«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մարտի 1-ի քրեական գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննության սղագրությունը: Նա հարցաքննվել է երկու անգամ: Հիշեցնենք, որ 2008թ Սերժ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այս գործով նա հարցաքննվել է որպես վկա: Քննիչի հարցերը հիմնականում վերաբերել են 2008թ. փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանին, որը որակվել է ներքաղաքական գործընթացներում ԶՈՒ-ն օգտագործել եւ այդպես սահմանադրական կարգը տապալել. մեղադրանք, որ առաջադրվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եւ, ահա, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե ինքն էլ լիներ ՀՀ պաշտպանության նախարար, ապա ինքն էլ այդկերպ կվարվեր. կստորագրեր նման հրաման` զորքը բերելով զորանոցային վիճակի: «Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը քննարկել է եւ այդ քննարկման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվելու են Զինված ուժերը: Քննարկման արդյունքում ես դրական դիրքորոշում եմ հայտնել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա հաստատել է նաեւ, որ Արցախից բանակային ստորաբաժանումներ են բերվել, սակայն ասել է, թե Կառավարության շենքում Արցախի ՊԲ սպաների տեսել է մարտի 3-4-ին, իսկ մինչ այդ` մարտի 1-ի երեկոյան, կառավարության շենքի մոտ նկատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներին: «Արդեն մարտի 3-ին կամ 4-ին կառավարության շենքում տեսել եմ Արցախի Հանրապետության ՊԲ ղեկավար սպաների եւ հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել եւ որեւէ մեկին որեւէ հարցադրում այդ կապակցությամբ չեմ արել»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատրաստվում բողոքարկել Երեւանի 2017թ. ավագանու ընտրություններից առաջ բացահայտված «Զիբիլիքսի» գործով` ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու համար մեղադրվող 11 ամբաստանյալների դատավճիռը: Հիշեցնենք, որ դատարանը վճռեց Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանին եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի` 2 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով: Տուգանք էր նշանակվել նաեւ մյուս մեղադրյալներին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք կբողոքարկեն դատարանի դատավճիռը: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել, բողոք ներկայացնելու բավարար հիմքեր չկան: Ի դեպ, այս գործով նաեւ մաս կա անջատված՝ կազմակերպիչների հետ կապված:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտված փաստերը պարզապես ապշեցնող են: Ընդ որում, այդ բացահայտումները վերաբերում են ՀՀԿ իշխանության տարիներին՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք ՔԱԳՎ նախկին պետի՝ Սերգեյ Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին: ՀՊ-ն պարզել է, որ 2017 թվականին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 2 մլն 683 հազար դրամի չափով, մինչդեռ նշված անձի պարգեւատրման լիազորությունները պատկանում են ՀՀ վարչապետին: Իսկ 2017 թվականի ընթացքում Ս. Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 5 մլն 371 հազար դրամ: Նկատենք՝ ամիսներ առաջ քննադատությունների ալիք բարձրացրեց Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների պարգեւատրումների փաստը, այնինչ նախկին իշխանության ներկայացուցիչներն ավելի անխնա կերպով են իրենք իրենց պարգեւատրել: Ու սա այն դեպքում, երբ, օրինակ, ՔԱԳՎ նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը պաշտոնը դադարեցնելիս հայտարարագրել էր 85 մլն դրամ 70 հազար դոլար:
Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ միջազգային պահուստները փետրվար ամսին կազմել են 2 մլրդ 74.3 մլն դոլար, մինչդեռ հունվարին այս թիվն ավելի քիչ էր՝ 1 մլրդ 994.2 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ, միջազգային պահուստների ավելացման պատճառը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են: Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է խուսափել արտաքին պարտքի բեռն ավելացնելուց` վարելով պարտքը սպասարկելու քաղաքականություն, միեւնույն է, որոշ դեպքերում ստիպված է լինում վարկեր վերցնել: Ու այդ վերցված գումարներն էլ, փաստորեն, փոխանցվել են պահուստային ֆոնդ:
ՀԱՄԱՐՁԱԿ ՄԱՆԴԱՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Տնտեսական հեղափոխություն իրականացնելու եւ, ընդհանրապես, երկրի նորմալ, բնականոն զարգացումն ապահովելու նպատակով իշխանությունները պարտադրված են բարեփոխումներ իրականացնել, ըստ այդմ` պարտադրված են դիմելու կտրուկ քայլերի: Բայց ակնհայտ է, որ այդ բարեփոխումները հասարակության որոշակի շերտերի կողմից միանշանակ չեն ընկալվելու, անգամ արժանանալու են դիմադրության` մարդկանց մի հատվածի մոտ իշխանությունների նկատմամբ հարուցելով որոշակի բացասական վերաբերմունք: Ասվածի ամենավառ ապացույցը Օպերային հարող տարածքում սրճարանների քանդումն է: Թեեւ որոշումը կայացրել է Երեւանի քաղաքապետարանը, այսինքն` տեղական ինքնակառավարման մարմինը, բայց այդ ամենի պատասխանատուն ողջ իշխանությունն է, քանի որ նման քայլերը քաղաքական որոշումների հետեւանքով են արվում: Ու պատահական չէ, որ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերը տեղ-տեղ վերածվեցին բախումների, հնչեցին իշխանությունների հասցեին վիրավորական խոսքեր: Ավելի վաղ իշխանությունները նախաձեռնեցին փողոցային առեւտրի դեմ պայքար, եւ կրկին որոշ դեպքերում արժանացան դիմադրության:
Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է: «Մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առեւտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, էդ նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր»,- ասել է նա:
Ակնհայտ է, այս ոլորտում էլ կոնկրետ քայլերի դիմելու դեպքում իշխանությունները կարող են որոշակի դիմադրության հանդիպել (ինչպես եղավ նախորդ դեպքերում): Նույնը հիմա սպասվում է պետական կառավարման համակարգի օպտիմալացման դեպքում, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների հետեւանքով կրճատվի նախարարությունների թիվը:
Սակայն նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը (նաեւ Հայկ Մարությանը` որպես Երեւանի քաղաքապետ) ունի բացարձակ լեգիտիմություն: Ընտրությունների արդյունքում (որոնք ճանաչել են բոլորը, նաեւ` պարտված կուսակցությունները) «Իմ քայլը» ստացել է հասարակության ավելի քան 70 տոկոսի քվեն: Ըստ այդմ` իշխանությունն ունի համապատասխան մանդատ համարձակ կերպով իրականացնելու բարեփոխումները: Ավելին` լեգիտիմության նման բարձր աստիճան ունենալով` նույնիսկ պարտավոր է դիմել կտրուկ քայլերի: