«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
-Անձնական տեսակետս ասեմ: Կարելի է նման բան անել, եթե դա նպատակ ունի ժողովրդի մոտ քաղաքացիական ինքնագիտակցությունը զարգացնել, ընդգծել, բայց մի փոքր էլ մտավախություն ունեմ, որ հանկարծ նման դեպքերը չշատանան, որ ամեն ինչ-որ սոցիալական հուզումների արդյունքում երբ իշխանափոխություն տեղի ունենա, անընդհատ նոր-նոր տոներ չստեղծվեն: Բայց, որպես այդպիսին, նորմալ բան է, եթե ճիշտ շեշտադրումներով օգտագործվի, եւ որ ընդգծվի այդ օրը, որ քաղաքացիները քաղաքացիական միջոցառումների միջոցով կարողացել են, այդպես կոչված, քաղաքացու ինստիտուտը ընդգծել եւ կարեւորել, եւ դրա միջոցով հասնել իշխանափոխության: Դա դրական է, բայց եթե դա ընկալվի հայ մարդու հաղթանակը մեկ այլ հայ մարդու նկատմամբ, դա ճիշտ չի լինի: Այդ օրը քաղաքացիները պետք է հիշեն, որ իրենք այս պետության հիմնաքարերն են, եւ այդ օրը առիթ լինի ընդգծելու քաղաքացու դերն ու նշանակությունը պետականության զարգացման գործում: Դա կլինի կոնֆերանսների միջոցով, հկ-ների կողմից ներկայացված քաղաքացիական լսումների միջոցով եւ այլն:
-Երեկ վարչապետը կառավարության նիստում ասաց, որ այնպես չէ, որ եթե ընդդիմությունը նախագիծ է բերում, պետք է չընդունվի, այսինքն` պետք է խրախուսվեն ընդդիմության նախագծերը: Իշխանության տրամադրվածությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է ընդդիմության նկատմամբ: Ընդդիմության դերի բարձրացում կա՞:
-Ողջունելի է, որովհետեւ այն մոտեցումը, որ եթե ընդդիմությունը ինչ-որ բան է բերում, պետք է բացասական քվեարկվի, սա ոչ ողջամիտ մոտեցում է: Սա ինչ-որ առումով նաեւ հակապետական մոտեցում կարելի է որակել, որովհետեւ նշանակում է, որ եթե ընդդիմությունը շատ կարեւոր նախաձեռնություն է իրականացնում, եւ պետությանը դա օգուտ է, ապա միայն այն, որ ընդդիմությունն է ներկայացնում, պետք է դեմ լինեն: Ես ուրախ եմ, որ իշխանությունը հասել է այդ բանի գիտակցմանը, որ ընդդիմության ներկայացրած նախագծերը պետք է լրջորեն ուսումնասիրվեն, եւ դրական նախաձեռնությունների պարագայում ստանան դրական եզրակացություն: Սա, կարող եմ ասել, դրական միտում է, բայց վերջին շրջանի մեր պրակտիկան ցույց տվեց մի քանի դեպքեր, երբ որ իշխանությունը, փաստորեն, անգամ թույլ չտվեց` ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը մտնի օրակարգ ԱԺ ընդհանուր նիստի ժամանակ, որը անթույլատրելի էր, եւ դա մեր կողմից ընդգծվեց որպես բացասական պրակտիկայի սկիզբ: Ես հույս ունեմ, որ իշխանությունը, փաստորեն, գիտակցում է, որ այսուհետ պետք է այդ վատ պրակտիկայից հետ կանգնել:
-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ կառավարությունը դրական եզրակացություն տա, նախագիծը գա ԱԺ եւ կրկին չընդունվի:
-Հնարավոր է տեսականորեն, որովհետեւ ԱԺ-ում այլ մարդիկ են նստած, կառավարությունում` այլ, եւ ճիշտը այնպես պետք է լինի, որ այդ կարծիքները մեծամասամբ տարբերվեն, որովհետեւ եթե նույն քաղաքական ուժն է, դա չի նշանակում, որ բոլոր հարցերում նրանք պետք է համակարծիք լինեն, եւ այստեղ ԱԺ-ի իմաստը կկորչի, եւ ԱԺ-ն, ըստ էության, կդառնա կառավարության ներկայացրած փաստաթղթերը դակող մարմին կամ նրա հա եւ չէ բառերը վերահաստատող մարմին: Լավ է, որ ասում են, բայց պետք է խոսքն էլ համապատասխանի գործին: Էնպես չլինի, որ հայտարարում են մի բան, բայց փաստացի անում են մեկ այլ բան:
-Ըստ Ձեզ` իշխանության այս գործելաոճը ինչքա՞ն կշարունակվի:
-Ի՞նչ իմանանք: Հույս ունեմ, որ միտք, խոսք եւ գործ երեք երեւույթները կհամապատասխանեն միշտ, եւ եթե լինեն առանձին վրիպումներ այս շղթայական գործելաոճի մեջ, ապա այդ վրիպումները չեն լինի օրինաչափ վրիպումներ, այլ կլինեն պատահականություններ:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՓԱԿԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԻ ՆԵՐՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Կառարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրավատների ու արժույթի փոխանակման կետերի համար 60 անգամ ավելացնել պետտուրքերը։
Նախագծով առաջարկվում է վարկային կազմակերպությունների համար գործող 500 հազար դրամի փոխարեն սահմանել տարեկան 1 միլիոն դրամ տուրք, վճարահաշվարկային համակարգերի համար` 250 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, վարկային բյուրոների համար` 500 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, բանկերի համար` 3 միլիոնի փոխարեն 7 մլն դրամ, գրավատների համար` 100 հազարի փոխարեն 1 միլիոն դրամ, արժույթի փոխանակման կետերի համար` 50 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ, արժույթային դիլերների համար` 100 հազարի փոխարեն 3 միլիոն դրամ։
Սա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հատկապես գրավատների, փոխանակման կետերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում: Նրանք երեկ էլ կառավարության շենքի մոտ շարունակեցին բողոքի ակցիաները:
«Արժութային դիլերների միության նախագահ» Արամայիս Խաչատրյանի խոսքով` Հայաստանում գործում են փոխանակման 231 կետ (մոտ 80 մարզերում), եւ եթե տուրքն ավելանա 60 անգամ, ապա դրանց մոտ 80 տոկոսը, ամենայն հավանականությամբ, կփակվեն։
Հետաքրքիրն այն է, որ օրենքի փոփոխությունները պատրաստվել են առանց փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ քննարկման։ Ըստ էության, բարձրացրած դժգոհությունն էր պատճառը, որ կառավարությունում հանձնարարվեց եւս մեկ անգամ քննարկել այս նախագիծը: Սակայն նշենք, որ այս հարցի հետ կապված ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կարծես թե, վճռական է տրամադրված: Վերջինս նշել է, որ բողոքները նորմալ են, քանի որ նախագիծն առնչվում է բազմաթիվ մարդկանց: Նա նշեց, որ խնդիրն այն է, որ կառավարությունը տնտեսության աճի բանալին տեսնում է ուղղակի հարկերի բեռը նվազեցնելու մեջ, իսկ դա կարճաժամկետ հատվածում ռիսկ է պարունակում, որ պակաս եկամուտներ կհավաքագրվեն, բայց դրա պատճառով ծախսերը նվազեցնել հնարավոր չէ: Ի վերջո, ըստ նախարարի, հնարավոր չէ ունենալ կարգավորում, որ կբավարարի բոլորին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ֆինանսական ծառայություններ մատուցողներն իրավունք չունեն լինել մանր ու միջին բիզնեսի շրջանակում: Մենք ունենք 129 գրավատուն, որոնք նախորդ տարի վճարել են ընդամենը 148 մլն հարկ, եւ ունենք 17 բանկ, որոնք վճարել են 49 մլրդ հարկ, ապա պետք է տեսնենք, որ ֆինանսական ծառայություններ մատուցողների շղթայի մեջ գրավատների լինելիությունը դեռեւս պետք է տնտեսագիտական առումով հիմնավորվի: Արդյոք գրավատների գործունեությունը տնտեսությունը զարգացնելու միտում ունի՞: Ասենք թե տուրքը 100 հազարից դառնում է 6 մլն, բայց հաշվում են, որ վերջին քսան տարում պետտուրքը չի բարձրացել»:
Մինչ այդ, նկատենք, սա հավանաբար կառավարության պատկերացրած տնտեսական հեղափոխության սկիզբն է, բայց եթե թավշյա հեղափոխության ժամանակ փակած ճանապարհները գոհացնում էին հասարակության գրեթե բոլոր շերտերին, ապա փոխանակման կետերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ինչ-որ առումով փակած ճանապարհը երեւի թե չներվի իշխանությանը:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ՀԱՅՏՆԻ ՉԷ
Ինչպես հայտնի է, մարտի 6-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցելու Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին։ Եվ չնայած արդեն երկու շաբաթ է անցել այդ հայտարարությունից, եւ գոնե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը պատրաստ են այդ քննարկումներին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ այդ քննարկումների շուրջ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացը դանդաղում է: Մեր տեղեկություններով` իշխող խմբակցության ներկայացուցիչները սպասում են արձագանքի հասարակական կազմակերպություններից եւ արտախորհրդարանական ուժերից, որպեսզի հասկանան` նման օրակարգ այժմ կա, թե ոչ, եւ նման քննարկումների կարիք կա, թե ոչ: Եվ քանի որ դեռեւս չեն ստացել արձագանք, իշխող խմբակցությունը եզրակացրել է, թե այս փուլում դա ոչ ոքի համար առաջնային չէ:
ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը դատի են տվել։ Մասնավորապես հայտնի դարձավ, որ մարտի 20-ին Հայկ Սարդարյանը, Արթուր Սահակյանը, Վահան Սարդարյանը դիմել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում են, որ «Դերժավա-Ս» ՓԲ ընկերությունը տրամադրի իրենց հասանելիք վերջնահաշվարկ։ Ենթադրվում է, որ վերոնշյալ անձինք աշխատել են ընկերությունում, սակայն ավելի ուշ ազատվել են, իսկ ՓԲԸ-ն այդպես էլ իրենց վերջնահաշվարկ չի տվել։
ԿԱՐԿԱՆԴԱԿՈՎ ՔԵՖ
«Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մարտի 8-ի առթիվ փոքրիկ խնջույք է կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս գերատեսչությունը 40 անձի համար մարտի 8-ի առթիվ ֆուրշետ է կազմակերպել: Սեղանին եղել են կարկանդակներ` կարտոֆիլով, մսով եւ պանրով, միրգ` խնձոր, բանան, նարինջ, խմորեղեն` առնվազն 2 տեսակի, կոնֆետներ` 2 տեսակի, շամպայն, անձեռոցիկներ տուփով, բնական ծաղիկներով ձեւավորում: Նկատենք, որ ՊՈԱԿ-ը այս ծախսերը հոգացել է պետական բյուջեի հաշվին` ծախսելով 98 հազար դրամ: Բայց ուշագրավն այն է, որ մարտի 8-յան ֆուրշետի համար նախատեսված պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին «Դիանտուր» ընկերության հետ: Մյուս կողմից` պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ միջոցառման կազմակերպումը նախատեսված է իրականացնել մարտի 7-ից մինչեւ մարտի 12-ը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՊՈԱԿ-ի հետ` ճշտելու` երբ են տոնել մարտի 8-ը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Ի դեպ, նկատենք, որ առաջիկայում այս ՊՈԱԿ-ը միանալու է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին: