Ո՞վ էր Զարուհի Բաթոյանը մինչեւ հեղափոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել իշխանության տարբեր ներկայացուցիչների մասին իր շարքը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այս տարվա հունվարի 19-ից ղեկավարում է մինչ այդ նույն նախարարության նախարարի տեղակալի պաշտոնում մի քանի ամիս աշխատած ՔՊ-ական Զարուհի Բաթոյանը: Նա անկախ Հայաստանի 13-րդ սոցապնախարարն է: Մինչ այդ՝ հեղափոխությունից հետո, հիշյալ նախարարությունը ղեկավարում էր «ԵԼՔ» դաշինքից, այժմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նա, հիշեցնենք, նախարար նշանակվելուց կարճ ժամանակ անց հրաժարականի դիմում գրեց կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով: Քանի որ վարչապետը չստորագրեց Թանդիլյանի հրաժարականի դիմումը, վերջինս շարունակեց պաշտոնավարումը եւս մի քանի ամիս՝ մինչեւ նոյեմբեր, ապա հրաժարական ներկայացրեց Աժ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով: /ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել էր նաեւ Զ. Բաթոյանը, սակայն հետագայում հրաժարվեց պատգամավորի մանդատից/։ Թանդիլյանը, սակայն, ընտրվելով պատգամավոր, չվերանշանակվեց նախարարի պաշտոնում եւ գնաց նախկին աշխատավայր՝ ԱԺ: Մինչ հեղափոխությունը, հիշեցնենք, այս սպեցիֆիկ խնդիրներ համակարգող եւ կոռուպցիային ու չարաշահումներին հակված գերատեսչությունը, սկսած 2012-ից, ղեկավարում էր նախարարության հնաբնակներից մեկը՝ ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը, որի պաշտոնավարման շրջանում նույնպես այս նախարարության համակարգում չարաշահման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել։

Ո՞վ էր Զարուհի Բաթոյանը մինչեւ հեղափոխությունը

Բաթոյանի՝ դեպի քաղաքականություն մուտքը ազդարարվեց 2016-ին, երբ նա ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Մեկ տարի անց՝ 2017-ին, նա «ԵԼՔ» խմբակցության կազմում Երեւանի ավագանու անդամ էր: /Երբ ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վայր դրեց ավագանու իր մանդատը, բախտը ժպտաց համամասնական ցուցակի 15-րդ համարին՝ Բաթոյանին, եւ նա դարձավ ավագանու 14-րդ անդամը/։ Նա այդ ժամանակ իր հարցազրույցներից մեկում նշեց, թե դառնալով ավագանու անդամ՝ իր ներկայությամբ պիտի ճանապարհ հարթի այն մարդկանց համար, որոնք ունեն հաշմանդամություն եւ տարբեր խնդիրներ եւ իրավունք որոշումներ կայացնելու իրենց քաղաքի վերաբերյալ, մասնավորապես՝ քաղաքը «հարմարեցնել» եւ մատչելի դարձնել նաեւ հաշմանդամություն ունեցողների համար։ Զ. Բաթոյանը մասնագիտությամբ լրագրող է, թերեւս միակ լրագրող նախարարը լրագրողի մասնագիտությամբ վարչապետ Փաշինյանի կառավարությունում: Նա իր ընտանիքի որոշմամբ դպրոց չի հաճախել տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ պատճառով, տնային կրթություն է ստացել /սովորել է Երեւանի թիվ 44 դպրոցում /։ Ասում է, որ դպրոց չհաճախելը իր կյանքի մեծ բացն է, կարեւոր փուլ, որը կցանկանար, որ որեւէ մեկը բաց չթողներ իր կյանքում։

Բաթոյանն ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, բարձրագույն կրթություն ստանալու հարցում մեծ է եղել ժուռնալիստիկայի իր առաջին ուսուցչուհու՝ Նունե Ալեքսանյանի դերը։ Բուհն ավարտելուց հետո նա մեկ տարի սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում», ապա 2012-ին մեկ ամսով ԱՄՆ է մեկնել եւ մասնակցել «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտի» դասընթացներին։ Ակտիվ աշխատանք է իրականացրել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության բնագավառում: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ:

Նա շուրջ 5 տարի՝ 1999-2014 թթ., խմբագրել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը, դրան զուգահեռ՝ 2007 թվականից եղել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի` հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2012 թ. եղել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն։ 2013-2017 թթ.համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը, 2014-2018 թթ.եղել է «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը:

Ի դեպ, Բաթոյանը նաեւ ստեղծագործում է, թեեւ նախարար դառնալուց հետո քիչ ժամանակ ունի ստեղծագործական կյանքին տրվելու համար։ 2014-ին հրատարակել է իր բանաստեղծություների առաջին ժողովածուն՝ «Անմոռուկը»։ Նա ունի մի գրվածք հեղափոխության մասին, որն ընդամենը մի քանի տող է․

Ես հեղափոխություն չեմ տեսել,

Չեմ էլ տեսնի երեւի,

Բայց պատուհանից այն կողմ

շինհրապարակից լսվող աղմուկն ինչո՞ւ է հեղափոխություն հիշեցնում։

Բաթոյանը հավանաբար չէր կռահում, որ որոշ ժամանակ անց ոչ միայն հեղափոխություն է տեսնելու, այդ օրերին Հանրապետության հրապարակի հարթակից ելույթ է ունենալու, այլ նաեւ լինելու է հետհեղափոխական կառավարության նախարարներից մեկը։ «Քաղաքականություն. երբ մարում է փողոցում բոլորի աչքի առաջ համբուրվելու վերջին հույսը»։ Իսկ սա արդեն նախարարի կարգավիճակն ստանձնելուց հետո Բաթոյանի գրառումն է, որը ենթադրում է պակաս ակտիվություն սոցցանցերում եւ հանրային վայրերում, եւ որը մեծ տարածում էր գտել նախարարի գործընկերների, քաղաքականություն նոր մուտք գործածների շրջանում։ Նկատենք, որ Բաթոյանի նշանակումը նախարարի պաշտոնում թիմային քննարկման, որոշման արդյունքում է կայացվել եւ անսպասելի չի եղել վերջինիս համար:

Շարունակելի

Հեղինե Մանուկյան




Լրահոս