«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Վարդան Բադալյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների մասին: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը: Վարդանը խոստովանել է, որ բավական ցավագին է վերաբերվում սեփական սխալներին, եւ մանրուքները, որոնք շատերի համար նշանակություն չունեն, իր վրա կարող են մեծ ազդեցություն ունենալ: Նա իր կյանքում շրջադարձային է համարում ժողովրդական երգեր կատարելու որոշումը: Ասում է՝ դա իր կատարած ամենաճիշտ քայլն էր, որը ճիշտ էլ ընդունվեց հանրության կողմից:
-Վարդա՛ն, երբ զարթնում եք, անպայման…
-Նախաճաշում եմ:
-Ի՞նչն է Ձեզ դարձնում ուժեղ եւ անխոցելի:
-Ընտանիքս, ընկերներս, աշխատանքս:
-Սեփական սխալները ցավագի՞ն եք տանում:
-Շատ, չափից դուրս շատ: Մանրուքները, որոնք մյուսները կարող են չնկատել, ես ծանր եմ տանում, դրանք ինձ վրա մեծ ազդեցություն են թողնում:
-Այս երեքից ո՞ր ըմպելիքն եք նախընտրում՝ կոնյակ, վիսկի, թե՞ գինի:
-Ճիշտն ասած՝ օղի, բայց եթե ստիպված եմ ընտրել, ուրեմն կոնյակ:
-Ինչպե՞ս եք վարվում թիկունքից հարվածողների հետ: Առհասարակ, հաճա՞խ եք հարվածներ ստանում:
-Չէի ասի, թեպետ փոքր ինտրիգներ միշտ էլ լինում են: Բայց հարվածողներին ես չեմ հարվածում, պարզապես զգուշանում եմ:
-Ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունն ինչի՞ հետ է կապված եղել:
-Ես շուտ հիասթափվողներից չեմ:
-Իսկ ի՞նչը կարող է Ձեզ կոտրել:
-Իհարկե, կարող ենք ասել՝ ոչ մի բան, բայց իրականում անարդարության հանդիպելիս մարդ կոտրվում է:
-Ափսոսում եք, որ…
-Չեմ սիրում արածների կամ չարածների համար ափսոսալ: Ոչինչ պատահական չի լինում: Բայց ամենաշատն ափսոսում եմ անցնող ժամանակի համար, որն անվերադարձ է գնում մեզնից:
-Ունե՞ք մի հատկություն, որը բոլոր մարդիկ առանձնացնում են Ձեր մեջ:
-Մարդիկ սովորաբար մատնանշում են իմ հումորի զգացումը:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչը կփրկի աշխարհը:
-Բոլորս էլ կուզենայինք, որ գեղեցկությունը փրկեր աշխարհը, բայց, ցավոք, այդ գործը գեղեցկության մենաշնորհը չէ: Պետք է միանան նաեւ խելքն ու բարությունը: Մի խոսքով, մարդը կփրկի աշխարհը:
-Ո՞ր դեպքում եք համարում, որ Դուք հաղթել եք:
-Երբ պարտվողն ինձնից չի նեղանում:
-Բնութագրե՛ք ներկայիս քաղաքական կյանքը մեկ բառով:
-Բարդ հարց եք տալիս, երեւի` խառը, շատ խառը (ծիծաղում է): Բայց հույսս չեմ կորցնում, որ լավ է լինելու:
-Այս երեք հատկություններից ո՞րը Ձերը չէ՝ նեղացկոտ, պարծենկոտ, մտածկոտ:
-Երեւի պարծենկոտը: Մարդ կա՝ իր չարածն էլ է կարողանում ճոխ-ճոխ ներկայացնել, իսկ ես նույնիսկ արածս չեմ կարող:
-Ինչի՞ց կախվածություն ունեք:
-Հայաստանից: Ուրիշ ոչ մի երկրում մեկ ամսից ավել չեմ կարողանում ապրել, չի ստացվում: Հայաստանից լավ տեղ չկա: Կախվածություն ունեմ նաեւ ընտանիքիցս, տղայիցս, համացանցից, շատ բաներից…
-Կնախընտրեք պահել կենդանինե՞ր, թե՞ խնամել բույսեր:
-Դեմ եմ տնային պայմաններում կենդանիներ պահելուն. դա հենց կենդանու համար է վատ, իսկ բույսեր աճեցնելն, իհարկե, ողջունելի է:
-Ձեր ստեղծագործական կյանքի շրջադարձային փուլն ինչի՞ հետ եք կապում:
-Երբ սկսեցի ժողովրդական երգեր կատարել, դա, իրոք, շրջադարձային պահ էր: Ինձ սկսեցին ավելի լավ ընդունել, հայտնվեցի այնտեղ, որտեղ պետք էր: Ճիշտ քայլս ճիշտ էլ ընկալվեց:
-Ո՞ր հեղինակի գործերն են Ձեզ հիացնում:
-Ես հեքիաթներ եմ սիրում: Հայկական հեքիաթներն ավելի իրական են, քան պատմությունը (ծիծաղում է): Օրինակ՝ անխելք մարդու կերպարը միշտ արդիական է լինելու: Թումանյանի բոլոր հեքիաթները եւ մյուս գործերը անչափ հոգեհարազատ են ինձ:
-Շատ ընկերներ ունե՞ք:
-Ընկեր ասվածը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում: Պարտադիր չէ, որ ընկերոջդ ամեն օր տեսնես: Նրան կարող ես ամիսը մեկ անգամ տեսնել, բայց գիտես, որ ընկերդ է: Ես շատ ընկերներ չունեմ, բայց ում ունեմ, շատ եմ վստահում:
-Եվ վերջում՝ իմ ո՞ր հարցը Ձեզ դուր եկավ:
-Բոլորը:
«ԿՆՈՋԸ ԽՈՑԵԼԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԻՐ ԵՐԵԽԱՆ»
Կանանց միամսյակի առթիվ զուտ կանացի թեմաներով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ամիսներ առաջ մայրացած երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ:
-Քրիստինե՛, նախ՝ ավանդական դարձած հարցը. ի վերջո, ի՞նչ են ցանկանում կանայք:
-Եթե որեւէ մեկին հաջողվեր պատասխանել այդ հարցին, մենք կանանցով ոտնկայս կծափահարեինք նրան (ծիծաղում է): Կանայք երեւի ներդաշնակություն են ուզում, դա է նրանց պետք:
-Ո՞րն է եղել ամենաթանկ նվերը, որ երբեւէ ստացել եք տղամարդուց:
-Կարեւոր չէ՝ նվեր տվողը կին է, թե տղամարդ: Ես նման տարանջատում չեմ դնում: Կարող եմ այսպես ձեւակերպել. կյանքից ստացած ամենաթանկ նվերս որդիս է՝ Արեգը:
-Որպես կին՝ ումի՞ց եք միշտ օրինակ վերցնում:
-Սովորաբար փորձում եմ մրցակցության եւ համեմատության մեջ մտնել ինքս ինձ հետ: Փորձում եմ ինքս ինձ գերազանցել: Ամեն տարի ձգտում եմ ավելի իմաստուն, ավելի լավը լինել:
-Ի՞նչն է Ձեր արտաքինին գրավչություն հաղորդում:
-Ինձ համար դժվար կլինի այդ մասին խոսել, երեւի ճիշտ կլինի՝ այդ մասին ուրիշները խոսեն: Ճիշտն ասած՝ արտաքինը մեծ դեր չունի իմ կյանքում:
-Կցանկանայի՞ք տղամարդ լինել թեկուզ մեկ օրով:
-Չէ, երբեք նման ցանկություն չեմ ունեցել, ես իմ բնությամբ կին եմ:
-Կնոջը ի՞նչն է խոցելի դարձնում:
-Հիմա արդեն կարող եմ ասել, որ երեխան: Երբ մայր ես, այդպես է:
-Ո՞ր կինն է սեքսուալ:
-Ավելի փակ հագուստով, մարմնի մասերը չցուցադրող եւ խնամված կինը:
-Դժվար չէ՞ միաժամանակ լինել բեմի մարդ եւ կին:
-Առհասարակ, բեմի մարդ լինելը շատ ավելի դժվար է, քան մարդիկ պատկերացնում են, բայց դա իր առավելություններն էլ ունի: Բեմի մարդիկ մեծ պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների, խոսքերի, շարժուձեւի համար:
-Ըստ Ձեզ՝ միայնակ կինը կարո՞ղ է երջանիկ լինել:
-Իհարկե, կնոջ համար շատ առիթներ կան երջանկանալու, եւ կինը կստեղծի իր համար այդ առիթները:
-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մայրերը երբեք միայնակ չեն լինում:
-Իհարկե, համաձայն եմ: Եթե դու ունես շարունակություն, արդեն իսկ մենակ չես:
-Եվ վերջում՝ Ձեր մաղթանքը մեր կանանց եւ աղջիկներին:
-Շնորհավորում եմ բոլորին: Իրականում մենք շատ ավելի ուժեղ ենք, քան կարելի է ենթադրել: Ուզում եմ, որ ամեն կին ունենա իր կյանքում այն, ինչ իրեն երջանկացնում է:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԵՎՐՈ 2020»-Ի ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Շուտով կսկսվի «ԵՎՐՈ 2020»-ի ընտրական փուլը: Նոր հույսեր, նոր սպասելիքներ, կրկին վստահ, որ ուղեւորվելու ենք «ԵՎՐՈ 2020»-ին: Այսպիսին է Հայաստանի հավաքականի վիճակը խոշոր մրցաշարի նախընտրական փուլից օրեր առաջ: Կազմում գրեթե չկան փոփոխություններ. նույն ֆուտբոլիստները կրկին պետք է փորձեն կատարել գրեթե անհնարինը, եւ արդյոք ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականը պետք է կարողանա դիմակայել Իտալիայի, Բոսնիայի եւ, ինչու ոչ, նաեւ Հունաստանի ուժեղ ընտրանիներին:
Հավաքականի մթնոլորտը
Սա հաղթանակի գլխավոր գործոններից է: Մեր հավաքականում մթնոլորտը բոսնիացիների դեմ խաղից առաջ շատ լավ է: Կարծես Արմեն Գյուլբուդաղյանցը Մելենդեսի հետ միասին մշակել է ֆուտբոլիստներին մոտիվացնելու եւ պայքարի մղելու մի շատ լավ պլան: Այս պահին Հայաստանի հավաքականում կա լավ մթնոլորտ, կա մոտիվացիա եւ կա հաղթանակի ցանկություն: Սա մեծապես կարելի է կապել հենց Մելենդեսի եւ մեր մարզչական շտաբի` Իսպանիա ուղեւորության հետ:
Ֆավորիտ չլինելու առավելությունը
Հայաստանի հավաքականը ֆավորիտ չի համարվում J խմբում: Այս փաստը մեծ առավելություն է տալիս մեր ֆուտբոլիստներին: Ֆավորիտ չլինելով` մենք մեր վրա չենք սեւեռում մրցակիցներին եւ հնարավորություն ենք տալիս վերջիններիս թերագնահատել մեր հնարավորությունները: Այս ամենը առավելության հասնելու շանսերը կտրուկ մեծացնում է: Եւ չպետք է մոռանալ, որ այդպես ֆավորիտ չլինելով` մենք կարողացել ենք հաղթել շատ ուժեղ հավաքականների:
Սեփական երկրպագուների առջեւ արդարանալը
ԱԱ 2010, ԵՎՐՈ 2012, ԱԱ 2014, Ազգերի Լիգա եւ այլն: Սրանցից ոչ մեկում մեր հավաքականը արդյունք գրանցել չկարողացավ: Արդեն այն միակ ճանապարհն է, որով կարելի է գրավել սեփական երկրպագուների սրտերը եւ վերջապես արդարացնել անդադար պարտությունները: Եվ մեր ֆուտբոլիստները եւ մենք տառապում ենք հաղթանակների անհագ ծարավով:
Անհատական ֆուտբոլիստների առկայությունը
Անհատական բարձր մակարդակի ֆուտբոլիստներ, որոնք յուրաքանչյուր դրվագում կարող են որոշիչ դեր խաղալ:
Մեր հավաքականում կան այդպիսինները: Առաջին հերթին, իհարկե, պետք է նշենք Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հենց նրա շուրջ պետք է կառուցվի մեր հավաքականի խաղը, հենց նա իր կտրող փոխանցումներով պետք է «ոչնչացնի» մրցակիցների պաշտպանությունները: Պարզ է, որ Գյուլբուդաղյանցը «խաղադրույքը» կատարելու է հենց Մխիթարյանի վրա:
Արաս Օզբիլիս եւ Յուրա Մովսիսյան: Օզնիլիսն իր պտտեցնող անցումներով, իսկ Մովսիսյանը` որսորդի հոտառությամբ: Այս ֆուտբոլիստները եւս հզոր դեր կարող են խաղալ հավաքականի դժվարին ճանապարհին:
Սրանք այն կարեւորագույն կետերն են, որոնց հաշվին մեր հավաքականը կարող է վերջապես մասնակցել խոշոր մրցաշարի:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ