Ինչպես հայտնի է, այն բանից հետո, երբ նախորդ շաբաթվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը հերթով հրապարակեց մարտի 1-ի գործով վկաներից երեքի, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքները, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ: Պարզ է, որ հարուցված քրեական գործն ամենեւին էլ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ չէ, որովհետեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը (9-րդ հոդված, մաս 3) հստակ սահմանում է՝ լրատվական գործունեություն իրականացնողը որեւէ պատասխանատվություն չի կրում օրենքով սահմանված կերպով գաղտնի համարվող տեղեկատվությունը հրապարակելու համար: Ըստ այդմ` ՀՔԾ-ի իրավաբանական թիրախն էլ ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթն է, որը ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը կամ մարդիկ, որը կամ որոնք փոխանցել են Մարտի 1-ի գործի մասին տվյալները լրագրողին: Այսինքն՝ հրապարակողը նա կամ նրանք են: Բայց չնայած սրան` քրեական գործն ուղղակի հարվածելու է «Ժողովուրդ» օրաթերթի եւ, ընդհանրապես, լրատվամիջոցների գործունեությանը այն պարզ պատճառով, որ այսուհետ տեղեկատվության աղբյուրները, որոնք ցանկանում են գաղտնի մնալ, եւ որոնց գաղտնիությունը երաշխավորված է նույն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, կփորձեն զգուշանալ, եւ լրագրողները կարող են զրկվել տեղեկատվության թանկարժեք աղբյուրներից, որոնց վստահությունը ձեռք բերելու համար ստիպված են եղել տեւական ժամանակ լուրջ աշխատանք կատարել: Այնպես որ, ՀՔԾ այս քայլը՝ քրեական գործի հարուցումը, ուղղակի հարված է խոսքի եւ մամուլի ազատությանը, տեղեկատվության ազատությանը, հասարակության՝ տեղակացված լինելու իրավունքին. մի իրավունք, որը փորձում է ապահովել «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավատարիմ իր սկզբունքին՝ օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին:
«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե Արցախի Հանրապետությունում պետք է հեղափոխություն լինի, եւ այդ գործընթացն, ըստ էության, սկսված է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Եթե օրենքով սահմանված կարգով գործեն, այլ տարբերակ պարզապես չկա: Արցախում որոշ մեկ-երկու հոգի փորձել են ինչ-որ ալիք բարձրացնել, բայց մեր ժողովուրդը այս կամ այն մարդկանց աթոռի հարցերը կարգավորելու համար չի գնալու հակաօրինական քայլերի, եւ ես ավելի քան համոզված եմ` մեկ-երկու հոգու աթոռի ամբիցիաները բավարարելու համար մեր ժողովուրդը չի անի նման բան: Մենք ունենք օրենք, օրենքով սահմանված կարգ, ընտրություններ` նախագահի եւ խորհրդարանական, որոնք պետք է տեղի ունենան 2020 թվականի մարտի վերջին, եթե չեմ սխալվում: Մնացած բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքի սահմաններում: Օրենքի խախտում լինի, համապատասխան վերաբերմունք է լինելու: Եթե խախտում չլինի, դե ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Բաբայանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ: Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի եւ 10 դատավորների նկատմամբ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մեր հարցմանն ի պատասխան, նշել է, թե անպատասխան է թողնում այն, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Այդ դատավորների թվում նշվում է նաեւ Ստեփան Միքայելյանի անունը, քանի որ նրա գործողությունների հետ կապված նույնիսկ քաղաքացին բողոքել է նախարարին: «Վարույթ չի հարուցվել, քաղաքացին դիմել է արդարադատության նախարարին, իսկ նախարարը մեզ հարցադրումներ է ուղարկել, մենք էլ մեր բացատրությունն ենք տվել»,- ասաց Միքայելյանը:
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, սակայն ԱԺ ներկայացված փոփոխությունները միայն օրենսգրքի մի մասն են: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ այս օրենսգիրքը երկու մասով է բերվելու խորհրդարան։ Եվ, ահա, այս նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը: 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34 հազար դրամ: Նախագիծը նոր է մուտքագրվել խորհրդարան եւ դեռ վարչությունների կողմից փորձաքննություն չի անցել։
ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
Օպերային հարող տարածքի սրճարաններն ապամոնտաժելու` Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության շուրջ բարձրացած աղմուկին քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն անդրադարձավ: Ընդ որում, այս կուսակցությունը երեք օրվա ընթացքում միանգամից երկու հայտարարություն տարածեց ՀՅԴ տարբեր կառույցների անունից` քննադատելով քաղաքային իշխանություններին: Ապամոնտաժման աշխատանքների առաջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերից, բախումներից հետո` մարտի 14-ին, հայտարարություն տարածեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը` շեշտը դնելով խնդրի սոցիալական կողմի վրա:
Արդեն մարտի 17-ին` կիրակի օրը, առանձին հայտարարություն տարածեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն` մտահոգություն հայտնելով Երեւանի քաղաքապետարանի իրականացրած գործողությունների առնչությամբ: «Քաղաքային իշխանությունների թիրախավորված շտապողականությունը եւ դիվիդենդներ շահելու բացահայտ պոպուլիստական քայլերը՝ կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են։ …Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը։ Ի դեպ, այդ նույն քաղաքացիների ձայներով են ընտրվել նրանք»,- հայտարարության տոնայնությունն ավելի խստացրել էր կոմիտեն։
Համաձայնեք` այս հարցում ՀՅԴ հետեւողականությունը մի տեսակ շատ է աչքի զարնում: Կմտածեք՝ որպես սոցիալիստական կուսակցություն` նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նման հարցերին, այդ իսկ պատճառով միանգամից երկու հայտարարություն են արել: Ասել է թե` գաղափարական պայքար են մղում` ընդդեմ քաղաքային պոպուլիստ իշխանությունների: Իրավունք ունեք այդպես մտածելու: Բայց հիասթափեցնենք. ամենեւին էլ այդպես չէ: Այդպես չէ, որովհետեւ տվյալ դեպքում գաղափարական պայքարի նշույլ անգամ չկա. այս կուսակցության առանցքային դեմքերից ոմանք Օպերայի տարածքից ապամոնտաժման ենթակա սրճարանների սեփականատերերն են: Նրանցից ամենահայտնին Միքայել Մանուկյանն է, որ Երեւանի ավագանու վերջին արտահերթ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ ընտրացուցակը: Ըստ այդմ` դրանով էին պայմանավորված «Դաշնակցության»` իրար հաջորդած հայտարարությունները: Ի վերջո, ավելի քան երկու տասնամյակ առաջ ՀՅԴ ներկայացուցիչը հիմնադրել էր իր սրճարանը, եւ երբ իրենք իշխանության կազմում էին, միանգամից բավականաչափ ընդարձակել էին տարածքը: Իրենց բիզնեսն անարգել ծավալել են նաեւ, երբ նախկին իշխանությունների օրոք ընդդիմադիր էին ձեւանում:
Այնպես որ, ՀՅԴ պահվածքն իսկապես աչքի է զարնում ու, ցավոք, մի տեսակ վստահություն չի ներշնչում: