Մեծ Սեպասար գյուղական բնակավայրը ընդգրկված է Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի մեջ: Գյուղում խնդիրները շատ են եւ բազմազան, բայց բնակչությանը հիմնական մտահոգող հարցը գյուղ մտնող եւ գյուղամիջյան ճանապարհներն են: Ընդ որում, խնդիրները նոր չեն, այլ տասնամյակներ շարունակ եղել են, բնակիչներն էլ բազմիցս բարձրաձայնել են այդ մասին: Վերջապես արձագանք է եղել:
Նախորդ տարի աշնանը որոշում է կայացվել գյուղ մտնող եւ գյուղամիջյան ճանապարհները բարեկարգել: Համայնքային բյուջեից 6.5 միլիոն դրամ է տրամադրվել այդ նպատակի համար: Գումարի շրջանակում մոտ 900 մետր ճանապարհ է կավահողով պատվել: Դեռ աշխատանքների իրականացման ժամանակ բնակիչները բողոքել են՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները, քանի որ պարզ էր` անձրեւային եղանակներին գյուղական բնակավայրը ցեխերի մեջ է հայտնվելու: Այսօր արդեն գյուղացիների կանխատեսումներն իրականանում են. գյուղական բնակավայրն ամբողջությամբ ցեխի մեջ է հայտնվել, գյուղը պարզապես անանցանելի է: Կավահողը պատել է տների չորսբոլորը: Գյուղական բնակավայրը կավագործության արհեստանոց է հիշեցնում: «Ով որ անուշ-անուշ կերել է այդ փողերը, թող անուշ-անուշ հետ բերե: Ըդքան փողերը մեզնից կտրել են, սելն է հեշտ 6.5 միլիոն դրամ: Այսքան տարի հետո իբր բերեցին գորր էրեցին ու մեզի կրակը գցեցին: Հնարավոր չէ ճանապարհով անցնել, մենակ կալոշ պետք է հագնինք, որ կարողանանք ճամփա անցնել: Սիկ էնէլու բան էր, որ էրեցին: Մեզի լրիվ անհասկցող գեղացու տեղ են դրել: Հենց մեր ավտոներից մեկը Գյումրի կհայտնվի, արդեն գյումրեցիներն էլ ձեռք կառնին, թե սեպասարցիներն եկան: Ավտոլվացման կետերը 10 000 դրամ գումար էլ որ տան, չեն համաձայնվի լվանալ: Սիկ շատ վիրավորական է մեզի համար»,-ասաց Մեծ Սեպասարի բնակիչներից մեկը:
Մեծ Սեպասարը տարածաշրջանի ամենամեծ գյուղերի ցանկում է: Բնակիչների թիվն անցնում է 1500-ը: Ամբողջ գյուղն է ոտքի կանգնել ու բողոքում է: Դժգոհում է հատկապես պատասխանատուներից, ովքեր աչք են փակում խնդրի առաջ: «Երբ որ եկան էդ ավազը լցնելու, զգուշացրինք, որ անթույլատրելի է էդ ավազը ստեղ լցնել, մեզ ասացին` հատուկ լաբարատորիա են ուղարկել էդ ավազը ու համոզվել են, որ կհամապատասխանի մեր ճանապարհներին: Մի խոսքով, համոզեցին մեզի, բայց հմի ինչ է լինելու` չգիտենք»,-ավելացրեց բնակիչներից մեկը:
Մեծ Սեպասարում դասապրոցեսներն էլ խաթարված են: Ավելի հեռու թաղամասերում ապրող երեխաները դպրոց գնալ չեն կարողանում, քանի որ ցեխը ճահճի նման քաշում է: Ով էլ հասնում է դպրոց, ցեխի մեջ կորում է: Նույն վիճակն է նաեւ դպրոցում, մարդկանց բնակարաններում: «Ինչ ձյունը հալվել է, բացակաների թիվը մեծացել է: Սա անընդունելի է: Մենք ծնողներին էլ չենք կարող ստիպել երեխաներին դպրոց բերել: Ստեղծված վիճակը շատ վտանգավոր է, հնարավոր է` երեխաները տուն գնալու ճանապարհին սայթաքեն ու ընկնեն»,-իր մտահոգություններով կիսվեց դպրոցի մանկավարժներից մեկը:
Գյուղում որոշել են` եթե հարցին լուծում չլինի, հանդիպում են պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շիրակի հյուսիսում գտնվող գյուղում լարվածությունը գնալով աճում է: Գյուղատնտեսական տարին մոտենում է, իսկ սեպասարցիները ոտքերը դուրս դնել չեն կարող:
Աշոցքում այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի ունեցան: Հաղթանակ տարավ ծնունդով մեծսեպասարցի Կարեն Մանուկյանը: Համայնքի ղեկավարի դեմ գյուղացիները բողոք չունեն, քանի որ աշխատանքները կատարվել են նախկին ղեկավարի` հանրապետական Արթուր Ալոյանի օրոք: Ճանապարհների նորոգման աշխատանքն էլ իրականացվել է Մարսել Կարապետյանի ճանապարհաշինական ընկերության կողմից, որն Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ամուսինն է:
Ի պատասխան բնակչության բողոքների` Աշոցքի համայնքապետը հանդիպել է Մարսել Կարապետյանի ու Մեծ Սեպասարի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ` Մարսել Կարապետյանը խոստացել է զբաղվել խնդրով, բայց արդեն առանց հավելյալ ֆինանսավորման: «Մոտ մեկ կմ ճանապարհահատվածի համար 6.5 միլիոն դրամ է ծախսվել: Գումարը կարծես ջուրն է լցվել: Բայց այսօր ինձ խոստացան, որ աշխատանքները կիրականացվեն: Հիմա ցեխը մաքրվում է, ձյունն էլ ամբողջական հալվի, ու Ցողամարգի ավազը կբերեն, կլցնեն»,- ասաց Մեծ Սեպասարի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանը:
Այժմ մի քանի տեխնիկա է գյուղում աշխատում: Ձյան նման ցեխը հեռացվում է ճանապարհներից: Թե ինչ ճակատագրի է արժանացել 6.5 միլիոն դրամը, այն էլ` Աշոցքի նման աղքատ տարածաշրջանի բյուջեից, դեռեւս պարզ չէ:
Տրամաբանությունը հուշում է, որ այսքանից հետո պետք է կատարվածի կապակցությամբ քրեական գործ հարուցվի, եւ այդ գումարները վատնողները, ատկատ անողները հայտնվեն մեղադրյալի աթոռին: Հուսանք` նոր Հայաստանում այս պատմությանն ընթացք կտան:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆ ՎԱՏՆՎԵ՞Լ Է
Շիրակի մարզում չարաշահումների հերթական դեպքն է արձանագրվել: Չարաշահումների կիզակետում այս անգամ Մարմաշեն խոշորացված համայնքն է: 15 համայնքի փնջից ձեւավորված Մարմաշեն համայնքի ղեկավարը ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանն է: Վերջինս պաշտոնում ընտրվեց մոտ երկու տարի առաջ, երբ Շիրակի մարզում 3 համայնքներ խոշորացան: Ընդ որում` Մարմաշեն համայնքում թեժ մրցակցություն էր: ՀՅԴ անդամի հետ մրցակցում են հանրապետական երեք թեկնածու, բայց ընտրության արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց Կարեն Արշակյանը: Ավագանին էլ բավականին երկար ժամանակ խոչընդոտում էր Արշակյանի աշխատանքին:
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության եւ Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին եւ հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգեւավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30-ից 50.000-ական դրամ գումարներ: Դրանք ազատամարտիկներին չեն տրվել եւ յուրացվել են: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) եւ 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մարմաշեն համայնքի ղեկավարը չարաշահումների վերաբերյալ կարծիք հայտնել հրաժարվեց. այն, որ քրեական գործ է հարուցվել, վերջինս տեղեկացավ մեր հեռախոսազանգից հետո: «Դա սխալ տեղեկատվություն է, ես ոչնչից տեղյակ չեմ: Իհարկե, եկել ստուգել են, պարգեւատրումներ իսկապես եղել են: Ազատամարտիկները գնացել, իրենց համար խնջույք են կազմակերպել: Չարաշահում չի եղել ընդհանրապես»,- ասաց Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը:
Նախորդ տարի մայիս ամսին ազատամարտիկները համայնքային բյուջեից պարգեւավճարներ ստացել են: Մոտ 17 հոգի օգտվել է օգնությունից: Վերջիններս Բաթումում իրենց ամառային հանգիստն են կազմակերպել: Մարմաշեն համայնքի ղեկավարը անհիմն է համարում արձանագրված չարաշահումները: «Երբ քննությունն ավարտվեց, ես այդ ժամանակ կխոսեմ: Բյուջեից դուրսգրումներ իսկապես եղել են: Ուղարկել ենք մեր ազատամարտիկներին Բաթում հանգստանալու: Ես այդ գումարները ո՛չ յուրացրել եմ, ո՛չ շորթել: Այդ պարգեւատրումը մի անգամ է եղել: 17 հոգի Բաթում են գնացել 50 000 դրամով, որից 24 000-ը ճանապարհածախս է եղել: Ես ոչնչից տեղյակ չեմ, անկեղծ ասած` ինձ չի էլ հետաքրքրում»,-ավելացրեց Կարեն Արշակյանը:
Նշենք, որ Կարեն Արշակյանը նաեւ գործարար է: Գործարար աշխարհից ՏԻՄ ոլորտ տեղափոխված համայնքապետը երբեք չէր աշխատել համակարգում: Կարեն Արշակյանը զբաղվում է ջայլամաբուծությամբ եւ ազնվամորու մշակությամբ:
Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՈՒՇԱՑՐԱԾ ԲՈՂՈՔ` ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԳՈՐԾՈՎ
Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2019թ. հունվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատական նիստում քրեական գործով մեղադրողը` ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը, մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդեց Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Փետրվարի 6-ի նիստում իր հնչեցրած 50 էջանոց պաշտպանական ճառի ավարտին Գ. Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը դատարանին խնդրեց ճանաչել եւ հռչակել Գ. Մարդանյանի անմեղությունը նրան առաջադրված հոդվածում: Դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել:
Ըստ դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգի` սույն դատավճռի կատարման ժամկետը մարտի 11-ն է: Դրանից մեկ օր անց` մարտի 12-ին, Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը քրեական գործերով Վերաքննիչ դատարան առձեռն հանձնել է վերաքննիչ բողոք, որով դատարանից խնդրել է վերաքննիչ բողոքն ընդունել դատարանի վարույթ, վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2019թ. փետրվարի 6-ին կայացրած արդարացման դատավճիռը, Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ` ազատազրկման ձեւով:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի խախտումով վերաքննիչ բողոքը վարույթ կընդունի, թե ոչ, կպարզվի առաջիկայում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ