այդքան էլ վատը չեն: «Մեր լողորդները օրվա ընթացքում մարզումներ անցկացնում են 2 անգամ, իսկ նրանց պատրաստվածությանը եւ ընդհանրապես լողի զարգացմանը նպաստեց ֆեդերացիայի պայմանավորվածությունը Grand Sport եւ Reebok մարզահամալիրների ղեկավարությունների հետ, ըստ որի` մեր հավաքականները անվճար մարզումներ են անցկացնում այդ մարզահամալիրներում»,- ասաց նա: Պարոն Վասիլյանը նաեւ նշեց, որ 2015 թվականից սկսած` մարզումները անցկացվում են 50 մետրանոց լողավազաններում, իսկ նախկինում կային միայն 25 մետրանոց լողավազաններ:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը մտահոգված է այն փաստով, որ Երեւանում կա ընդամենը մեկ լողի մարզադպրոց` Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցը. «Դա այս պահին մեր ամենացավոտ կողմն է, եւ դեռեւս չկան տեղեկություններ` արդյոք բացվելու են մարզադպրոցներ, թե ոչ: Բացվելու դեպքում, իհարկե, այս մարզաձեւի զարգացումը նոր թափ կստանա»: Նա նաեւ շեշտեց, որ տարեկան ֆինանսավորումը կազմում է 13 մլն դրամ, որը ծիծաղելի գումար է, եւ այդպիսի ֆինանսավորման պայմաններում լող սպորտաձեւը զարգանալ չի կարող: Վասիլյանը ասաց նաեւ, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ սպասելիքներ կան գործող իշխանություններից, չնայած որ նախորդ իշխանությունների օրոք էլ փոփոխություններ լինում էին, պարզապես` դանդաղ քայլերով:
Ամեն տարի անցկացվում Է Հայաստանի լողի առաջնությունը, որտեղ մրցանակային տեղեր զբաղեցրած լողորդները ստանում են պատվովճարներ` համապատասխանաբար 10-ը հազար ՀՀ դրամի, 7 հազար ՀՀ դրամի եւ 5 հազար ՀՀ դրամի տեսքով:
Մեր զրուցակիցը հաստատեց, որ նրանք հիմա նոր ծրագրի մշակման փուլում են, եւ նշեց ծրագրի կարեւոր կետերը: Ըստ նրա` պետք է ծրագրի մեջ ներառվի մարզագույքերի խնդիրը, պետք է ավելանա ֆինանսավորումը, հարկավոր են լողի մարզադպրոցներ եւ, որն ամենակարեւորն է, պետք է լողը դառնա անվճար. «Հիմա միայն մեր ուժեղ մարզիկներն են կարողանում մարզվել անվճար, իսկ մնացած բոլորի համար այս սպորտաձեւով զբաղվելը վճարովի է: Պատկերացրեք, թե հիմա ինչքան տաղանդավոր երեխաներ չեն կարողանում զբաղվել լողով, ինչից տուժում է ե՛ւ այդ երեխան, ե՛ւ մեր պետությունը»:
Առջեւում Օլիմպիական խաղերն են, սակայն Վասիլյանը այդքան էլ չի հավատում, որ Հայաստանը կհայտնվի մրցանակային տեղերից մեկում. «Այս Օլիմպիական խաղերում այդքան էլ չեմ հավատում, սակայն արդեն մյուսում մեր հավաքականը, կարծում եմ, պատրաստ կլինի նույնիսկ չեմպիոնության»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ