«ՄԵՐ ՇԻՆԱՐԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ» ԱՍԵԼ ԳԻՏԵՆ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՔԱՆԴԵԼ ԳԻՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղի ունեցավ գրող, բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» գրքի շնորհանդեսը: Վերջինիս հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց այս եւ այլ թեմաների շուրջ: Պարոն Սահակյանը նշեց, որ գրքի հիման վրա առաջիկայում պատրաստվում է մոնոներկայացում խաղալ, բոլոր կերպարներին մարմնավորելու է հենց ինքը: Գրողը շեշտեց, որ «Ատյան ողբերգության»-ը կարեւոր գործ է երիտասարդության համար, թեեւ կարող է նաեւ փոքր-ինչ շոկային լինել: Զրուցեցինք նաեւ նրա հեղինակած այլ պիեսների մասին, հարցրինք՝ իշխանական վերնախավից արդյոք ներկա լինում են դրանց հիման վրա բեմադրվող ներկայացումներին: Գրողը տեղեկացրեց, որ, օրինակ, «Մեա կուլպա»-ն մեր բոլոր նախագահները դիտել են բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, իսկ «Մեա կուլպա-2»-ը դիտել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

-Պարո՛ն Սահակյան, «Ատյան ողբերգության»-ը հող է նախապատրաստում Ձեր մոնոներկայացման համար: Ե՞րբ կներկայացնեք հանդիսատեսի դատին, ինչո՞վ այն կառանձնանա:
-Նախ եւ առաջ, ուզում եմ, որ մոնոներկայացումը հանկարծ չշփոթեն սթենդափի հետ: Սա լինելու է թատրոն, այսինքն՝ արվեստ, իսկ սթենդափը ո՛չ թատրոնի հետ կապ ունի, ո՛չ արվեստի։ Մոնոներկայացման բոլոր կերպարները խաղալու եմ ես, երեւի սեպտեմբերին: Մեր անվանի դերասանները, իմ ընկերները զբաղված են, չի ստացվում բոլորին հավաքել, ուստի որոշեցի կախված չլինել որեւէ մեկից, ես եմ պրոդյուսերը, դերասանը, ինչ կուզեմ, այն էլ կանեմ: Ինչ վերաբերում է գրքին, այնտեղ, ինչպես նշեցի, գործող անձինք շատ են, «Ատյան ողբերգության»-ը նման է թատրոնի. ներառում է բազում երկխոսություններ, իսկ նկարագրությունները քիչ են: Թող որպես մեծամտություն չհնչի, չնայած` թող հնչի. այսօր մեր արդի երիտասարդության համար սա ամենակարեւոր գիրքն է:
-Ինչո՞վ է կարեւոր:
-Գրքում բացի գեղարվեստական մասից կա նաեւ փոքր-ինչ հրապարակախոսական մոտեցում։ Ես ուզում եմ, որ երիտասարդությունը չհավատա ոչ ոքի: Թումանյանն ասում է. «Ապրե՛ք երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Ի՞նչ է դա նշանակում. ոչ թե մեզ պես վատ չապրեք, այլ ապրեք յուրովի, ոչ մեկին մի՛ լսեք, ստեղծե՛ք ձերը: Այս գիրքը կարող է մի քիչ էլ շոկային լինել: Մեր երկրում ցավալիորեն տարածվել է ամբոխային մտածողություն, եւ այն գաղափարները, որոնց հավատում է մեծամասնությունը, դատարկ են, սին եւ վնասակար։ Ամբոխը չի կարող ճիշտ լինել, ամբոխավարը չի կարող ճիշտ ուղի ցույց տալ մյուսներին։ Եւ ես չեմ ցանկանում, որ արվեստը նույնպես դառնա ամբոխի համար: Գիրքը, գրականությունը, թատրոնը եւ, ընդհանրապես, արվեստը չպետք է իջնի հանրահավաքի մակարդակի։ Արվեստը կիրթ մարդկանց համար է, իսկ չոբանական «արվեստ» ինչքան ասես կա հեռուստատեսային սիթքոմներում, սերիալներում եւ այլն։ Դա անտաշ մարդկանց մշակույթ է եւ, ցավոք, արդեն ինստիտուցիոնալ։ Ես ստեղծագործում եմ կիրթ մարկանց համար, իսկ կիրթ, գրագետ եւ ինտելիգենտ մարդիկ պետք է լինեն մեր պետության հիմքը։ Կենցաղային «արվեստ»-ից ես զզվում եմ՝ զոքանչ, կին, տղամարդ, կեղտոտ հարաբերություններ, զզվելի բառապաշար, վատ դերասանական խաղ: Գրականության մեջ էլ այսօր կարող ենք հանդիպել կիսացնորվածների մտքեր՝ աստված, սատանա, հոգի, մենություն, էություն, հիմարություն… Այսօրվա գաղջությունը, անկրթությունը հետեւանքն է այն բանի, որ նմանօրինակ «արվեստ» է թեւածում հասարարկության գլխավերեւում։ Արվեստը Ազնավուրն է, արվեստը Համասյանն է, այլ ոչ սիթքոմները, նռանհատիկները, տնփեսաներն ու ազիզյանները։ Եւ ստեղծագործող մարդը երբեք չպետք է մտածի մեծ թվով հանդիսատես, ընթերցող ունենալու մասին, երբեք չպետք է նմանվի որեւէ մեկին: Երբեմն ասում են. «Այսպիսի գործ եմ ուզում այսինչ ֆիլմի նման»: Սա մեր օրերի ցավն է: Հնարել չգիտեն, ստեղծել չգիտեն։ «Մեր ստեղծագործ ազգը» ասել գիտեն, ստեղծել չգիտեն։ «Մեր շինարար ժողովուրդը» ասել գիտեն, բայց միայն քանդել գիտեն։
-Հետաքրքիր է՝ Ձեր հեղինակած պիեսների հիման վրա բեմադրված ներկայացումներին, օրինակ՝ «Մեա Կուլպա»-ին, քաղաքական վերնախավից ներկայացուցիչներ լինում են. ինչպիսի՞ն են լինում արձագանքները:
-Միշտ, միշտ էլ եկել են, բոլոր նախագահներն էլ եկել են, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից: Սովորաբար հավանում են, համենայն դեպս, ես ոչ ոքից վատ խոսքեր չեմ լսել: Ի դեպ, «Մեա Կուլպա-2»-ը Փաշինյանն էլ է դիտել:
-Հայաստանյան ներկայիս կյանքը կարո՞ղ է հաջորդ ներկայացման հիմք դառնալ:
-Իհարկե, կարող է, արդեն դարձել է… Խոսքը հասարակական կյանքի մասին է…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՎԵԴԴԱ ՑԵՂԵՐՆ ՈՒ ՀՈԳԻՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել «Չեք հավատա, բայց…» խորագրով շարքը, որի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն է: Ինչպես հայտնի է, Վարդանը վարում է ճամփորդական հաղորդում, ունի տուրիստական գործակալություն եւ հաճախ է լինում ամենատարբեր երկրներում: Եվ պատմությունը, որը նա մեզ պատմեց, կապված է հերթական ճամփորդության հետ:

Երկու տարի առաջ, երբ Վարդանը գտնվում էր Շրի Լանկայում, նրա հետ կատարվել է անհավանական մի դեպք. «Շրի Լանկայում կան Վեդդա ցեղեր, որոնք ապրում են սարերի վրա: Նկարահանումների ժամանակ հյուրընկալվել էի իրենց մոտ, եւ նրանք ինձ սահմռկեցուցիչ, բայց հետաքրքիր առաջարկ արեցին՝ կանչել իրենց մահացած բարեկամների հոգիներին: Ես համաձայնեցի: Այդ ամենը տեղի էր ունենում հատուկ ծեսի միջոցով: Նրանք երգում էին, իսկ կրակի վրա ջրով լիքը կավե աման էր դրված: Մենք կանչում էինք հոգիներին, եւ հանկարծ նկատեցի, որ ջուրը սկսեց անդադար շարժվել մեկ ուղղությամբ: Այդ ցեղերը հենց ջրի շարժից են կռահում՝ հոգիները եկել են, թե ոչ: Ասում են, թե հոգիները հենց ջրի վրայով են շարժվում: Այդպիսի տարօրինակ զգացողություն ողջ կյանքում չէի ունեցել. դա այն դեպքերից է, որ չեմ կարողանում մոռանալ»,-հիշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե նման ճամփորդությունների ժամանակ արդյոք վախի զգացում ունենում է, Վարդանը պատասխանեց. «Ես չեմ վախենում, ինձ համար սովորական են նման ճամփորդությունները, որքան սուր զգացողություններ, այնքան լավ: Եղել եմ անգամ Եթովպիայի ամենավտանգավոր ցեղերի մոտ, բնակվել եմ նրանց հետ՝ հանուն լավ հաղորդումների: Այժմ էլ պլանավորում եմ այցելել մարդակեր ցեղերի, հուսով եմ՝ այդքանից հետո էլ անփորձանք կվերադառնամ հայրենիք»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա խորհրդանշական հավաքականում` ըստ InStat վիճակագրական ընկերության: Վնասվածքից ապաքինվելուց հետո հայ կիսապաշտպանը ԱՊԼ-ի փետրվար ամսին կայացած խաղերում դարձել է 2 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ փետրվար ամսվա խորհրդանշական հավաքականում Մխիթարյանին ընդրգկել էր նաեւ WhoScored-ը։

 

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Համահայկական 7-րդ խաղերի կազմկոմիտեի նիստը: Նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Համահայկական 7-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը, եւ ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված է լինելու 17 մարզաձեւ, որից 14-ը օլիմպիական են:

 

 

ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հայ հրաձիգները շարունակում են ելույթները Խորվաթիայի Օսյեկ քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից վազող թիրախ մրցաձեւում հրաշալի է հանդես եկել 20-ամյա մարզիկ Հովհաննես Մարգարյանը: Նա խառը վազք վարժությունում գերազանց արդյունք է ցույց տվել՝ խոցելով 378 միավոր ու մինչեւ 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավելով 2-րդ հորիզոնականը:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ` 2-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ
Սկոպյեում շարունակվում է շախմատի` Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: 2-րդ տուրում հայ շախմատիստներից 4-ը` Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Արման Փաշիկյանը, հաղթանակներով ավարտեցին իրենց պարտիաները:

 

 

ՄԱՍՏԱԿԻ ԱՐԺԵՔԸ
Ռեկորդային գնով (455 հազար եվրո) վաճառվել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին հանդիպման ընթացքում օգտագործած մաստակը: Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին հանդիպումը կայացել է 2013 թվականի մայիսի 19-ին, երբ «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 5-5 հաշվով են ավարտել «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղը։ Ֆերգյուսոնի մաստակից ստացված հասույթը փոխանցվել է «Մանչեսթեր Յունայթեդի» բարեգործական հիմնադրամին։

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս