Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանը մարտի 13-ից սկսել է ապամոնտաժել Ազատության հրապարակին հարակից սրճարանների մի մասը: Այդ մասին սրճարանների տերերին ծանուցվել էր ամիսներ առաջ, սակայն իրականացվող աշխատանքներն ուղեկցվեցին ակցիաներով։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ բողոքի ցույց իրականացրեցին, փակեցին Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկը: Մաշտոցի պողոտայից անգամ բերման ենթարկված քաղաքացիներ եղան: Սրճարանների ապամոնտաժման թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ճարտարապետներ Սաշուր Քալաշյանի եւ Լիլիթ Պիպոյանի հետ:
Պարոն Քալաշյանի խոսքով` քաղաքապետարանի կողմից սրճարանների ապամոնտաժումը տեղին, ճիշտ, սակայն ուշացած քայլ էր. «Եթե այս գործընթացն ավելի վաղ մեկնարկեր, ամեն բան ավելի հեշտ կընթանար: Ողջունում եմ քաղաքապետարանի նախաձեռնությունը, իսկ դժգոհողները պետք է ծպտուն չհանեն: Նրանք վերջին 20 տարվա ընթացքում այնքան գումար են վաստակել, որ կարող են արտասահմանում վիլլաներ սարքել: Ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը քաղաքապետարանն է, որը ժամանակին թույլ է տվել, որ օպերային թատրոնի տարածքում սրճարաններ բացվեն: Թամանյանական բոլոր հատակագծերում օպերային թատրոնի շրջակա հատվածը ներկայացված է որպես կանաչ գոտի: Սրճարանների տերերը վարձակալել են այդ տարածքները, դրանք սեփականաշնորհված չեն: Որոշ դեպքերում տարածքները մինչեւ 90 տարով տրվել են վարձակալության»,-նկատեց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց` բոլոր դեպքերում ապամոնտաժումը ողջունելի է: Ճարտարապետը ոգեւորեց քաղաքապետ Հայկ Մարությանին դրսեւորած համարձակության համար: «Հանրային կանաչ գոտին խախտվել էր, հիմա վերականգնում են: Ճիշտ են անում, այլապես վաղն էլ կարող է մի քանիսի մտքով անցնի Կարապի լիճը չորացնել, տեղում շենք կառուցել»,-ասաց պարոն Քալաշյանը:
Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ, երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց` հանրային տարածքը պետք է վերադարձվի հանրությանը, օպերային թատրոնի շրջակայքը պետք է ազատել նաեւ փչովի խաղալիքներից, բատուտներից, ժամանցային անորակ երաժշտությունից: «Թող բիզնեսմեններն այդքան չբողոքեն. կանաչ գոտիները, որոնք անխղճաբար հատվել են, պետք է վերականգնվեն: Թամանյանական նախագծի համաձայն` օպերային թատրոնի շրջակայքում պետք է խիտ այգիներ, մշակութային օջախներ, արվեստի կենտրոններ լինեին: Իսկ ինչո՞ւ ենք մենք այսօր… Կա մի կարեւոր հանգամանք. ապամոնտաժման հետեւանքով բիզնեսմենները իրենց բիզնեսի 30 տոկոսն են կորցնում, մնացած 70-ը պահպանվում է: Ամեն սրճարանատեր երկուական օբյեկտ ունի, ապամոնտաժվելու է միայն մեկը: Իսկ ով մեկ օբյեկտ ունի, նրան քաղաքի այլ հատվածում տարածք է տրամադրվելու: Քաղաքապետարանի նախաձեռնությունը կոնկրետ մեկի դեմ չէ: Պարզապես հանրային տարածքը, որը տարիներ առաջ զարտուղի ճանապարհներով զավթվել է, վերադարձնում ենք հանրությանը: Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում: Սրճարանների տերերին նախապես ծանուցվել էր ապամոնտաժման մասին. չգիտես ինչու, լուրջ չէին ընդունել, թող ընդունեին: Քաղաքապետարանը զբաղված է ախոռները մաքրելով, պետք է շնորհակալ լինել, ոչ թե դժգոհել»,-մեկնաբանեց նա:
Հավելենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման հետ կապված խնդիրներին, գրել է. «Սիրելի՛ երեւանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը եւ հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երեւանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երեւանին իր մշակութային դիմագիծը»:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ՀՐԱԺԱՐՎԵՑԻ «ՊՈՐՇ»-ԻՑ, ՈՐ ԳԵՐԻ ՉԼԻՆԵՄ»
Կանանց միամսյակը բացված է: Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը:
-Ջո՛ւս, ե՞րբ է կինը երջանիկ:
-Երբ կողքին ունի ուժեղ տղամարդ, որի հետ իրեն թագուհու պես է զգում:
-Իսկ առանց տղամարդու կինը կարո՞ղ է իրեն լիարժեք զգալ:
-Եթե կայացած է, այո, օրինակ` ինչպես ես (ծիծաղում է):
-Կանանց համար տոնական մեկ ամիսը քիչ չէ՞:
-Բնականաբար, քիչ է, դա պետք է հարատեւ լինի: Կանանց համար անակնկալները միայն միամսյակին չպետք է լինեն, դրանք պետք է անառիթ լինեն, հաճախ չպլանավորված:
-Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է կինը սեքսուալ:
-Երբ ներքուստ իրեն այդպիսին է զգում, թե չէ շրթունքներն ու կուրծքը մեծացնում են, գիտեն, թե սեքսուալ են: Բայց այդ էներգիան ներսից պետք է գա:
-Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի տղամարդու ֆինանսապես ապահոված լինելու հանգամանքը:
-Իհարկե, կարեւոր է: Չեմ ասում՝ տղամարդն օլիգարխ լինի, բայց նա պետք է բարեկեցիկ կյանքով ապրի, որպեսզի կարողանա բավարարել կնոջ պահանջմունքները: Իհարկե, դժբախտություն է, երբ բացի ֆինանսից տղամարդը կնոջը ոչինչ չունի տալու:
-Կնոջ եւ տղամարդու միջեւ կարո՞ղ է լինել պարզապես ընկերություն:
-Այո, բայց կարող է նաեւ պատահել, որ այդ ընկերությունը վերածվի սիրո:
-Նվեր, որից կինը երբեք չի հրաժարվի:
-Փող:
-Ամենատպավորիչ նվերը, որ տղամարդը մատուցել է Ձեզ:
-150 հազար դոլարանոց «Պորշ» մակնիշի կարմիր մեքենա, բայց հետ եմ տվել, քանի որ չէի ուզում այդ մարդու գերին լինել: Իհարկե, ֆինանսը կարեւոր է, բայց տղամարդու սերը եւս շատ կարեւոր է: Եթե չեն սիրում, բայց ճոխ նվերներ են մատուցում, դա արժեք չունի:
-Մայրանալու մասին մտածու՞մ եք:
-Իհարկե, պարզապես չեմ հանդիպել այն տղամարդուն, որին կցանկանայի երեխաներիս հոր դերում տեսնել:
-Շարունակե՛ք միտքը. «Ասա՝ ինչպիսին է կինը…»
-Ասեմ՝ ով է նրա կողքի տղամարդը:
-Եվ վերջում՝ անարդար չէ՞ արդյոք, որ կանանց մի ամբողջ միամսյակ են նվիրում, իսկ տղամարդկանց՝ ոչ:
-Տղամարդիկ, իհարկե, կարող են դժգոհ լինել, բայց չարժե. չէ՞ որ նրանք ունեն հենց կանանց:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ