ԱՉԱԼՐՋՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տեւեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաեւ անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված:
Փաշինյանը չշրջանցեց նաեւ նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»,- ասաց վարչապետը: Նա նաեւ նշեց, թե ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք չկա։ «Ես սա ասում եմ որպես արձանագրում, եւ մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա, թե չկա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության դեմ սեւ հակաքարոզչության համար ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց, միեւնույն է, հեղինակները ժողովրդի աջակցությունը չեն ստանա:
Այո, նախկին իշխանությունների եւ հասարակության միջեւ անջրպետը վերջին քսան տարվա ընթացքում միայն խորացել էր: Հասարակությունը տարիներ շարունակ մերժել է այդ իշխանությանը եւ նախորդ տարի վերջապես հասավ հաջողության` ստիպելով ՀՀԿ-ին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թողնել պետության ղեկը: ՈՒ որքան էլ նախկին իշխանություններն այսօր աննախանձելի վիճակում են, միեւնույն է, հակառակորդին թերագնահատել պետք չէ, առավել եւս, երբ այդ հակառակորդը ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում Փաշինյանի կառավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով: Ավելին, պետական կառավարման համակարգն արմատական կադրային փոփոխությունների չի ենթարկվել, ու նախկին իշխանության շատ կադրեր դեռ առանցքային պաշտոններ են զբաղեցնում նաեւ ուժային կարեւոր կառույցներում: Այնպես որ, սաբոտաժի, հասարակության տրամադրությունները կառավարության դեմ ուղղորդելու հնարավորությունները սպառված չեն:
Հիմա Փաշինյանը որքան էլ ոգեւորված լինի իր ներկա վարկանիշով, ժողովրդի աջակցությամբ, սեփական ազնվությամբ, միեւնույն է, պետք է աչալուրջ լինի քաղաքական հակառակորդների նկատմամբ:

 

 

Ապարանի տարածաշրջանի որոշ համայնքներում վերջին շրջանում շատ գյուղապետերի կողմից չարաշահումների դեպքեր են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե իրավապահ մարմինները չպետք է ընկնեն գյուղապետերի հետեւից: «Չգրված, բայց պարտադրված կարգեր են եղել նախորդ իշխանությունների օրոք: Նախորդ իշխանությունը կոռուպցիոն սխեմայով է ղեկավարել երկիրը: Այսինքն` պարտադրել են, որ գյուղապետը խախտումներ անի: Մոզամբիկից էր, որտեղից էր, մասնագետ էին բերել, որ ցորեն աճեցնի, կովի կրծքերն էին լվալ սովորեցնում, բոլոր ճանապարհաշինարարությունները, գազաֆիկացման աշխատանքները, բոլոր դպրոցների վերանորոգումները, մանկապարտեզների կառուցումները, վարկային ծրագրերը, խորհրդատվական ծախսեր կային 24 տոկոս: Սա է իրենց ման գալու տեղը, ոչ թե էկել ընկել են գյուղապետերի հետեւից»,-ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով,- «Թող ձեռք քաշեն գյուղապետերից: Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք քրեական գործերով` հատկապես ավտովթարների հետ կապված, նախաքննական մարմինը փորձաքննություններ է նշանակել եւ այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է փորձագիտական կենտրոնին: Բայց հիմա այդ կենտրոնից կադրային արտահոսք է սկսվել. ավտոդատատեխնիկական փորձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին, ու չկա մարդ, որ կարողանա եզրակացություն տալ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց այդ փորձագիտական կենտրոնի ղեկավար Արտաշես Սուչյանին, որը, սակայն, հերքեց այդ լուրերը. «Նման բան չկա, ուշացումը կախված է բացառապես փորձագետների ծանրաբեռնվածությամբ: Ազատումներն ու ընդունումները բնականոն աշխատանքային պրոցեսներ են, մարդն այսօր ցանկանում է այստեղ, մի օր էլ` այլ տեղ, դա կապ չունի»:

 

 

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերություններին կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար. չեն ներկայացրել, դրա համար էլ չեն ստացել, չեն ավարտել աշխատանքները»: Ի դեպ, Գյումրիի փողոցների անբարեկարգ վիճակի թեման բարձրացվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ, ու նա հայտարարեց, որ այդ հարցով կզանգի քաղաքապետ Բալասանյանին: «Դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որեւէ խնդիր չկա: Այնպես որ, մենք ոչ էլ կախարդական փայտիկ ունենք, որ միանգամից կառուցենք»,- մեր հարցին պատասխանեց Բալասանյանը:

 

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՄՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ երեկվա հանդիպումից հետո գազավորված ըմպելիք արտադրողները դադարեցրել են իրենց բողոքի ակցիաները: Հիշեցնենք՝ մի քանի օր շարունակ նրանք կառավարության շենքի մոտ բողոքի ցույցեր էին անում՝ դժգոհելով Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններից: Այդ փոփոխություններով առաջարկվում է 5 տոկոս եւ ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ: Եւ գազավորված ըմպելիք արտադրողները պնդում էին՝ հարկային փոփոխություններն այդ տեսքով ընդունելու դեպքում իրենք ստիպված են բարձրացնել արտադրանքի գինը, ինչն էլ կհանգեցնի սպառման ծավալների նվազման, շուկայից դուրսմղման, իրենց գործարանների փակման:
Երեկվա հանդիպումից հետո գործարարները պնդում են՝ իրենց ու կառավարության ներկայացուցչի միջեւ եղել է փոխըմբռնում, եղել է խոստում՝ Հարկային օրենսգիրքը այս խմբագրությամբ Ազգային ժողով չի գնա, խնդիրը լուծվելու է` ի շահ փոքր ու միջին բիզնեսի: Ավելին, Հարկային օրենսգրքի նոր տարբերակն էլ լինելու է կոմպրոմիսային:
Այսպիսով, պետք է արձանագրենք մեկ կարեւոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արմատապես փոխել է վերջին քսան տարիների կառավարման փիլիսոփայությունը՝ ականջալուր լինելով հասարակության ձայնին: Իշխանությունն այսօր չի խորշում քննարկել ցանկացած խնդիր, ցանկացած բարձրացված հարց: Ավելին, կառավարությունը չի խորշում նաեւ իր սխալներն ընդունելու եւ այդ սխալները շտկելու հարցում: Պատահական չէ, որ նրանք պատրաստակամություն են հայտնել ընդառաջ գնալու գազավորված ըմպելիք արտադրողների պահանջներին եւ փոխելու Հարկային օրենսգրքի նախագիծը:
Նման պահվածքի պատճառը, թերեւս, մեկն է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասարակությանը չի ընկալում որպես հակառակորդ եւ չի տառապում հասարակությանն ամեն գնով հաղթելու մարմաջով: Սա այն պարզ պատճառով, որ պետության ղեկավարը՝ վարչապետն ինքը, իշխանության ղեկին է հայտնվել բացառապես ժողովրդի կամքով, այլ ոչ թե հասարակությանը հակառակ:
Մինչդեռ ՀՀԿ իշխանությունն, ընդհակառակը, հասարակությանը վերաբերվում էր որպես թշնամու: Ու սա էլ բնական էր. ի վերջո, ՀՀԿ-ն իշխանության ղեկին էր հասարակության կամքին հակառակ, ավելին` իշխանությունների ու քաղաքացիների միջեւ անջրպետը տարիների ընթացքում գնալով ավելի էր խորացել` ի վերջո հանգեցնելով իշխանափոխության:




Լրահոս