ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ ԵՆ ԿԱՅՔԵՐԸ, ԲԱՅՑ ԻՆՉՊԵՍ` ՊԱՐԶ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում անդրադարձել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով ցանկանում են սահմանափակել տոտալիզատորների գրասենյակների առկայությունը Հայաստանում, եւ կոնկրետ տարածքներ են սահմանվելու այդպիսի ընկերությունների գործունեության համար։

Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագիծը երկու մասից է բաղկացած։ Եվ եթե «Վիճակախաղերի մասին» օրենքով փորձ է արվում սահմանափակել գրասենյակների գործունեությունը, ապա «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում փորձ է արվում սահմանափակել արդեն պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրային նշանակության օբյեկտներում։
Միայն թե Սիմոնյանի այս նախագիծը քննադատության է ենթարկվել անգամ ԱԺ տնտեսագիտական փորձաքննության վարչության կողմից: ԱԺ վարչությունը նախագծի վիճահարույց կետերն է մատնանշել` շեշտելով, որ պատգամավորի առաջարկները անիրականանալի են։
Եւ այսպես, այդ օրենքի 1-ին հոդվածով առաջարկվում է սահմանել, որ «Հանրային նշանակության օբյեկտները (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը»։ Հենց այս դրույթը, ԱԺ վարչության կարծիքով, ամենավիճահարույցն է:
Մասնավորապես, վարչությունն իր եզրակացության մեջ նկատում է. «Առանձին քննարկման հարց է հանրային նշանակության օբյեկտներ շահագործողների կողմից ընդհանրապես որեւէ կայքի հասանելիության արգելափակման հարցը: Օրինակ` որեւէ բարում կամ վարսավիրանոցում դրված է «wifi» սարք, որի միջոցով հաճախորդները միանում են ինտերնետին: Հարց է առաջանում. շահագործողն ինչպե՞ս պետք է արգելափակի այս կամ այն կայքի հասանելիությունը (գործնականում, այսպիսի արգելքի սահմանումը կարող է հանգեցնել նրան, որ շահագործողներն ընդհանրապես ինտերնետ հասանելիություն չեն ապահովի, ինչն էլ կարող է վնասել նրանց գործունեությանը): Կամ մեկ այլ դեպքում. հաճախորդն իր սարքի (հեռախոս, պլանշետ եւ այլն) միջոցով, որն ունի առանձին ինտերնետ հասանելիություն, բարի կամ վարսավիրանոցի տարածքում մուտք է գործում վիճակախաղի կազմակերպման որեւէ կայք եւ խաղում կամ տոտալիզատորի միջոցով խաղադրույք է կատարում: Հարց է առաջանում. արդյոք հանրային նշանակության օբյեկտ շահագործողը տուգանվելո՞ւ է այդ դեպքում (քանի որ նա պարտավոր էր իր օբյեկտի տարածքում արգելափակել համապատասխան կայքերին հասանելիությունը)»։
Վարչությունը նկատում է, որ եթե կայքերի հասանելիությունն արգելափակելը տեխնիկապես հնարավոր է դառնում, ապա հանրային նշանակության օբյեկտ շահագործողը ստիպված պետք է լինի հատուկ մասնագետներ վարձել, որոնք շարունակական մոնիտորինգ պետք է իրականացնեն նշված կայքերի եւ դրանց անվանումների, հասցեների եւ մյուս բաղադրիչների նկատմամբ, որոնք կարող են հաճախակի փոխվել եւ դուրս մնալ արգելափակման շրջանակներից: Ընդ որում, միայն այս գործառույթների իրականացումը հանրային նշանակության օբյեկտ շահագործողի համար կարող է ավելի ծախսատար լինել։ Բացի այդ, վարչությունը նկատել է, որ օրենքում նշված է, որ պետք է արգելափակվի ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման միայն լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը, իսկ լիցենզիա չստացած եւ անօրինական գործունեություն ծավալողների կայքերին (այդ թվում` նաեւ ոչ պաշտոնական) հասանելիության արգելափակման մասին խոսք չի գնում, ինչն էլ կարող է տնտեսավարողներին մղել ստվերային գործունեության դաշտ: Եվ այս կապակցությամբ նրանք առաջարկում են տվյալ լրացման «ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի» բառերը փոխարինել «վիճակախաղի կազմակերպման գործունեություն ծավալող ինտերնետային կայքերի» բառերով:
Նշենք, որ մարտի 5-ին եւ մարտի 7-ին այս նախագծի մշակմանը միացել են նաեւ պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Նաիրա Զոհրաբյանը, սակայն նախաձեռնության հիմնական հեղինակը հենց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Իր հերթին էլ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նախաձեռնել է փոփոխություններ կատարել արդեն «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որով ցանկանում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների գովազդը։
Ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագիծը պատճառ է դառնալու աշխատատեղերի կրճատման։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այդ նախագծի ռիսկերի շուրջ զրուցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու նամակներին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂ ԸՆՏՐԵԼ
Այսուհետ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթներն ամրագրվելու են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով։ Երեկ այդ նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից։ Նշենք, որ մինչեւ այժմ այդ կարգավորումներն արված են ԱԺ կանոնակարգ օրենքով։ Այժմ առաջարկվում է, որ այդ դրույթները սահմանվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի շրջանակներում, որում կհստակեցվի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումների եւ ընտրության համար նախատեսված ժամկետները։ Նշենք, որ այժմ դատավորի թեկնածու առաջադրելու իրավասությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինն է, սակայն երկար ժամանակ է՝ ինչ Սահմանադրական դատարանում հակասահմանադրական իրավիճակ է ստեղծվել. չեն կարողանում դատավորներ ընտրել, սա այն ժամանակ, երբ նախորդ խորհրդարանում ՀՀԿ-ն մերժում էր ներկայացված թեկնածուներին։ Այսօրվա դրությամբ թափուր է սահմանադրական դատարանի դատավորի մեկ թափուր հաստիք, եւ դատավորների թիվը 8-ն է։ Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի անգամ խորհրդարանում տապալվեց ՍԴ դատավորի ընտրությունը։

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ
Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում բնակիչները բողոքի ալիք են բարձրացրել՝ պահանջելով նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Գյուղացիներն իրենց քայլը բացատրում են գյուղում տարիներ շարունակ տեղի ունեցող ապօրինություններով, որոնց հետեւում կանգնած է եղել գյուղապետը: Տեղեկացանք, որ 2 օր առաջ գյուղացիները հասել են նաեւ կառավարության շենք, եւ այս իրավիճակի մասին արդեն լավատեղյակ է նաեւ ՊՎԾ-ն: Սակայն, ըստ էության, հարցը չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գյուղացիների մի քանի հոգանոց խումբն օրեր առաջ հանդիպել է Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանին: Նախատեսված է եղել նաեւ հանդիպում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, սակայն այն չի կայացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզպետը նշեց, որ 2-3 անգամ փորձել է հանդիպել գյուղացիներին, սակայն վերջիններս չեն ներկայացել հանդիպմանը եւ որոշել են շարունակել իրենց գործողությունները՝ գյուղի ճանապարհները փակելով: «Ես հանդիպել եմ համայնքապետ Պարույր Սարգսյանի հետ: Վերջինիս հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ իր կողմնակիցները գյուղի մյուս բնակիչների հետ բախումների չեն գնալու: Ավելին՝ ես նրա հետ պայմանավորվածություն եմ ձեռք բերել, որ եթե ստորագրահավաք կազմակերպվի, եւ գյուղացիների մեծ մասը ստորագրի, ինքը պետք է հրաժարական տա»,- ասաց Արմավիրի մարզպետը: Իսկ բնակիչներից մեկն էլ մեզ տեղեկացրեց, որ համայնքապետի ապօրինությունների մասին պատգամավորների միջոցով տեղյակ են պահել վարչապետ Փաշինյանին:

 

 

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ
Հայաստանի ղեկավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացի ձեւաչափը, ինչն անընդունելի է եւ հանդիսանում է բանակցային գործընթացը խոչընդոտելու փորձ: այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքով` ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներն, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ձեւաչափի փոփոխման դեմ: «Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, ոչ թե զուտ բանակցելու համար: Դրանք պետք է բերեն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրմանը: Ստատուս քվոն անընդունելի է, ինչը բազմիցս ասվել է նաեւ միջազգային հանրության եւ միջնորդների կողմից: Մենք աջակցում ենք այս դիրքորոշմանը եւ կարծում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր Ստեփանակերտի` բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտության ու Մադրիդյան սկզբունքների վերանայման պատրատակամության մասին:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Ա. Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ գործունեությունը եւ դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույց, այլ նաեւ որպես երկխոսության, վստահության եւ համագործակցության միջոցով համապարփակ անվտանգությունն առաջ մղող հարթակ: ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ այստեղ են ճշտելու, թե ինչպես կարող են լավագույնս աջակցել Հայաստանին ստանձնած հանձնառությունների իրականացման, խաղաղության հաստատման գործընթացի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Տիգրան Թամրազյանն ու Կարեն Խուդավերդյանն ազատվել են Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոններից:

 

 

ՓԱԿ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում կունենա պատգամավորների հետ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` նախարարը կհանդիպի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: «Այս փուլում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է ունենալ փակ հանդիպում արտգործնախարարի հետ: Հիմա դրանից հետո կարող է որոշի լսումներ անել, բայց դա պետք է ունենա նպատակ: Ինքնանպատակ որեւէ գործիքի օգտագործում ուղղակի կարող է լինել գազը բաց թողնելու նման»,- ասել է Մարուքյանը:

 

 

ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ
Ազգային ժողովը, երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է պաշտոնյաների գույքի եւ եկամտի հայտարարագրերի ժամկետը երկարաձգել եւ 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմներ ներդնել: Նախագիծն ընդունվել է ձայների 98 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:




Լրահոս