ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ԱՆՀԱՐԻՐ ՊԱՀՎԱԾՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է` «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»:
Նման եզրահանգման է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի դեմ հարուցած վարույթի շրջանակներում: Հիշեցնենք` Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ում անցկացված ստուգումների վերաբերյալ Սանասարյանի հայտարարությունների ու ֆեյսբուքյան գրառումներում հնչեցված արտահայտությունների կապակցությամբ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` դրանք համարելով իրավապահների նկատմամբ ճնշում եւ ուղղորդում, նաեւ պետական պաշտոնյային անհարիր պահվածք: Էթիկայի հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Սանասարյանի խոսքերը «բովանդակում են հրամայական շեշտադրումներ, կանխակալության տարրեր, ուստի հարիր չէ հանրային պաշտոն զբաղեցնող անձին»:
Հետաքրքիրն այն է, որ դեռ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել նախկինում ակտիվիստ պետական պաշտոնյաների մասին. «Շատերը կարծում են, որ եթե նախկինում իրենց գործունեության հարթակը ֆեյսբուքյան էջերն են եղել, հիմա էլ է այդպես, եւ պետք է այդ էջում սուր ստատուսներ գրելով՝ գնան, ստուգեն որեւէ կազմակերպություն առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ, ասեն՝ նախքան ստուգելը արդեն որոշել եք, թե ով է մեղավորը»: Շատերի կարծիքով` այս հայտարարության հասցեատերերից մեկն էլ Դավիթ Սանասարյանն էր, որի դեմ, փաստորեն, Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել:

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատն ուշագրավ բացահայտումներ է իրականացրել` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալության գործունեության հետ կապված: Պարզվում է՝ մասնագիտական հանձնաժողովների տնային այցերը կազմակերպելու նպատակով, անկախ բնակավայրի հեռավորությունից, բոլոր ուղղությունների համար հաշվարկվել է 60 կմ հեռավորությանը համապատասխան բենզինի ծախս: Հաշվեքննիչ պալատի գնահատմամբ, սակայն, նման մոտեցումն անտրամաբանական է, քանի որ բոլոր բնակավայրերը կամ Երեւանի շրջանները հանձնաժողովների տեղակայման վայրից չեն կարող ունենալ միեւնույն հեռավորությունը: Եթե անկեղծ, ապա ՀՊ-ն ճիշտ է թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Երեւանից Գյումրի 120 կմ է, իսկ դեպի Մեղրի՝ 372.5 կմ: Ի դեպ, ՀՊ-ն նաեւ բացահայտել է, որ ԲՍՓ-ն մասնագիտական որոշ հանձնաժողովների գործունեությունն իրականացրել է հանրապետության տարբեր մարզերում վարձակալած տարածքներում: Սակայն պարզվել է, որ մի շարք դեպքերում վարձակալված տարածքների գները էապես տարբերվել են տվյալ տարածքի շուկայական միջին գներից:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, եւ արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց` հօգուտ մեղադրյալի: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հաստատել են տեղեկությունները. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետներ»:

 

 

 

ՀՀ ԿԲ-ն վերջապես հրապարակել է այս տարվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված դրամական փոխանցումների մասին հաշվետվությունը, սակայն միայն հունվար ամսվա կտրվածքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոշակի ավելացել են: Այս տարվա հունվարին ՀՀ փոխանցվել է 119 մլն 94 հազար դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումներն ավելի քիչ են եղել՝ 94 մլն 672 հազար դոլար: Նկատենք, որ այս տարի եւս հիմնականում գումարները ստացվել են ՌԴ-ից՝ 50.7 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ից ստացվել է 16.3 մլն դոլար: Ավելացել է նաեւ ՀՀ-ից գումարների արտահոսքը. եթե 2018թ. հունվարին այն կազմել էր 74.3 մլն դոլար, ապա այս տարի՝ 101.3 մլն դոլար:

 

 

 

ԱՎԵԼԻ ԵՐՋԱՆԻԿ
Երեկ Երջանկության միջազգային օրն էր, օր, որ ՄԱԿ-ի առաջարկով նշվում է յոթ տարի շարունակ: 2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է, եւ այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է: Երեկ նաեւ հրապարակվել է ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցը»: Հայաստանի դիրքերը նախորդ տարվա համեմատ որոշակիորեն բարելավվել են՝ 13 կետով: Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների թվում 116-րդ է` ստանալով 4.559 միավոր, մինչդեռ նախորդ տարի, հիշեցնենք, «Երջանկության համաշխարհային զեկույցի» համաձայն, Հայաստանը 156 երկրերի շարքում 129-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Հասկանալի է` այս ցուցանիշները հարաբերական են, սխալված չենք լինի, եթե ասենք` պարբերաբար փոփոխվող: Բայց փաստը, որ ՄԱԿ-ը Հայաստանի բնակչությանն ավելի երջանիկ է համարում, քան նախկինում, խոսուն է: Բայց եթե անկեղծ լինենք, այդ ցուցանիշը գոհացուցիչ չէ, թեկուզ հենց հարեւան երկրների հետ համեմատության մեջ: Ադրբեջանը 5.208 միավորով 90-րդ հորիզոնականում է, Վրաստանը 4.519 միավորով 119-րդն է, Թուրքիան 5.373 միավորով 79-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը 4548 միավորով 117-րդն է: Այսինքն՝ Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է անցել Վրաստանից ու Իրանից, բայց դեռ շարունակում է զիջել Ադրբեջանին ու Թուրքիային: ՈՒ սա այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը համարվում է պակաս ժողովրդավար, որտեղ հալածում են քաղաքական ընդդիմախոսներին, անգամ բանտ նստեցնում արտահայտած կարծիքի համար: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության մակարդակն ավելի է խորացել, եւ ՀՀ քաղաքացին կարծես վերգտել է իրեն, դարձել երկրի լիիրավ տերը, դարձել որոշիչ գործոն՝ իշխանության ձեւավորման ու, ընդհանրապես, քաղաքական գործընթացներում:
Այնպես որ, հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է ջանք ու եռանդ չխնայել այդ ուղղությամբ, երկրի հզորացման, բարեկեցության ապահովման համար, որպեսզի քաղաքացին էլ իրեն լիարժեք երջանիկ զգա: Եւ հետո, հիշում եք՝ ԱԺ ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» կարգախոսը հենց սկսվում էր «երջանիկ անհատ» բառակապակցությամբ: Այնպես որ, անհատի երջանկությունը եւ պետության հզորացումը իշխանությունների համար պետք է լինեն գերնպատակներից: Ի վերջո, հայ ժողովուրդը երջանիկ լինելու իրավունք ունի եւ պետք է լինի երջանիկ:




Լրահոս