«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդության իսկությունը պարզելու նպատակով ստեղծել է անկախ բժիշկների հանձնաժողով՝ փորձելով այդ կերպ հասկանալ, թե նրա կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Ինչպես հայտնի է, օրերս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է 2016-ին ապրիլյան պատերազմի օգնությունը հափշտակելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018 թվականի հունիսի 19-ին:
Եվ, ահա, տեւական ժամանակ է, ինչ ԱԺ նախկին պատգամավորի պաշտպանները պայքարում են, որ նախաքննական մարմինը, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինի գրավով, սակայն 2018 թվականի հունիսից մինչ օրս փորձերը անցնում են ապարդյուն:
Արդյունքում պաշտպանները համոզել են ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին եւ նրա հիվանդությունների մասով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մենք ՄԻԵԴ ենք դիմել, որովհետեւ խոշտանգում է տեղի ունենում, երբ նման հիվանդություններ ունեցող անձը գտնվում է կալանքի տակ: ՄԻԵԴ-ն արագ արձագանքեց, գտավ, որ դիմումը համապատասխանում է դատարանի չափորոշիչներին, եւ մեզնից պահանջել է ապացույցներ, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ եւ ունի մեր մատնանշած ծանր հիվանդությունները: Քիչ առաջ մենք այդ փաստաթղթերն ուղարկել ենք»:
Ու մինչ պաշտպանները պայքարում են Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու համար, Հատուկ քննչական ծառայությունը որոշել է իրավիճակից դուրս գալու համար նոր քայլերի դիմել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ստուգման նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե Գրիգորյանը իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, եւ արդյոք վերջինիս կողմից ներկայացված առողջական վիճակի մասին փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց հօգուտ մեղադրյալի: Ուստի նախաքննական մարմինը հնարավոր նման գործընթացներից զերծ մնալու համար, եւ որպեսզի առհասարակ հետագայում նախաքննական մարմնին եւ դատարանին չմեղադրեն անձին անհիմն կալանքի տակ պահելու համար, որոշել է դիմել անկախ փորձագետների: Հենց վերջիններս էլ պետք է գնահատական տան, թե արդյոք առողջական վիճակի մասին փաստաթղթերը, որոնք ներկայացրել է Մանվել Գրիգորյանը, համապատասխանում են իրականությանը, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից, թե նախաքննական մարմինը արդյոք ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե Գրիգորյանը իրականում ինչ առողջական խնդիրներ ունի եւ արդյոք վերջինիս կողմից ներկայացված առողջական վիճակի մասին փաստաթղթերը համապատասպանում են իրականությանը, թե ոչ: Ի պատասխան մեր հարցման` ՀՔԾ լրատվական բաժնից հայտնեցին. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետներ: Թե՛ առաջնային եւ թե՛ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով` Մ. Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ հիվանդություն, որը, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»:
Սպասենք զարգացումներին: Իսկ մինչ այդ նկատենք` Մանվել Գրիգորյանի փաստաբանները դատարան են դիմել՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԱՂԲՅՈՒՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Երեկ` մարտի 20-ին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը Հատուկ քննչական ծառայությունից գրություն է ստացել, որը թվագրված է մարտի 16-ին: Այսպիսով, ՀՔԾ-ն մարտի 16-ի գրությամբ դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին` հայտնելով. «2019 թվականի մարտի 14 եւ 15-ին «Ժողովուրդ» օրաթերթի համարներում հրապարկվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով որպես վկա հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի հարցաքննությունների արձանագրություններից որոշ հատվածներ, որոնք հրապարակվել են առանց գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվության: Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ տրամադրել հիշյալ անձանց հարցաքննության արձանագրությունները ձեռք բերելու աղբյուրը»:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը («Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը»), չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրը, նույնիսկ ամենադաժան փորձությունների միջով պատրաստ ենք անցնել, սակայն մեր աղբյուրը չենք բացահայտի:
Սակայն այս գրությունը այնքանով է տարօրինակ, որ ՀՔԾ-ն մեզ հորդորում է, որպեսզի մենք չհրապարակենք այլեւս մարտի 1-ի գործով մյուս վկաների ցուցմունքները, եթե նրանք մեզ մոտ են: Բնականաբար, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ի հորդորները չի կարող կյանքի կոչել, քանի որ ՀՀ ոչ մի ուժային կառույց, ոչ մի իրավապահ մարմին իրավունք չունի մամուլի հետ հորդորներով կամ զգուշացումներով խոսելու: Եւ հետո` մենք տարածում ենք տեղեկություններ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի եւ լրագրողական էթիկայի բոլոր նորմերը պահպանելով, հետեւաբար մենք շարունակելու ենք մեր գործելաոճը եւ երբեք չենք տրվելու որեւէ սադրանքի: Հատուկ քննչական ծառայության հորդորը ոչ այլ ինչն է, քան ճնշում` կասեցնելու մեր հետագա գործունեությունը:
Ավելին, ՀՔԾ-ի` աղբյուներ բացահայտելու գործելաոճը եւ աղմուկ բարձրացնելը նպատակ ունի զրկելու մեզ լրագրողական աղբյուներից, որոնք մեր գործունեության բաղադրիչներն են, մենք աղբյուների միջոցով ենք կարողանում ինֆորմացիան հասանելի դարձնել հանրությանը: «Ժողովուրդ» օրաթերթը կդիմանա նաեւ այս փորձությանը, եւ աղբյուր չբացահայտելով` կշարունակենք սպասարկել հասարակական շահը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերահաստատել է պաշտոնական Բաքվի տեսակետը` պնդելով, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխությունն անընդունելի է: Ալիեւը հայտարարել է. «Հայտնի է, որ հայկական կողմն առաջ է քաշել բանակցությունների ձեւաչափի փոփոխության հարցը: Բնական է, սակայն, որ Ադրբեջանը չի կարող համաձայնել դրան: Դրա հետ մեկտեղ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանները հանդես են եկել լուրջ հայտարարությամբ` պնդելով, որ բանակցությունների ձեւաչափը պետք է անփոփոխ մնա: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները: Դա միանշանակ լուրջ ազդակ է Հայաստանի համար, ինչպես նաեւ վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի մեծ աջակցություն է ստանում»,-ասել է Ալիեւը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե ձեւաչափի փոփոխության, այլ բանակցային ձեւաչափի վերականգնման առաջարկ է, որը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ Ադրբեջանի համար:
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի` 2019թ. մարտի 19-ին «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պետը ՀՀ ոստիկանության Կումայրի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2019թ. մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ է տեղափոխվել 20.000 ԱՄՆ դոլար գումար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` գողության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԴԻ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Լոռու մարզի Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում երեխայի դի են հայտնաբերել: Դեպքի վայրում աշխատել են Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները: Նրանք ճոպանների միջոցով դուրս բերել դին գետից. մահացածը մոտ 17 տարեկան է, աղջիկ երեխա, որը դպրոցական էր: Նա երեկ առավոտյան դուրս է եկել տանից, ընտանիքի անդամները սկսել են անհանգստանալ ու որոնել են երեխային: Նրան հայտնաբերել են գետում հենց ընտանիքի անդամներն ու զանգահարել փրկարարներին:
ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան անվանակոչվել է` ի պատիվ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի: Նման որոշում կայացրել է Ղազախստանի խորհրդարանը` երկու ընթերցմամբ ընդունելով Սահմանադրության համապատասխան ուղղումները, որոնք երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին վերանվանելու մասին են: «Ընդունվել է պատմական որոշում»,-ասել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի` մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը: Երեկ առավոտյան կայացել է Տոկաեւի երդմնատվության արարողությունը: Նա խոստացել է շարունակել Նազարբաեւի քաղաքականությունը եւ առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան: