Թուրքին ենք ուրախացնում, որ իրար հետ վատ լինենք․ Դավիթ Բաբայանը՝ Վիտալի Բալասանյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառման ժամանակ, Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նամակին` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ, հայտարարել էր, թե հարցը պետք է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին` Հաղթանակի օրը, բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- հայտարարել էր Վիտալի Բալասանյանը:

Իսկ սահմանին տիրող լարված իրավիճակին անդրադառնալով` Վ. Բալասանյանը, հեգնական տոնով ձեռքով ցույց տալով ՀՀ վարչապետին, հայտարարել էր. «Դրա հարցով աշխատե՛ք դիմել վարչապետին, որովհետեւ ինքն է այդ վերելակային բանակցությունները կազմակերպում. ինչո՞ւ վարչապետին չեք դիմում, իրեն դիմե՛ք»:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Բալասանյանի հայտարարությանը, նշել էր, որ նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն: Պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ գրառում էր արել. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս ամենի շուրջ զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ կապված: Ըստ Ձեզ` պե՞տք էր, որ Վ. Բալասանյանը նման կերպ իրեն դրսեւորեր` հեգնելով, թե Ն. Փաշինյանը վերելակային բանակցություններ է վարում:

-Մենք միշտ էլ բարձր ենք գնահատել, այդպես ասած, վերելակային քաղաքականությունը, որի մասին մենք բազմաթիվ անգամ հայտարարություններ ենք արել: Ընդհանրապես ցանկացած հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Արցախը միշտ բարձր է գնահատել, քանի որ այդ հանդիպումները անկասկած նպաստում են, որպեսզի տարածաշրջանում պահպանվի խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ ապահովվում է բանակցային գործընթացի շարունակականությունը: Իհարկե, այս տեսանկյունից պետք է այդ ամենը բարձր գնահատել:

-Բայց, կարծես թե, Վիտալի Բալասանյանին այդքան էլ չեն գոհացնում այդ բանակցությունները, ավելին` հեգնանքով է վերաբերվում: Ի՞նչ է կատարվում, ի՞նչն է այդ ամենի պատճառը:

-Գիտեք, ես հիմա չեմ ուզում, որպեսզի սկսենք շահարկումներ, քննարկումներ անենք: Ինքն արդեն ասել է, որ դա իր անձնական կարծիքն է: Հեգնանքը, ես ընդհանրապես դեմ, որպեսզի որեւէ ձեւով ՀՀ-ի եւ Արցախ Հանրապետության իշխանությունների միջեւ որեւէ խնդիր լինի: Սա ոչ թե անձնական որեւէ մեկի քմահաճույքն է. ե՛ւ պաշտոնական Երեւանը, ե՛ւ պաշտոնական Ստեփանակերտը պարզապես պարտավոր են մեկը մյուսի հետ պահպանել լավ, գործընկերային, բարեկամական հարաբերություններ: Սա անձնական խնդիր չէ, սա իրենց անձնական հարցերը չէ: Սա պետության եւ ժողովրդի, այսպես ասած, ծառացած խնդիր է` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, մեր հայկական միասնությունն է: Եթե մենք այդ պաշտոնական մակարդակում այդ միասնությունը չպահպանենք, մեր միասնականությունը ճեղք կտա, իսկ սա անթույլատրելի է, ով էլ ուզում է լինի` ե՛ւ պաշտոնական Երեւանը, ե՛ւ պաշտոնական Ստեփանակերտը: Պարզապես պարտավոր են բոլորը նորմալ, ընկերային, բարիդրացիական հարաբերություններ պահպանել: Հո մենք թշնամիներ չենք մեկը մյուսի հետ, թուրքին ենք ուրախացնում, որ իրար հետ վատ լինենք: Մենք մեկ հայրենիք ենք, երկու տարբեր պետություն, բոլորն էլ պարտավոր են մեկը մյուսի հանդեպ` լինի դա Հայաստանի Հանրապետության ղեկավարություն, թե Արցախի Հանրապետության ղեկավարություն, անկախ անձնական, այսպես ասած, յուրահատկություններից, անցած ճանապարհից բոլոր, ամեն ինչ պետք է դնել մի կողմ եւ պարզապես պահեն իրենց այնպես ինչպես, որ պետք է:

-Տեղեկություններ կան, որ Արցախի Հանրապետության նախագահ Բահո Սահակյանը եւս վրդովված է Վ. Բալասանյանի հայտարարությունից. զրուցե՞լ է պարոն Սահակյանը Վիտալի Բալասանյանի հետ:

-Կրկնում եմ` այն, ինչ ես ասեցի, կարծում եմ, հստակ էր եւ պարզ: Մենք մեկս մյուսի հետ կոնֆլիկտ չենք կարող ունենալ:

-Նշվում է նաեւ, որ Վիտալի Բալասանյանի նման տրամադրվածությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Վ. Բալասանյանը նպատակ ունի Արցախում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել, որը, կարելի է ասել, այդքան էլ ՀՀ իշխանությունների «սրտով» չէ: Տեղյա՞կ եք, իրակա՞ն են այդ տեղեկությունները:

-Ես չգիտեմ, ես չեմ տեսնում որեւէ տրամադրվածություն, ավելի կոնկրետ իրեն հարցրեք, թող ինքը պատասխանի: Ես չեմ տեսնում, որ կա նման բան, առավել եւս դա անթույլատրելի բան է, ու ցանկացած քայլ` լինի դա Երեւանից, թե Ստեփանակերտից, մեկը մյուսի դեմ ուղղված, անթույլատրելի է:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս