Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն ավարտել է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը` սահմանադրական կարգը տապալելու դրվագով: Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանին: Նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այս գործով որպես վկա, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի ցուցմունքը: Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը:
«1997թ. սեպտեմբերից մինչեւ օրս հանդիսանում եմ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ: 2008թ. մարտի սկզբներին ՀՀ սահմանադրական դատարանը, հանրապետության նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա, քննության էր առնում ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը: Ընդ որում, սկզբից Սահմանադրական դատարանում ստացվել եւ վարույթ էր ընդունվել Տիգրան Կարապետյանի դիմումը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, եւ այդ երկու գործերը միացրեցին մեկ վարույթում:
Գործով նշանակվել են երեք զեկուցող դատավորները` Հենրիկ Դանիելյանը, Հրանտ Նազարյանը եւ ես:
Նկատի ունենալով, որ, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն, ես չեմ կարող վկայություն տալ այն գործով, որով հանդիսացել եմ դատավոր, ուստի այժմ այդ գործի քննության մանրամասների վերաբերյալ ոչինչ հայտնել չեմ կարող, բացի նրանից, որ 2008թ. մարտի 8-ին կայացվել է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 756 որոշումը, որով ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ի որոշումը թողնվել է անփոփոխ, եւ այդ որոշման կայացմանը մասնակցել եմ նաեւ ես: Ցանկանում եմ նշել նաեւ, որ ՀՀ ՍԴ անդամներից որոշման կայացմանը չի մասնակցել միայն Վալերի Պողոսյանը: Նրա ներկա չլինելու պատճառը այժմ չեմ հիշում:
ՀՔԾ քննիչի հարց. 2008թ. մարտի 1-10-ի դրությամբ ովքե՞ր են հանդիսացել ՀՀ ՍԴ անդամները:
Պատասխան. 2008թ. դրությամբ ՀՀ ՍԴ նախագահն էր Գագիկ Հարությունյանը, իսկ անդամներն էին ես, Կիմ Բալայանը, Հենրիկ Դանիելյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը Զինավոր Ղուկասյանը, Հրանտ Նազարյանը եւ Ռաֆայել Պապայանը: Նրանցից երեքը` Հենրիկ Դանիելյանը, Զինավոր Ղուկասյանը եւ Ռաֆայել Պապայանը, ներկայումս հանգուցյալ են:
ՀՔԾ քննիչի հարցը. Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը 2008թ. մարտի 7-ին պետքարտուղարություն է ուղարկել մի փաստաթուղթ, որը կազմվել է վերջինիս եւ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ: Նախօրեին` 2008թ. մարտի 6-ին կայացած խորհրդապահական հանդիպման արդյունքներով նշված փաստաթուղթը հրապարակվել է «Վիքիլիքս» միջազգային կազմակերպության կողմից: Նշված փաստաթղթում առկա է տեղեկատվություն այն մասին, որ կանխորոշելով 2008թ. փետրվարի 19-ին նախագահական հարցով նույն թվականի մարտի 8-ին ակնկալվող ՀՀ ՍԴ վճռի ճակատագիրը` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմը ճնշումներ են բանեցրել ՀՀ ՍԴ անդամների վրա, որպեսզի ՀՀ ՍԴ-ն, հօգուտ Լեւոն Տեր-Պերտոսյանի, որոշում չկայացնի: Ի՞նչ կարող եք հայտնել այս կապակցությամբ:
ՍԴ անդամի պատասխան. Նման տեղեկություններ ես չունեմ: Ես կարող եմ ասել իմ մասով, որ կոնկրետ իմ նկատմամբ որեւէ ճնշումներ չեն եղել: Նաեւ փորձ չի արվել ինձ վրա ճնշում գործադրելու ո՛չ այդ, ո՛չ էլ որեւէ այլ գործով: Ցանկանում եմ նշել նաեւ, որ ՀՀ ՍԴ անդամներից ես եղել եմ այն դատավորը, որը բոլորից շատ հատուկ կարծիք է ունեցել եւ պաշտոնապես ներկայացրել: Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, ապա նման բնույթի գործերով չի թույլատրվում հատուկ կարծիք ներկայացնել, բացի այդ, ես իմ որոշումը կայացրել եմ առկա ապացույցների հիման վրա եւ այլ կարծիք չեմ ունեցել:
ՀՔԾ քննիչի հարցը. Քրեական գործով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՍԴ որոշ անդամներ այդ օրերին` մինչ որոշում ընդունելը, կանչվել են ՀՀ նախագահի նստավայր: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին: Ովքե՞ր են եղել այդ դատավորները:
Պատասխան. Այդ մասին ես լսում եմ առաջին անգամ: Տեղյակ չեմ, թե ում են կանչել, կոնկրետ ինձ չեն կանչել ՀՀ նախագահի նստավայր, չեմ էլ լսել, որ ուրիշներին կանչած լինեն:
ՀՔԾ քննիչի հարցը. ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը Ձեզ երբեւիցե պատմե՞լ է արդյոք իրեն ՀՀ նախագահի աշխատակազմ կանչելու, իր նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին:
Պատասխան. Չեմ հիշում, որ նման բան պատմած լինի: Ցանկանում եմ նշել նաեւ, որ շուրջ 2 ամիս առաջ ծանր վիրահատություն եմ տարել սրտի շունտավորման հետ կապված, 6 ժամ եղել եմ նարկոզի տակ: Բնական է, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունեմ եւ 10 տարվա վաղեմություն ունեցող շատ հանգամանքներ հիմա չեմ հիշում»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐԸ ԳԹԱՑ 82-ԱՄՅԱ ԱՅՐՈՒՄՑՈՒՆ
Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1937թ. ծնված Ռուբեն Թամրազյանը վիճաբանել է իր հարեւանուհու` 1935թ. ծնված Նազիկ Սարգսյանի հետ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. իր հասցեին Ն. Սարդարյանի վիրավորական արտահայտություննների պատճառով Ռ. Թամրազյանը հարվածել է` հասցնելով առողջությանը միջին ծանրության վնասվածք: Ռ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Դատարանում նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ հայտնել, որ դեպքից մեկ ամիս առաջ հարեւանուհի Նազիկ Սարգսյանը հայտնել է, որ իր տան բակից վառելափայտ է գողացվել, եւ նա կասկածել է իրեն: Ինքը նրան հայտնել է, որ անհիմն է կասկածում, որից հետո Նազիկն իր եւ իր մահացած կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել: Դեպքի օրը ինքը հաց գնելու նպատակով տնից դուրս է եկել, իրեն նկատելով՝ Նազիկը կրկին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, քարով խփել է իրեն: Ռ. Թամրազյանը հայտնել է, որ ինքը հրել է նրան, քարը շպրտել նրա ուղղությամբ, Նազիկն ընկել է գետին, ինքը հեռացել է, հետո լսել է, որ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Դատարանը պատիժ նշանակելիս որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորված է եղել հանցագործությունը, ինչպես նաեւ այն, որ Ռ. Թամրազյանը 82 տարեկան է, վատառողջ, բնութագրվում է դրական, ընդունում է մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարածի համար: Մարտի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ռ. Թամրազյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրա դատապարտել 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով:
ՄԱՐԶՊԵՏԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Մարտի 12-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել Արբակ Գրիգորյանին մարզպետի խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նկատենք, որ մարզպետի նոր խորհրդականը Տավուշի մարզի բնակիչ չէ: Տավուշի մարզպետը ներկայումս ունի 2 տեղակալ, 2 խորհրդական, 2 օգնական: Մարզպետի 3 տեղակալներից մեկը` Սամվել Ռուբենյանը, ինքնակամ թողել է այդ պաշտոնը, որի վերաբերյալ գրառում էր կատարել Ֆեյսբուքում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀՍՏԱԿ
Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ ելույթ էր` հստակ մտածված, հստակ շեշտադրումներով եւ հստակ ուղերձներով. այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշել է, որ առաջին անգամ ՀՀ նոր իշխանությունը Արցախի հարցում հղել է ուղերձ միջազգային հանրությանը, Ադրբեջանին, եւ դա ներքին օգտագործման ուղերձ չէր, այլ արտաքին: «Մենք, բնականաբար, շատ լավ ենք նայում Արցախում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացմանը եւ նորմալ ենք գնահատում արձագանքները: Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հարցը չպետք է սպասի Ադրբեջանի համաձայնությանը, մենք միջազգային հանրության հետ պետք է աշխատանք տանենք, մեր դեսպանատները, մենք` պատգամավորներս, պետք է օգտագործենք ցանկացած հարթակ, աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, միջազգային հաստատություններում բանակցություններ տանենք եւ բացատրենք, որ առանց Արցախի ներկայացուցչի չի կարող արդյունավետ ու պտղաբեր բանակցություն լինել»,-ասել է պատգամավորը:
ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ հետաձգեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդության քննությունը։ Դատական նիստից հետո 2008-ի մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի ժամ տեւած նիստի ընթացքում քննիչը ներկայացրել է իրենց միջնորդությունը, որին էլ միացել են դատախազները։ Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն է դիմել դատարան՝ խնդրելով եւս երկու ամսով երկարացնել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Ռոբերտ Քոչարյանը երեկ նիստին չէր մասնակցել:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ԱՐՇԱԼՈՒՅՍՈՒՄ
Երեկ, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը: Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ եւ այլ ռազմամթերք: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Արշալույսը գեներալ Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղն է, իսկ գյուղապետը նրա եղբորորդին է: