Ինչպես հայտնի է, Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարաններից երկուսը ՀՅԴ-ականներինն է: Մասնավորապես, սրճարաններից մեկը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր դաշնակցական Միքայել Մանուկյանին, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ համամասնական ցուցակը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս պատկանող սրճարանը դեռ չի ապամոնտաժվելու, որովհետեւ սրճարանի հետ կապված գործը դատարանում է: Կարճ ասած՝ քաղաքապետարանը այս մասով սպասում է դատարանի որոշմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
-Պարո՛ն Սաղաթելյան, տեղի ունեցող իրադարձությունների մասին ի՞նչ կարծիք ունի «Դաշակցությունը»:
-Քանի որ դա մեծ քաղաքական հարց չէ, այս պահին նման խնդիր չկա պաշտոնական կարծիք հայտնելու, բայց երեւույթը, իհարկե, մտահոգիչ է մեզ համար: Ու նաեւ քաղաքացիների դժգոհությունը ու նաեւ ոստիկանության ձեռնարկած քայլերը, եւ հայտնի է այս ամենի պատճառը: Մեր քաղաքում առաջնահերթության կարգով բազում-բազում խնդիրներ կան: Այսինքն՝ այդ ամեն ինչը թողնել միանգամից, մտածել Օպերայի տարածքի սրճարանները հանելու եւ քանդելու մասին, այս տրամաբանության մեջ չի տեղավորվում, եւ, բնականաբար, մարդիկ սոցիալական խնդիր ունեն, աշխատատեղերի խնդիր ունեն, եւ դժգոհությունը շատ հասկանալի է մեզ համար:
-Քանի որ «Դաշնակցությունը» եղել է իշխանության մեջ, ուզում ենք հետաքրքրվել՝ որքանով եք տեղյակ դրա հետ կապված փաստաթղթերից: Արդյոք ամեն բան այն ժամանակ օրինակա՞ն է եղել քաղաքապետարանի կողմից:
-Մենք փաստաթղթերից եւ օրինականությունից տեղյակ չենք: Ու եթե նման գործողություններ կատարվում են, ապա ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համապատասխան: Բնականաբար, մենք ծանոթ չենք այս ներքին որոշումներին եւ փաստաթղթերին, բայց գիտենք, որ կան սեփականատերեր, որոնք իրոք ունեն փաստաթղթեր, որոնք էլ հայտարարում են եւ ցույց են տալիս: Ամեն բան մեր ուշադրության կենտրոնում է: Կարեւորն այն է, որ ինչ տեղի է ունենում, տեղի ունենա օրինականության սահմաններում:
-Այսինքն՝ այս փուլում Դուք բողոքողների տեսակե՞տն եք պաշտպանում:
-Նրանց տեսակետը մեզ համար հասկանալի եւ ընդունելի է, որովհետեւ մարդիկ պատճառաբանություններ են հնչեցնում; Նախ` ներդրումների խնդիր կա: Մարդկանց պետք է ժամկետ տան: Աշխատատեղերի խնդիր կա, ներդրումները հետ բերելու խնդիր կա: Եթե նախկինում նման բաներ են տեղի ունեցել, մեկ օրվա մեջ գալ, ասել` ամեն ինչ քանդում ենք, եւ դրանով փակում ենք բոլոր հարցերը, եւ դրա կողքին խոսել երկիր բերվող ներդրումներից, տնտեսությունը խթանելուց, սա չի ընկալվում այս տրամաբանության մեջ: Երբ որ քաղաքային իշխանությունը իր առջեւ դրված խնդիրների մեծ մասը կիրականացնի, կգա, կհասնի այդ տարածքներին, դրանով էլ կզբաղվի, եւ այդ դժգոհությունը չի լինի: Քաղաքացիները պարզ մի բան են ասում՝ բազմաթիվ խնդիրները, որ կա այս քաղաքի առջեւ, չեք լուծել, հենց առաջին օրը տրակտորը բերել քանդում եք:
-Այս փուլում լավագույն լուծումը ո՞րը կլինի:
-Լավագույն լուծումը կլինի այն, որ տնտեսվարողների հետ նստեն, մանրամասն խոսեն, հասկանան ճիշտ ելքերը եւ ճանապարհները գտնեն, ոչ թե բերեն ոստիկանական զորքը շարեն, հետեւից տեխնիկան մտցնեն, սկսեն քանդել:
-Տեղյակ ենք, որ դաշնակցական մի քանի գործիչներ եւս սրճարաններ ունեն այդ տարածքում: Օրինակ՝ պարոն Միքայել Մանուկյանը: Իր հետ խոսե՞լ եք այս մասին: Ի՞նչ է պատրաստվում անել:
-Կա դաշնակցական, որը սրճարաններից մեկում ինչ-որ մի բաժնեմաս ունի, բայց դա ընդհանրապես կուսակցության եւ կուսակցության քաղաքական գծի եւ դիրքորոշումների հետ չի կարող կապ ունենալ:
-Ընդամենը մի հոգի՞:
-Այո, հավանաբար: Բայց դրանով մենք չենք առաջնորդվում եւ մենք էստեղ մեր կուսակցական ընկերոջը կամ մյուսին պաշտպանելու խնդիր չունենք: 5-6 սրճարանի մասին է խոսքը:
-Օրինակ` կենտրոնի թաղապետը ասում է, որ օրենքով ավելի քիչ աշխատակիցներ են գրանցված, քան իրականում կան:
-Այդ ամենը չգիտեմ: Պետք է տեղում դնել, նայել, հասկանալ, բայց ակնհայտ է, չէ՞, որ փողոց դուրս եկածների մեծ մասը այդտեղի աշխատակիցներ են եւ շատ հստակ խնդիրներ են բարձրացնում՝ վաղը ինչո՞վ ենք զբաղվելու, որտե՞ղ ենք աշխատելու: Միայն աշխատակիցների խնդիրը չէ: Ե՛ւ սեփականատերերի խնդիրն է, ե՛ւ այլ քաղաքացիների խնդիրն է: Ինչո՞ւ միայն այդ զբոսայգին: Ուրիշ տեղերում էլ նման խնդիրներ կան: Ընդհանրապես, եթե խոսում ենք քաղաքը սխալ կառուցապատելու մասին, ապա այս քաղաքի կեսը պետք է քանդվի: Այս ենք ուզո՞ւմ: Եթե նման բան կա, թող ասեն, սկսում ենք այստեղից, այսքան բան ենք քանդելու, մեր հասարակությունն է, թող որոշի իր հետագա քայլերը: Եթե քաղաքի համար լավ բան է տեղի ունենում, մենք դեմ չենք, բայց պետք է մինչեւ վերջ քննարկենք, հասկանանք:
-Հնարավո՞ր է, որ Դուք՝ որպես Հայաստանի պատմության մեջ մեծ դեր ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչ, խոսեք պարոն Հայկ Մարությանի կամ ավագանու անդամների հետ՝ փորձելով ինչ-որ առաջարկներ ներկայացնել:
-Տեսնենք` ընթացքը ինչպես է զարգանում: Հետագայում ինչ կլինի, ինչպիսի հայտարարությամբ հանդես կգանք, ինչ նախաձեռնությամբ, այս պահին որոշում չունենք:
Մեր սպասելիքն այն է, որ քաղաքային իշխանությունները, մասնավորապես` քաղաքապետը, կհասկանա, որ նման մեթոդներով հարցերը չեն լուծվում, եւ տնտեսվարող սուբյեկտների հետ նորմալ բանակցություններ կվարեն ճիշտ լուծումներ գտնելու համար:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԲՀԿ-Ն Է ԱՊԱՀՈՎԵ՞Լ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ
Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Բնականաբար, սրճարանատերերը դիմադրում էին. բողոքի ցույցեր էին անում: Երեկ բանը հասավ Մաշտոցի պողոտայում նստացույցին` փակելով փողոցի երթեւեկությունը: Ոստիկանությունը, սակայն, նրանց հեռացրեց փողոցից, իսկ «թեժ մարտերը» շարունակվեցին արդեն Ազատության հրապարակում` սրճարանների մոտ: Այդ հրմշտոցի ժամանակ վնասվածք ստացան ոստիկաններ, ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը դեռ տարեսկզբին հայտարարել էր, որ Օպերային թատրոնին ամենամոտը գտնվող սրճարանները պետք է ապամոնտաժվեն, եւ տարածքը կանաչապատվի: Դեկտեմբերին համապատասխան ծանուցում էր ուղարկվել տնտեսվարողներին` առաջարկելով ողջամիտ ժամկետում ազատել տարածքը: Բայց, փաստորեն, նրանց մի մասը որոշել էր չենթարկվել քաղաքապետարանի կարգադրությանն ու անգամ պայքարել:
Սրճարանատերերի դիմադրությունն ինչ-որ տեղ հասկանալի էր: Բայց հետաքրքիրն այն է, որ երեկ Օպերայի բակ էին շտապել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, նույնիսկ բողոքավորների մեջ ԲՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչներ կային: Պատգամավորներից ներկա էր ԲՀԿ-ական Արման Աբովյանը, որը մեզ հետ զրույցում հարցին, թե ինչու է եկել Օպերա, ասաց, որ միայն մեկ պատճառով. պետք է լինի երկխոսություն: «Մենք չենք քննարկում ոչ մի կողմնակի հարցեր: Պետք է լինի երկխոսություն, եւ բացառվի բռնությունը: Եթե մենք չսովորենք իրար հետ խոսել, մենք կործանվելու ենք: Անպայման պետք է խոսենք, հասկանանք բոլոր կողմերը: Ես կարծում եմ, որ ոնց որ թե մեր հորդորով կամաց-կամաց գնում է դեպի երկխոսություն»,-ասաց պատգամավորը: Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արման Աբովյանը Օպերա գնալիս իր հետ մարդկանց մի խումբ է տարել, մասնավորապես` Աբովյան քաղաքից իբրեւ ցուցարարներ, բայց վերջիններս որեւէ կապ չեն ունեցել այդ սրճարանների հետ: Այս հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց պատգամավորին, սակայն վերջինս հերքեց այս լուրերը: «Նման բան չկա: Դա սուտ է: Ես եկել եմ Ազգային ժողովից: Ես հասկանում եմ՝ որտեղից են ոտքերը աճում: Մեր միակ նպատակն այն է, որ իշխանությունները լսեն մարդկանց, մարդիկ լսեն իշխանություններին, եւ երկխոսություն ստացվի: Դա այնքան զավեշտալի սուտ է, որ նույնիսկ մեկնաբանելու էլ չի»,-մեզ հետ զրույցում ասաց Աբովյանը:
Հ.Գ. Ի դեպ, երեկ երեկոյան ոստիկանությունը տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկվել 27 քաղաքացի:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՆՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆ
Մոտ երկու ամիս է, ինչ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Տեղեկացնենք, որ Արթուր Գրիգորյանը այս պաշտոնից ազատվեց հունվարի 21-ին: Կառավարությունը հապաղում է Արթուր Գրիգորյանին փոխարինող գտնելու հարցում: Ըստ որոշ տեղեկությունների` այս ընթացքում որոշ ժամանակով տեսչական մարմինը ստուգումներ կա՛մ չի կատարում, կա՛մ մասնակի են դրանք իրականացվում: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմին, որտեղից հայտնեցին հետեւյալը. «Տեսչական մարմինը իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով նախատեսված իր գործառույթները: Իսկ ղեկավարին փոխարինում է ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողը: Նման տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահին 4 ընկերությունում ստուգում ենք իրականացնում, մոտ 1 տասնյակ ընկերություններում էլ` վարչական վարույթ»:
ԻՆՔՆԱՍՊԱ՞Ն Է ԵՂԵԼ, ԹԵ՞ ՈՉ
ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով նոր փորձաքննություններ են նշանակվել: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպն ավարտվել էր սպանությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` Ղարագյոզյանը սպանել էր Կարապետյանին, հաջորդ օրն էլ ինքնասպան եղել: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը այս գործով փորձաքննություններ է նշանակել: Մասնավորապես, փորձաքննության նպատակներից մեկն այն է, որ գնահատական տան` արդյոք Կարո Կարապետյանի մահը վրա է հասել ուրիշի կողմից արձակված կրակոցից: Այս եւ այլ փորձաքննությունների եզրակացությունը ստանալուց հետո քննչական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ` ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումների շարք է սկսել ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Ավելին, հայտնաբերվել են լրջագույն խախտումներ, որոնք առաջիկայում դատախազությունը պատրաստվում է ներկայացնել: Թե ինչ խախտումների մասին է խոսքը, փորձեցինք պարզել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանից, սակայն վերջինս հորդորեց դիմել լրատվական բաժին: Հիշեցնենք, որ դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազները ստուգումներ էին իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ այնտեղ պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահման պայմանների հետ կապված արձանագրել որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: