ԱՆՑՈՒՄ` ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, նաեւ ներկայացված է լինելու քաղաքացիական հասարակությունը: Ըստ մեր աղբյուրների` իշխանությունները նախատեսել են նաեւ հարցի վերաբերյալ լայն հանրային քննարկում անցկացնել, որպեսզի գաղափարը պարզ լինի մարդկանց: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն անցումային արդարադատության մասին խոսեց վարչապետ ընտրվելուց հետո: Անցումային արդարադատության իրագործման գաղափարի անհրաժեշտությունն այդ օրերին շեշտել էր նաեւ ՀԱԿ-ը՝ հատուկ հայտարարություն տարածելով այդ մասին: Կառավարությունում դրանից հետո ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը զբաղվում էր այդ հարցերով, եւ համակարգումը հիմնականում իրականացնում էր վարչապետի խորհրդական, անցումային արդարադատության փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Եվ հիմա լինելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր` Բաղդասարյանն արդեն համակարգելու է լայն խմբի ստեղծման աշխատանքները: Նշենք, որ անցումային արդարադատությունը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նոր երեւույթ չէ։ Արդարադատության նախկին նախարար, ներկայում բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ անցումային արդարադատության մարմին ստեղծվել է 1990-ականների սկզբին: Գլխավոր դատախազությունում հիմնվել է «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու եւ փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը: Այս կառույցը Պետական անվտանգության կոմիտեից, Ներքին գործերի նախարարությունից եւ այլ մարմիններից պահանջում էր արխիվային գործերն ու ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, որն էլ հիմք էր հանդիսանում ԽՍՀՄ տարիներին ապօրինի դատված անձանց արդարացնելու համար։

 

 

Կառավարության երեկվա նիստում, երբ քննարկվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախագիծը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ հարցուպատասխանից հետո ասաց. «Բանավոր խոսքում ասում եք, որ շատ էլ լավ նախագիծ է։ Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է»: Նա հրահանգեց ընդդիմության նախագծերին այլեւս նման մոտեցում չցուցաբերել: Փաշինանի այս խոսքերն ուշագրավ են այն առումով, որ ԼՀԿ-ն վերջերս հաճախ է դժգոհում իրենց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքից` խոսելով անգամ իրենց հալածելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԼՀ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին` փորձելով հասկանալ, թե արդյոք դրական տեղաշարժ կա. «Ի՞նչ է նշանակում դրական շարժ: Ինչի՞ համեմատ դրական շարժ: Ինչ-որ բանը ինչ-որ բանի հետ պիտի համեմատես: Եթե մի բանը մի անգամ է եղել, այդտեղ չես կարող ինչ-որ շարժ տեսնել: Կլինի` կտեսնենք»:

 

 

 

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրել թաշվյա հեղափոխության օրերին ժողովրդի նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու համար, քանի որ վերջինս չի ունեցել նման լիազորություններ, բայց անձամբ 8 լուսաձայնային նռնակ է նետել՝ մարդկանց պատճառելով մարմնական վնասվածք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, սակայն ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը: Իսկ նախաքննության ընթացքում Երանոսյանը պնդել է, թե իր գործողությունները եղել են իրավաչափ: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Վերջինս ասել է, թե չի հիշում տեղի ունեցածը. «Իրավաչափ է, որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…»:

 

 

 

Վաղը՝ մարտի 23-ին, Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ: Նկատենք, որ վերջերս Հայաստանի հավաքական է վերադարձել կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանը: Թեեւ նա ընգրկված է հավաքականի հայտացուցակում, սակայն այս խաղին չի մասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մովսիսյանի` խաղին չմասնակցելը կապված է խաղային պրակտիկայի բացակայության եւ լավ մարզավիճակում չգտնվելու հետ: Մինչ այդ Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում ասել է, թե հավաքականում հիանալի մթնոլորտ է: Ու քանի որ մրցակից թիմի մարզիչը թերագնահատել էր մեր հավաքականին, Մովսիսյանն ի պատասխան ասել է. «Հույս ունեմ, որ նրա պատասխանը կտանք հենց խաղադաշտում: Չեմ ցանկանում հարցազրույցի ժամանակ ինչ-որ բան ասել, դաշտում կհանդիպենք»:

 

 

ԿԵՆԱՑՆԵՐԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ
Օպերային հարող տարածքի սրճարաններն ապամոնտաժելուց հետո կենացները գնալով քաղցրանում են: Երեկ հայտնի դարձավ, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երեւան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին է դիմել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Նա քաղաքապետից խնդրել է տրամադրել Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես` գետնանցումներում եւ զբոսայգիներում, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաեւ առանց համապատասխան թույլտվության եւ ձեւակերպումների տարածքներ եւ հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր եւ տվյալներ: Դատախազը նաեւ տեղեկատվություն է պահանջել նշված բնագավառներում քաղաքապետարանի կողմից հայտնաբերված օրենսդրության պահանջների խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ:
Փաստորեն, իրավապահ համակարգը վերջապես ձեռնամուխ է եղել նաեւ Երեւանի նախկին իշխանությունների գործողությունների օրինականությունը ստուգելու խնդրին, մի քայլ, որին շատ-շատերն էին անհամբեր սպասում, եւ այն էլ՝ վաղուց: Սպասում էին, որովհետեւ բոլորիս աչքի առաջ մայրաքաղաքի կենտրոնը տարիներ շարունակ հետեւողականորեն ապականվել է: Այնպես որ, այս հարցում դատախազությունն իսկապես լուրջ եւ մեծածավալ աշխատանք ունի անելու, մնում է՝ պահպանված լինեն համապատասխան արխիվային փաստաթղթերը: Այդ դեպքում դժվար չէ կռահել, որ իրավապահների ստուգումների արդյունքում սպասվում են ցնցող, սկանդալային բացահայտումներ, թե, օրինակ, համայնքային բյուջե ինչ ծիծաղելի գումարներ են մուտքագրվել որպես վարձակալության վճար, կամ ինչ ծիծաղելի գումարով են օտարվել տարածքները: Մինչդեռ չար լեզուները տարիներ շարունակ պնդում են, որ իրականում այդ տարածքների համար շատ ավելի մեծ գումարներ են վճարել, պարզապես դրանք հոսել են համապատասխան անձանց գրպաններ, նաեւ ոչ անհայտ Երեւան հիմնադրամ, որի գործունեության վերաբերյալ թավշյա հեղափոխությունից հետո բացահայտումներ եղան, բայց եւ գործը շատ արագ մոռացության տրվեց:
Հիմա մնում է` իրավապահներն այս հարցում իսկապես աշխատեն, այլ ոչ թե դատախազությունն ընդամենը քարոզչական նպատակներով փորձի աղմուկ բարձրացնել, քաղաքապետարանից փաստաթղթեր ուզել ու հետո դարակներում պահել:




Լրահոս