Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ-երկրներին:
«Բելառուսի թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոշում կայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռ 2018թ. դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը 2017 թվականի ապրիլի 14-ից: Ու մինչեւ 2020 թվականն այս պաշտոնում ներկայացուցիչ ունենալու իրավունքը տրված է ՀՀ-ին, սակայն 2018 թվականի նոյեմբերի 2-ին, համաձայն սահմանված կարգի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովը հետ կանչվեց: Պատճառն այն էր, որ Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված: Եւ, ահա, դրանից հետո Հայաստանը ՀԱՊԿ անդամ գործընկեր պետություններին առաջարկեց սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը:
Այս իրադարձություններից հետո Բելառուսը ցանկանում էր իր ոտքը պնդացնել ՀԱՊԿ-ում` իր ներկայացուցչին ժամանակից շուտ դարձնելով գլխավոր քարտուղար: Խնդիրն այն է, որ մինչեւ 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնը հատկացված է Հայաստանի Հանրապետությանը, որն էլ ամենեւին մտադիր չէ իր տեղը ժամանակից շուտ զիջել որեւէ մեկին: Այս մասով ՀԱՊԿ-ի ներսում բազմիցս բանակցություններ եւ բանավեճեր են տեղի ունեցել, եւ բոլորը, ըստ էության, հարմարվել են այն վիճակին, որ թեկուզ Հայաստանը չի ներկայացնի իր թեկնածուին, այնուամենայնիվ, Բելառուսը կամ որեւէ այլ երկիր նույնպես չպետք է նման բան անի: Իզուր չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ բավականին մանրամասն անդրադարձավ այս հարցին` ասելով. «Ո՞նց կարող է առանց հայկական կողմի կարծիքը հաշվի առնելու ՀԱՊԿ քարտուղար նշանակվել, եւ որ դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա: Այդտեղ էլ մեր դիրքորոշումը շատ կառուցողական է։ Մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է։ Մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետեւ ասում են՝ դա կարգավորված չէ, եւ մեկնաբանության տեղ կա։ Հետեւաբար մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք։ Եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, այդ դեպքերում եկեք կանոնակարգենք, որ իմանանք՝ ոնց է կանոնակարգվում հարցը։ Կարծես այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել»,-նշեց վարչապետը:
Նախկին մի շարք իշխանականներ, անդրադառնալով ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի աթոռը կորցնելու հարցին, նշում են, որ սա Փաշինյանի իշխանության ամենամեծ բացթողումներից եւ սխալներից մեկն է: Սակայն Փաշինյանը, ըստ էության, տուրք չտվեց նման խոսակցություններին` շեշտելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: «Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են, եւ մենք ապացուցեցինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են։ Իսկ Հայաստանի շահերը լիարժեք պաշտպանվել են այս ընթացքում, եւ այն խոսակցությունները, որ այս ընթացքում մենք ունեցել ենք ՀԱՊԿ ֆորմատով, ես կարծում եմ, որ դրանք շատ օգտակար խոսակցություններ էին։ Թո՛ւյլ տվեք ասել, որ ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում այդպիսի խոսակցություններ երբեք տեղի չեն ունեցել։ Դա առաջին անգամն էր, որ տեղի ունեցավ»,- ասաց վարչապետը:
Հետաքրքիրն այն է, որ Բելառուսի թեկնածուն՝ այդ երկրի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը, մի քանի անգամ փորձել է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին: Փաշինյանն, ըստ էության, մերժել է հանդիպումը՝ հստակ հասկացնելով, որ մտադիր չէ զիջել ու ժամանակից շուտ ՀՀ-ին հատկացված տեղում Զասին տեսնել: Հիմա, փաստորեն, գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ-երկրներին:
ՈՒ այստեղ հետաքրքիր է՝ երբ են ուզում Բելառուսի թեկնածուին հաստատել այդ պաշտոնում՝ ժամկետից առա՞ջ, թե՞ ոչ: Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արտաքին գործերի նախարարություն, սակայն ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը խոստացավ մեր հարցերին պատասխանել ավելի ուշ: Հետաքրքիր է՝ այս հարցի հետ կապված ինչ չպարզաբանված հարցեր են մնացել, որ ԱԳՆ-ն ուշացնում է պատասխանը:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՆՁԱՄԲ Է ՀԵՏԵՎՈՒՄ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 2.5 մլրդ ներդրումներից ակտիվ ընթացքում է միայն 800 մլն-ը: Այս մասին երեկ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նշենք, որ վարչապետն այդպիսի թվերի մասին խոսել էր նախօրեի ասուլիսի ժամանակ: Միեւնույն ժամանակ կառավարությունը դեռ հաշվարկներ չունի, թե այդ ներդրումների ամբողջ ծավալով իրականացման արդյունքում որքան աշխատատեղ կարող է ստեղծվել: Միեւնույն ժամանակ, մեր տեղեկություններով, ներդրումային իրավիճակը գտնվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության եւ վերահսկողության ներքո: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում կա հատուկ թերթիկ, որտեղ մանրամասն ներկայացված է յուրաքանչյուր ծրագրի հետ կապված իրավիճակը, եւ վարչապետի պահանջով ամեն շաբաթ այն ներկայացնում են իրեն: Փաշինյանն անձամբ է տեղեկանում, թե ինչ իրավիճակ է, կամ ինչու է դանդաղում այս կամ այն ծրագիրը: Տեղեկացանք նաեւ, որ կառավարությունում սկսել են լրջորեն մտածել ներդրումային հիմնադրամ ունենալու շուրջ, որն ավելի կարող է հեշտացնել ներդրող-կառավարություն կապը:
ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
Մինչ ՀՀ Քննչական կոմիտեն շարունակում է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն իրականացնել, ՊՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` մարտի 19-ին ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գագիկ Տատուրյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Քոչարյանի: Տատուրյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ՊՈԱԿ-ի ղեկավարին հարկադիր պարապուրդի ընթացքում չվճարված աշխատավարձը եւ աշխատանքի վնասակարության համար չվճարված հավելավճարները վճարել: Ինչ կորոշի դատարանը, սպասենք դատական վեճի լուծմանը: Նշենք, որ գործը նախագահելու է դատավոր Արման Օհանյանը:
ԿՄԻԱՆԱՆ ԻՐԱՐ
«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կմիանա «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալությանը»: Պատճառը պետական բյուջեից տրամադրվող գումարի տնտեսումն է: Ըստ պետական գույքի կառավարման կոմիտեի` երկու կազմակերպություններն էլ միեւնույն գործառույթն են իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս միացման արդյունքում հաջորդ տարի կտնտեսվի 30 մլն 837 հազար 500 դրամ գումար: Բնականաբար, այս օպտիմալացման հետեւանքով զգալի թվով քաղաքացիներ կդառնան գործազուրկ:
ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ
ՀՀ եւ ՌԴ վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ըստ ՀՀ կառավարության` հեռախոսազրույցի ժամանակ կողմները քննարկել են խորհրդի նիստի օրակարգը, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների որոշ ակտուալ հարցեր:
ՔՆՆԱՐԿԵԼ
Մարտի 7-ից սկիզբ առած եւ առ այսօր շարունակվող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Երեկ նման հայտարարություն է տարածել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։ Հայտարարությունում նշելով, որ մարտի 7-ին կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում եւ հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը եւ երկրում ազատ մասնավոր նախաձեռնության խրախուսման քաղաքականությանը, եւ կարեւորելով այդ բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը` «Հայ Ազգային Կոնգրեսը» հայտարարում է, որ առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները եւ գնահատականը առաջարկվող փաթեթի վերաբերյալ: ՀԱԿ-ն առաջարկում է կառավարությանը նախքան վերոնշյալ փոփոխությունների կատարումը քննարկումներ սկսել ֆինանսավարկային ոլորտը ներկայացնող բոլոր ասոցիացիաների եւ շահագրգիռ այլ մարմինների հետ:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ղազախստանի նախագահի հերթական ընտրությունները նշանակված են 2020-ին: Նազարբաեւի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ չեն անցկացվի. Տոկաեւը երկիրը կղեկավարի առնվազն մինչեւ հաջորդ ընտրությունները:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԲ-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական բանկը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հետ կապված փոփոխություն է առաջարկում, որը ներկայացվել է e-draft.am կայքում: Նախագծով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Այդ կետը վերաբերում է եռամսյակը մեկ ԿԲ կողմից անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները հրապարակելու իրավասությանը: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն դրամը:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին: Նա ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երեւանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը Գերմանիայում հանդիպել է Միջազգային քաղաքականության եւ անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի ու Արեւելյան Եվրոպա եւ Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումներն ու ուրվագծվող առաջնահերթությունները: