Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ամեն հինգշաբթի պարտադիր նիստեր էին անում, որից հետո հանդիսավոր կերպով պատմում այդ նիստում տեղի ունեցած քննարկումների մասին: Բայց ինչպես ասում են, հիմա փոխվել են ժամանակները, եւ ամենշաբաթյա նիստերի կարիք այլեւս չկա. ի վերջո, ՀՀԿ-ն` որպես կուսակցություն, կամաց-կամաց «մարում է»:
Վերջին անգամ կուսակցության գործադիր մարմնի անդամները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնապես իրար գլխի են հավաքվել փետրվարի 14-ին, եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: «Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը», – ասված էր հաղորդագրությունում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հստակ չկարողացավ պատասխանել, թե այս մեկ ամսվա ընթացքում նիստ չանցկացնելու պատճառները որոնք են: Միեւնույն ժամանակ, Թադեւոսյանի խոսքով, կուսակցությունում սովորական իրավիճակ է, ընթացիկ աշխատանքներ են, սակայն առաջիկայում համագումար չի սպասվում:
Ամեն դեպքում, նկատենք, որ ՀՀԿ գործադիր նիստերը վաղուց ձեւականություն են դարձել, քանի որ ղեկավար կազմի մի քանի անդամներ դադարեցրել են իրենց համագործակցությունը կուսակցության հետ եւ բնականաբար չեն մասնակցում այդ նիստերին: Բացի այդ, մի քանիսն էլ չնայած կուսակցության անդամ են, սակայն վաղուց չեն առնչվում կուսակցությանը եւ ոչ էլ նիստերին մասնակցում: Նկատեցինք անգամ, որ կուսակցության պաշտոնական կայքէջից բացակայում են կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի մարմնի անդամների քանակն ու անունները: Սակայն Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե պատճառը միայն տեխնիկական է, կայքը վերազինման փուլում է, եւ առաջիկայում կուսակցությունը նոր, թարմացված կայք կունենա: Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունից չափազանց մեծ արտահոսք է եղել, եւ այդ առումով հետաքրքիր կլինի տեսնել, թե որքան մարդ է իրականում մնացել գործադիր մարմնի եւ խորհրդի կազմերում:
Իսկ ինչո՞վ են զբաղված կուսակցության անդամները: Հետեւելով վերջին շրջանում կուսակցության գործիչների ծավալած գործունեությանը` նկատում ենք, որ հիմնականում նրանք ակտիվ են օնլայն տիրույթում` փորձելով գտնել նոր իշխանությունների թեկուզ ամենափոքր թերությունները եւ դրա հաշվին քաղաքական դիվիդենտներ եւ կողմնակիցներ հավաքել: Սակայն ակտիվ ՀՀԿ-ականներն էլ շատ չեն: Նույն համացանցում կամ հարցազրույցների տիրույթում ակտիվ են հիմնականում Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը, մյուսները փորձում են ավելի շատ կողքից հետեւել տեղի ունեցող գործընթացներին: Սակայն հետաքրքիր է, որ որքան էլ Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է կուսակցության անդամակցությունը, սակայն, ամեն դեպքում, օնլայն հարթակում նրա ակտիվությունը կրկին ՀՀԿ շահերին է միտված, եւ հասարակական գործունեության ոլորտում եւս նա փորձելու է մշտապես առաջ տանել հենց այդ կուսակցության շահերը:
Ամեն դեպքում, Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ում պատահական մարդ չէ, հասցրել է կարճ ժամանակահատվածում հայտնվել կուսակցության վերին օղակներում, դառնալ ԳՄ անդամ, զբաղեցնել ղեկավար պաշտոն նաեւ խորհրդարանում: Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը «Դավիթ եւ գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու է մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Այդ ընկերությունը հիմնադրել է Դավիթ Հարությունյանը, որը դե ֆակտո դեռեւս հանդիսանում է ՀՀԿ անդամ, սակայն նա էլ ակտիվ չէ, չնայած 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության շտաբի պետն էր: Եվ այս իրավիճակում ՀՀԿ-ն իսկապես դժվարությամբ է կարողանում ԳՄ նիստեր գումարել, քանի որ բացակաները մեծաթիվ են լինում, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող ուժի անդամները գերադասում են փոքր-փոքր խմբերով առանձին հանդիպումներ ունենալ` հեռու լրատվամիջոցներից եւ մարդկանցից, եւ չհավաքվել Մելիք-Ադամյանում:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել, եւ, մեր տեղեկություններով, որքան մոտենա այդ օրը, այնքան իշխող ուժի անդամները սկսելու են ավելի սուր քննադատել նորընտիր իշխանություններին` փորձելով ապացուցել, որ այդ մեկ տարում կա՛մ ոչինչ չի փոխվել, կա՛մ նույնիսկ ամեն ինչ դեպի ավելի վատն է փոխվել: Ավելին, մեր տեղեկություններով` ապրիլի 23-ին հայտարարությամբ է հանդես գալու նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ
Որքան մոտենում է Արցախի նախագահի ընտրության օրը, այնքան հավանական թեկնածուներն ավելի են ակտիվանում` փորձելով անուղղակի քարոզարշավ ծավալել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս պահի դրությամբ արդեն հայտնի են մի քանի թեկնածուների անուններ՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայան, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, չի բացառվում` նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան, որն արդեն ունի իր սեփական կուսակցությունը: Եվ նրանցից յուրաքանչյուրը որոշ չափով արդեն քարոզչություն է սկսել՝ իր շուրջը համախմբելով մարդկանց: Օրինակ` երեկ Վիտալի Բալասանյանը դիմել է նախագահին իր դեմ մահափորձ կատարողներին ներում տալու խնդրանքով: Արցախում, շատերի կարծիքով, Բալասանյանի այս քայլն իրականում նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում, երբ փորձում է ընտրություններից առաջ մարդասիրական քայլեր անել: Հիշեցնենք, որ Բալասանյանի դեմ մահափորձ էր իրականացվել 2013թ. դեկտեմբերի 29-ին: Մահափորձ կատարելու համար դատապարտվել էին Արա Ավետյանն ու Սերգեյ Հարությունյանը:
ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսային հարցաքննել են, սակայն դեռեւս որեւէ ապացույց չկա, որ նա կապ ունի Գյումրիում տեղի ունեցած դանակահարության հետ: Նշենք, որ մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գեւորգ Պետրոսյանը հիվանդանոց էր տեղափոխվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` որպես դանակահարող շոշափվում է Վ. Ղուկասյանի փեսայի` Հովհաննեսի անունը: Ինչեւէ, մեզ հայտնի դարձավ, որ գործով դեռեւս չկա մեղադրյալ, սակայն հարցաքննվել են մի խումբ անձինք:
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Օրերս Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց, որ պատրաստվում է դիմում գրել եւ լքել տեղակալի պաշտոնը. «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»: Գրառումից մոտ մեկ ժամ հետո Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս միջադեպին, հայտնեց, թե ինքը շատ լավ հարաբերությունների մեջ է Աջափնյակի ղեկավարի հետ, իր հեռախոսը գողացել էին, իսկ մեղավորները անպայման կպատժվեն: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից տեղեկացավ, որ Արամ Մանուկյանը այդ հարցով ոստիկանություն չի դիմել, սակայն հաշվի առնելով նշված հրապարակումը` այս պահին Մաշտոցի բաժնում դրա վրա նյութեր են ստեղծվում: Մանրամասները դեռ հայտնի չեն: «Ժողովուրդ» օրաթերթը գողության հանգամանքները պարզելու համար զանգահարեց նաեւ Արամ Մանուկյանին, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց: Այնուամենայնիվ, կսպասենք նյութերի նախապատրաստման ընթացքին` հասկանալու, թե ով էր, ի վերջո, գողացել տեղակալի հեռախոսը, եւ ինչու էր հենց նման բովանդակությամբ հրապարակում արել:
ԼԻՈՎԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ իշխող քաղաքական թիմն իր լիակատար աջակցությունն է հայտնում Օպերայի շրջակա տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին: «Միանշանակ աջակցում է: Դա ընդհանուր, թիմային որոշում է: Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է, եւ համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետեւ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի ամենակենտրոնի մասին… Ոչ մի արտոնյալ չի լինելու»,- ասաց փոխվարչապետը:
ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
ՀՀ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է ընդունելի Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ Արցախը պետք է դրվի Ռուսաստանի Դաշնության մանդատի ներքո, պատասխանել է. «Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ինչ-որ մի պետության մանդատի տակ դնել: Կարծում եմ` նմանատիպ խոսակցությունները կարող են տանել նրան, որ մարդիկ ուղղակի կհուսալքվեն: Այսինքն` մենք չենք կարող ուրիշ պետությանը խնդրել, որ այդ հարցով զբաղվի: Կարծում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նաեւ հանրաքվեով Արցախում արդեն ամրագրված է, հետեւաբար դրանից հետո խոսել Արցախը որեւէ պետության մանդատի տակ դնելու հարցի շուրջ, մեզ համար կտրականապես անընդունելի է»,- նշել է Է. Մարուքյանը:
ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել: «Նախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության հրատապ թեմաները: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ»,- նշված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Վերջինս նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է գործուն մասնակցություն բերել ՀՀ զարգացմանն ու առաջընթացին` ակտիվորեն աշխատելով ԱՄՆ կառավարական կառույցների եւ ինստիտուտների հետ:
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին: Նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու գործընկերության ամրապնդման եւ ընդլայնման ուղղությամբ` ի նպաստ ՀՀ-ում կայուն զարգացման նպատակների ազգայնացման եւ իրագործման: Զ. Մնացականյանը ներկայացրել է նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: