ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահ համակարգը տարբեր ավտովթարների գործերով փորձաքննություններ է նշանակել եւ այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, սակայն ՀՀ իրավապահներն այս օրերին մի շարք քրեական գործերով հայտնվել են խնդրի առաջ:
Մասնավորապես, նոյեմբերի 7-ին` ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող Կամազ մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Ա. Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը եւ Դավիթ Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էին: Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով, հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները:
Այդ ընթացքում կատարվածի պատճառով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքից հեռացրեց որոշ պաշտոնատար անձանց, իսկ քրեական պատասխանատվության հարցը թողեց ՀՀ իրավապահներին: Անցել է 4 ամիս, եւ ՀՀ իրավապահ համակարգը այս եւ այլ քրեական գործերով սպասում է փորձագիտական կենտրոնի պատասխանին: Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահ մարմինները, հասկանալով, որ մի շարք ավտովթարների գործերով քրեական գործերը փակուղի են մտել, կապ են հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ եւ նրանց հայտնել են, որ փորձաքննությունների եզրակացությունները ուշանում են, քանի որ ՊՈԱԿ-ի ավտոդատատեխնիկական փորձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել, ուստի մասնագետներ չկան, եւ եզրակացություն էլ լինել չի կարող:
Ասել է թե` քրեական գործի քննության ընթացքը ձգձգվում է փորձագիտական կենտրոնից կադրային արտահոսքի պատճառով:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավար Արտաշես Սուչյանից, թե ինչու են մասնագետները համատարած ազատման դիմում գրել, եւ ինչ է լինելու մի շարք աղմկահարույց գործերով նշանակված փորձաքննությունների ճակատագիրը, ի պատասխան` Սուչյանը հայտնեց. «Նման բան չկա, ուշացումը կախված է բացառապես փորձագետների ծանրաբեռնվածությամբ, որեւէ այլ խնդիր չկա: Ազատումներն ու ընդունումները բնականոն աշխատանքային պրոցեսներ են, մարդն այսօր ցանկանում է այստեղ, մի օր էլ` այլ տեղ , դա կապ չունի: Իսկ Ձեր հարցադրումը համատարած ազատում չկա ու չի էլ եղել: Կոնկրետ այդ բաժնի հետ կապված խնդիրը հետեւյալն է. այնտեղ հոսունություն կա բաժնում աշխատակիցների, որովհետեւ ԱՊՊԱ ոլորտով էլ են զբաղվում, մասնագետների պահանջարկը շուկայում շատ է, բայց դա չի նշանակում համատարած ազատումների տեսանկյունից, այդտեղ զուտ, կրկնում եմ, ծանրաբեռնվածության խնդիրն է, որ միայն այդ մյուս փորձաքննությունների գծով էլ, ու այդ մասին բոլորը գիտեն, այնպես չէ, որ դա գաղտնիք է: Մեզ մոտ այդ ծանրաբեռնվածության խնդիրը եղել է»:
Ի դեպ, նկատենք, որ այս ամենի հետեւանքով խնդրի առաջ են հայտնվել նաեւ մեղադրյալները, որոնք գտնվում են կալանքի տակ, եւ հենց փորձաքննությունների պատասխանից է կախված նրանց ճակատագիրը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԶՈՐԱՄԱՍԻ ԲԵՆԶԻՆԸ

ՀՀ իրավապահ համակարգը շարունակում է իրականացնել ՊՆ պաշտոնատար անձանց գործողությունների մասով բացահայտումները։ Մասնավորապես, Ալիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, կոչումով կապիտան, 2017թ. նոյեմբերի 6-ին` ժամը 10:00-ի սահմաններում, նույն զորամասի զինծառայող, շարքային Ռուդիկ Շահբազյանից տեղեկանալով ուսումնական տագնապով 16 համարի ուղեզրով զորամասից դուրս եկած «ԶԻԼ-131» մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայի` Զառիթափ-Սիսիան երթեւեկելու պահին առաջացած անսարքության եւ ճանապարհին կանգնած լինելու մասին, ինչպես նաեւ ի պաշտոնե տեղյակ լինելով ավտոմեքենայի բաքերում առկա վառելիքի քանակության մասին, կոնկրետ քայլերի է դիմել։

Ըստ իրավապահների` բացահայտման նույն օրը` ժամը 17:30-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Ֆոլկսվագեն Գոլֆ 3» մակնիշի ավտոմեքենայով նախօրոք իր հետ վերցնելով ռետինե խողովակ եւ 11 հատ 20 լիտրանոց տարաներ` մեկնել է Երեւան-Սիսիան մայրուղու Զառիթափ խաչմերուկից 200-300 մետր հեռավորության վրա` ճամփեզրի աջ գոտում կայանված «ԶԻԼ-131» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի մոտ եւ ռետինե խողովակի միջոցով նշված ավտոմեքենայի բաքերից գաղտնի հանել է զգալի չափերի` 88 հազար 725 ՀՀ դրամ արժողությամբ 260 լիտր ավտոբենզինը, որից 40 լիտրը լցրել է իր ավտոմեքենայի բաքի մեջ, իսկ 220 լիտրը` լցրել 11 հատ 20 լիտրանոց տարաների մեջ եւ դնելով իր ավտոմեքենայի մեջ` գաղտնի հափշտակել:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվել. Բաբայանը իր արարքը թաքցնելու համար պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տագնապային թիվ 16 ուղեգրում կատարել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր նշված ավտոմեքենան կատարել է զորամաս-Զառիթափ-Սիսիան երթը, ինչի արդյունքում ծախսել է 265 լիտր ավտոբենզին, եւ իր կողմից կազմված կեղծ փաստաթուղթը հանձնել է զորամասի ավտոծառայությանը:
Իրավապահները բացահայտել են, որ նույն զորամասի այլ պաշտոնյաներ եւս նման գործողություններ են իրականացրել։ Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում, որպես հակաօդային պաշտպանության պետ, կոչումով կապիտան ՀՕՊ ստորաբաժանման հաշվեկշռում գտնվող «Գազ-66» մակնիշի ՊՆ8 զինհամարանիշի ավտոմեքենայի փոխանցման տուփը եւ արգելակման մեխանիզմը վերանորոգելու նպատակով ՊՆ ավտոմեքենայից զգալի չափի` 90000 ՀՀ դրամ արժողությամբ, 270լ ավտոբենզին հատկացրել է նույն ստորաբաժանման պայմանագրային զինծառայող, սերժանտ Գառնիկ Սայադյանին, որպեսզի վերջինս վաճառի եւ նշված գումարով կազմակերպի ավտոմեքենայի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ ստորաբաժանման հաշվեկշռում գտնվող այլ մեքենաների համար պահեստամասեր գնի:
ՀՀ ՊՆ զորամասում որպես վերանորոգման վաշտի հրամանատար, կոչումով կապիտան Գրիգոր Բալյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա ծառայելով 2017թ. նոյեմբերի 21-ին զորամասի վերանորոգման վաշտի ավտոտեխնիկայի վերանորոգման դասակի հաշվեկշռում գտնվող «Զիլ-131» մակնիշի ՊՆ7519Շ զինհամարանիշի ավտոմեքենայի համար լրացված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 819 ուղեզրում կատարել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր նշված ավտոմեքենան կատարել է զորամաս-Խնձորուտ-Գվին-Բարձրունի երթը նույն օրը երկու անգամ, ու 71 լիտր բենզինի փոխարեն ծախսել 142 լիտր բենզին եւ իր կողմից կազմված կեղծ փաստաթուղթը հանձնել զորամասի ավտոծառայությանը, արդյունքում ստացված բենզինը լիցքավորվել է նշված ավտոմեքենան: Ստացվում է, որ ՊՆ պաշտոնատար անձինք բանակի բենզինի հաշվին զորամասերում առկա պակաս պահեստամասերի եւ իրենց մեքենաները լիցքավորելու խնդիրն են լուծել։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ
Քաղաքացիների փոխանակման հետ կապված խնդիրը մեր քննարկումների տիրույթում է անընդհատ. այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադառձել է հարցին, թե արդյոք փոխվստահության ամրապնդման համար հնարավոր համարում է, որ հայկական ու ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակում տեղի ունենա բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: «Նախկինում գոյություն է ունեցել պրակտիկա, որ սահմանն անցած, մոլորված մարդկանց մեկ շաբաթվա ընթացքում բոլոր կողմերը` Հայաստանը, Արցախը, Ադրբեջանը, վերադարձնեն, եւ այդ պրակտիկան իրականացվել է միշտ: Դա ընդհատվել է այն ժամանակ, երբ զինված ադրբեջանցիները մտել են մեր տարածք եւ սպանություններ են արել: Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ»:

 

 

ԶՈՐԱՄԱՍ ՍԱՀՄԱՆԻՆ
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել: Զորամասը կառուցվել է սահմանագոտու Ղազախ-Աղստաֆա հատվածում: Ադրբեջանի սահմանային պետական ծառայության ղեկավար Էլչին Ղուլիեւի խոսքով` նոր զորամասը կարեւոր է պետական սահմանի ամբողջականության ապահովման տեսանկյունից: Ղազախի շրջանի հետ Տավուշի մարզի սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի ամենաերկար հատվածն է:

 

 

ԵՎՍ ՉՈՐՍԻՆ
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջեւ տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներից եւս չորսին` Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Արամայիս Պետրոսյանին եւ Հրաչյա Խլղաթյանին, մեղադրանք է առաջադրվել` առեւանգման փորձ կատարելու հատկանիշով: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` ավելի վաղ նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին եւ Դավիթ Սիմոնյանին:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻՆ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ
Երեւանի Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը չի պատկանում Երեւան համայնքին, այլ ինչ-որ մարդու: Այս բացահայտման մասին երեկ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Թե ում են տրամադրվել նշված թաղապետարանների մի մասը, Մարությանը չմանրամասնեց՝ ասելով, որ նրանց անունները չի հիշում եւ չի ճանաչում այդ մարդկանց: Հայկ Մարությանն ասաց, որ այլեւս համայնքին չի պատկանում մեկ մարզադաշտ եւ մեկ գրադարան: «Բոլոր գործերով նյութերը նախապատրաստել ենք եւ ուղարկել ենք դատախազություն»,- տեղեկացրեց Հայկ Մարությանը:




Լրահոս