«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւ Հայրապետյանի հետ:
-Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, բայց հիմա կարծես այդ մասով Հայաստանը դիմադրության է հանդիպել: Իրադարձությունների նման զարգացումը սպասելի՞ էր:
-Կար բանակցային գործընթաց 1997-1998 թվականներին, որից հետո Արցախը դուրս մղվեց բանակցային սեղանից, եւ արդեն 20 տարի կա այդ գործընթացը, որտեղ մշակվում եւ քննարկվում են լուծումներ, որոնք ունեն հիմնական կոմպոնենտներ, տարբեր կերպով մեկնաբանվող կոմպոնենտներ, եւ, ըստ էության, ինչո՞ւ է պարոն Փաշինյանը բերում Արցախի վերադարձի անհրաժեշտությունը. որովհետեւ գնալով Արցախի սուբյեկտայնությունը անկում է ապրում: Այսինքն` երբ քննարկվում է Արցախի խնդիրը, եւ չունենք Արցախի ներկայությունը, դա, ըստ էության, խնդիր է, բայց այդ փաստաթուղթը եռակողմ է ստորագրվել 1994 թվականի մայիսին, եւ դրանից հետո դեկտեմբերին կա Բուդապեշտի հայտնի գագաթնաժողովը: Այսինքն` Փաշինյանը ոչ թե առաջարկում է ձեւաչափի փոփոխություն, այլ ձեւաչափի լիարժեք վերականգնում: Այս փուլում Ադրբեջանի դիմակայությունը կանխատեսելի է, եւ ինչ-որ տեղ, իրենց կանոնների համաձայն, համապատասխանեցված է իրենց ընկալումներին: Այդուհանդերձ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ես չեմ որակում որպես դիմադրություն, ես որակում եմ որպես նշան, որ կա հավելյալ աշխատանքի խնդիր, կարիք եւ անհրաժեշտություն, որը մենք պատրաստ ենք շարունակել` կլինի դա խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, արտգործ նախարարության, այսինքն` տարբեր հարթակներում: Ես այդ հայտարարությունը այդպես եմ ընկալում եւ բնավ չեմ կարծում, որ մենք պետք է հրաժարվենք օրակարգից, որը միայն օգուտ է բերելու գործընթացին: Մեր նպատակը ոչ թե խնդիրներ սարքելն է, այլ վերացնել այն խնդիրները, որոնք առկա են:
-Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ձեւաչափի փոփոխությունը պետք է լինի երկկողմ համաձայնության արդյունքում: Այս մասով ի՞նչ կասեք:
-Ես կարծում եմ` իրականում պետք է հաշվի առնել` միջնորդները, իրավաբանական լեզվով ասած, փորձում են հաշտարարի դեր խաղալ: Այսինքն` պարզ է, որ կա առաջարկ Հայաստանի կողմից, որը դիմակայության է հանդիպում Ադրբեջանի կողմից, եւ այս պարագայում իրենք փորձում են չեզոք հայտարարություններով. խոսակցությունը շարունակելու կոչերով հանդես գալ, որը ճիշտ է: Միջնորդների ֆունկցիան հենց դրանում է կայանում: Նրանք ոչնչին այո կամ ոչ չեն ասում: Եթե մենք կարողանանք համառ աշխատանքի շնորհիվ դրսում ավելի հստակ բացատրել մեր փաստարկները, որը, ըստ էության, որոշակի ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա համաձայնությունը տալու մասով: Լավ աշխատանքը ինչ-որ պահի լավ արդյունքների է բերելու: Մեր համառությունը պետք է լինի դիվանագիտական, ուստի մեր համոզմունքը, որ Արցախի ներկայացվածությունը կօգնի հարցի լուծմանը, կօգնի մեզ մեր հետագա աշխատանքներում առաջ տանելու այդ օրակարգը, որքան էլ դա դժվար է լինելու: Ոչ ոք չի էլ մտածել, որ դա հեշտ գործընթաց է լինելու:
-Ասում եք` երկրները փորձում են հաշտարարի դեր խաղալ: Այնուամենայնիվ, մտավախություն չկա՞, որ նման հայտարարությունները Ադրբեջանի կողմից այլ կերպ կընկալվեն, ասենք, Ադրբեջանը կմտածի, որ առանց իրեն Արցախը բանակցային սեղան բերելը չի ստացվի, եւ դա, բնականաբար, առավելություն կհամարի:
-Մեկնաբանությունները մեկ այլ բան են, իրողությունները` այլ: Նիկոլ Փաշինյանի ելույթը Արցախում դրան էր միտված: Այսինքն` մենք կարող ենք ինչ-որ բան մեկնաբանել մեր ցանկացածով կամ հակառակը, բայց կա իրական պատկեր, որն էլ պետք է ներկայացվի: Իրական պատկերը հստակ է, որ Հայաստանը, լինելով Արցախի պաշտպանության երաշխավոր, միեւնույն ժամանակ չունի մանդատ Արցախի կողմից բանակցելու: Եւ եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Արցախից էին եւ իրենց վերագրել էին այդ իրավունքը, ապա Փաշինյանը չունի նաեւ այդ հանգամանքը: Աշխատելու կարիք կա, եւ դա գիտակցելով ենք առաջ քաշել այդ օրակարգը:
-Մտավախություն չկա՞, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի համաձայնի այս օրակարգին եւ չի ցանկանա այդ ճանապարհով գնալ: Հայաստանը փաստի առաջ չի՞ կանգնի այդ դեպքում:
-Սա Ադրբեջանի համար յուրատեսակ հնարավորություն է խնդիրներ լուծելու: Ադրբեջանը այնքան է տարիներով խոսել սպառնալիքների լեզվով, որ սա լավ հնարավորություն է ցույց տալու, թե ինքը կառուցողական կարող է լինել` կողմ լինելով Արցախի` բանակցությունների սեղան վերադարձին: Եթե Ադրբեջանը անգամ ունակ չէ մեկ սեղանի շուրջ նստել ու բանակցել Արցախի հետ, ապա պարզ է, չէ՞, որ ցանկացած լուծում չի աշխատելու: Իսկ այդ լուծումը ժողովուրդների համար է: Եթե այդ երկրի ղեկավարությունը չի ապացուցում իր ժողովրդին, որ ունակ է բանակցել Արցախի ներկայացուցչի հետ նույն սեղանի շուրջ, ապա դա հստակ ցույց կտա Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ կառուցողական մոտեցումը այս հարցի մասին: Սա իրենց է ավելի բարդ իրավիճակի մեջ դնում:
-Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կրկին ռազմական ագրեսիայի դիմի:
-Այն, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի գնալ ռազմական ագրեսիայի, ոչ մեկի համար նորություն չէ, եւ այս տարիների պատմությունը դա ապացուցել է: Ամեն դեպքում, այս փուլում դա քիչ հավանական եմ համարում, որովհետեւ էսկալացիայի հրահրումը նաեւ Դուշանբեի պայմանավորվածությունից հետո հարաբերական անդորրը, բավականին բարդ իրավիճակ են ստեղծել Ադրեջանի համար: Մենք այնպես չէ, որ դուրս ենք եկել բանակցային գործընթացից կամ հրաժարվում ենք բանակցել, մենք ուղղակի ասում ենք, որ ունենք օրակարգ եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ, բայց այնպես չէ, որ դա վերջնագիր է: Այնպես չէ, որ մենք ասում ենք` մենք չենք նստի նույն սեղանի շուրջ, քանի դեռ Արցախը չի վերադարձել: Մենք ասում ենք` նստում ենք ձեզ հետ խոսելու նաեւ Արցախի վերադարձի մասին: Ռազմական ագրեսիայի գնալը շատ ռիսկային կլինի Ալիեւի համար, որովհետեւ այնտեղ ոչ երեւացող, բայց լատար պրոցեսներ կան, որոնք կանգնած են այդ ճանապարհին:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԵՐԹԸ ՄՅՈՒՍ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻՆՆ Է
Օպերային հարող տարածքում սրճարանների ապամոնտաժումը երեկ շարունակվել է, բայց այս անգամ այն անցել է առանց միջադեպերի, առանց լուրջ դիմադրության:
Հիշեցնենք` մի քանի օր օպերային հարակից սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց էին իրականացնում` փակելով Մաշտոցի պողոտան:
Արդեն երեկ ակցիաները դադարեցին, եւ քաղաքապետարանը, ըստ էության, խաղից հաղթող դուրս եկավ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը` սրճարանների տարածքների վարձակալության հետ կապված, լրիվ օրինական են, այսինքն` օրենքով են կնքված:
«Երբ ասում ենք, որ այնտեղ տարակուսելի պահեր կան, մենք դա համադրում ենք ներկայումս Երեւան քաղաքում, հատկապես` կենտոն տարածքում, հողի վարձակալության շուկայական գները եւ այն փաստացի գները, որոնցով վարձակալվել են այս տարածքները»,-ասաց Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ քաղաքապետարանը իրավական հանձնառություն չունի այդ մարդկանց տարածքներ եւ աշխատատեղեր առաջարկելու: «Քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում հնարավորինս խթանել, աջակցել մարդկանց, այդ թվում` այն տնտեսվարողներին, որոնք նախկինում վարձակալում էին այդ տարածքները, եւ նրանք կարող են ցանկացած հատվածում, որտեղ պատշաճ է սրճարանային բիզնես ծավալելը, վերաստեղծել դա: Քաղաքապետարանը որեւէ խոչընդոտ չի ստեղծի: Հայկ Մարությանը ասել է, որ մնացած տարածքներն էլ, որոնք նախկինում զբոսայգիներ են եղել, զավթվել են, վերադարձվելու են հանրությանը, եւ դա շարունակական գործընթաց է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հարցրինք` արդյոք քաղաքապետարանը սկսել է կենտրոնից, հետո էլ անցնելու է այլ վարչական շրջանների: Կարապետյանն ասաց, որ չէր ասի, թե կենտրոնից են սկսել, որովհետեւ այլ վարչական շրջաններում, օրինակ` Զեյթունում, Արաբկիրում եւս նման աշխատանքներ իրականացվում են, սակայն նման արձագանք չեն ստացել հասկանալի պատճառներով:
Հիշեցնենք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հաջորդիվ ապամոնտաժվելու են Օղակաձեւ զբոսայգու տարածքին հարակից սրճարանները:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ՆՈՐ ԿԱԶՄ
Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամը նոր կազմ կունենա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը կառավարությանը առաջիկայում հիմնադրամի կազմը փոխելու եւ հաստատելու մասին որոշման նախագիծ կներկայացնի: Ըստ բնապահպանության նախարարության` Հայաստանում ներքաղաքական իրավիճակից բխող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշման մեջ` վերանայելով հաստատված կազմը: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
ՉԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի մանկապարտեզը ամբողջովին պատրաստ է, սակայն տեւական ժամանակ է` շահագործման չի հանձնվում: Ու հիմա այս գյուղի երեխաները ստիպված են մանկապարտեզ հաճախել այլ գյուղեր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` համայնքապետ Սարիբեկ Կարապետյանը հաշվի չի առել, որ մանկապարտեզի շահագործման համար միայն կառուցելը բավական չէ: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գնացել է գյուղ, տեսել է մանկապարտեզը, տեղյակ է, որ համայնքապետարանը կարծես թե վարչական ծախսերի համար միջոցներ չունի: Մարզպետը համայնքապետին առաջարկել է հարկերի հավաքագրումները բարձրացնել, որպեսզի կարողանա լուծել այդ հարցը: Մարզպետի այցը համայնք եղել է դեռ նախորդ տարվա վերջին, սակայն, ինչպես տեսնում եք, խնդիրը դեռ չի լուծվել: Համայնքապետն էլ հստակ ժամկետներ չի նշել: Հավելենք նաեւ, որ Լուսագյուղի դպրոցը հիմա նորմալ չի ջեռուցվում, սակայն մարզպետի հավաստմամբ` այս տարի այդ հարցը կլուծվի: Այդ խնդիրը լուծվելու է մարզպետարանի խնայած միջոցների հաշվին:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր` Նարեկ Սարգսյանի արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա՝ Չեխիայի իրավապահ մարմիններին: Ըստ նրանց՝ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կհայտարարվի արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին: Դատախազության հայտարարությունից անցել է շուրջ 2,5 ամիս: «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է Ն. Սարգսյանի արտահանձնման հարցը: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատախազության դիմումը չեխական կողմում դեռ քննարկման փուլում է: