Քոչարյանի բարեկամները պետք է մտածեն՝ նրան այդպիսի աջակցություն հարկավոր է, թե ոչ. Կարինե Խոդիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, նրա աջակիցների, վերջիններիս կողմից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառած բռնության (Վարդգես Գասպարին այտոսկրի շրջանում վնասվածք էր ստացել Քոչարյանի աջակիցների հարվածներից եւ քաշքշելուց հետո: Նա լրագրողներին տեղեկացրել էր, որ իրեն նաեւ շշով են հարվածել: Քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել Գասպարի հետ կապված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործը) եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ:

-Տիկի՛ն Խոդիկյան, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների գործողությունների մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Հենց Քոչարյանի բարեկամները պետք է մտածեն՝ նրան այդպիսի աջակցություն հարկավոր է, թե ոչ: Այսքանը կասեմ:

-ՀՀ 2-րդ նախագահի տիկինը՝ Բելլա Քոչարյանը, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ երկրում երեք դոմինանտ երեւույթ կա՝ վախը, անտարբերությունը eu լռությունը: Ի՞նչ կասեք:

-Ներեցեք, 2008-ի մարտի 1-ից հետո, երբ 40 օրով ԶԼՄ-ները փակվեցին, այդ ժամանակները մոռացվե՞լ են: Այսօր բավական է բացել տարբեր կայքեր եւ կտեսնենք, որ անվախ եւ քաջազուն անձանց շքահանդես է սկսվել Հայաստանում:

-Վարդգես Գասպարիի կերպարը Ձեզ՝ որպես դրամատուրգի, հետաքրքի՞ր է:

-Ես երբեւէ կանդրադառնամ իր կերպարին, չգիտեմ, որպես դրամատուրգ, թե հրապարակախոս: Բայց այդ մեծատառով մարդը բոլոր տարիներին իր բողոքն արտահայտել է ամենաքաղաքավարի եւ բարեկիրթ ձեւով, հանդուրժողականությամբ, լռությամբ, իր պաստառով կամ իր խոսքով, իր բողոքով՝ կանգնած, թե պառկած (ու թող ոմանք չչարախնդան, շատերը նույնիսկ իրենց մտքով անգամ չեն կարող անցկացնել քաղաքացիական այդպիսի հանդգնություն ցուցաբերել): Վարդգես Գասպարիի կողքով նույնիսկ աչքերը փակ մեկը չի կարող անտարբեր անցնել: Ի վերջո, ամեն մեկն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Օրինակ` Քոչարյանի աջակիցները (որակի մասին չխոսենք) իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու, բայց նույն իրավունքն ունի նաեւ Գասպարին: Բռնության պահին նա լուռ էր, միայնակ, իսկ Քոչարյանի աջակիցներն ավելի մեծ թիվ էին կազմում (չնայած կարող էին ավելի շատ լինել): Երբ պաստառը նրա ձեռքից խլեցին, հարվածեցին, դրանից հետո Գասպարին ձեռքերը վեր պահած կանգնած էր: Նա երեւի բռնության, ջարդարարության դեմ անցած բոլոր տարիների լավագույն մարմնավորումն էր՝ անկախ վարչակարգերից:

-Ըստ Ձեզ՝ նույն հասարակության մեջ ինչպե՞ս պետք է կողք կողքի ապրեն մարտի 1-ի զոհերի հարազատներն ու Քոչարյանի աջակիցները: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:

-Դրա համար գոյություն ունի օրենք: Քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարաբերություններն, ի վերջո, լուծվում են օրենքի դաշտում: Եվ եթե իրադարձությունները ծավալվեն օրենքի տառին համապատասխան, հավատացե՛ք, ամեն ինչ կընկնի իր տեղը:

-Տիկի՛ն Խոդիկյան, հայաստանյան ներկայիս ներքաղաքական կյանքին առնչվող իրադարձությունները հնարավո՞ր է տեղ գտնեն Ձեր ստեղծագործություններում:

-Ժամանակին գրել եմ «Մոռացված օրը», «Տրակտատ հրաժարականի մասին»: Վերջին իմ պիեսը, որ գրել եմ մարտիմեկյան թեմայով, «Սովորական անսովոր պատմություն. մարտի 1»-ն է եղել, իսկ այդ թեմային առաջին անդրադարձս հենց 2008-ի ապրիլին է եղել` «Փետրվարի 31»-ի առաջին մասը՝ «Հյուսնի անունը»: Այդ պատմվածքն ամենադժվարն եմ գրել երկու տարվա ընթացքում: Այնպես եմ արել, որ սովորական մարդկային չարությունս, վիրավորվածությունս, անարդարությունից վրդովվածությունս չերեւար, փոխարենը լիներ այդ ամենի գեղարվեստական մարմնավորումը: Իսկ այս պահին ներքաղաքական թեմայով, ոչ, չեմ գրում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս