«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի` Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված էթիկայի կանոնների խախտում, այն է` «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»:
Նշենք, որ հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների:
Սակայն ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը չի ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշումը եւ դատական կարգով կվիճարկի այն։ Այդ մասին Սանասարյանը հայտարարեց այսօր՝ կառավարության նիստից հետո. «Մենք հիմնավորում ունենք, որ էդ վարույթը, նախ, պետք է չհարուցվեր, երկրորդը՝ էն հիմնավորումները, որ կան, մեզ համար հիմնավոր չեն: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել: Եվ ես ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլ նաեւ մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն»: Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ Էթիկայի հանձնաժողովը նախկինում չի էլ գործել, ընդամենը մի քանի պաշտոնյայի նկատմամբ է վարույթ հարուցել, հիմա, ըստ նրա, հանձնաժողովը սկսեց աշխատել` Արամ Սիմոնյանի շնորհիվ:
Այս որոշումն իսկապես հետաքրքիր է, եթե հաշվի առնենք, որ իր գործունեության մեկնարկից` 2012 թվականից մինչեւ օրս էթիկայի հանձնաժողովի կողմից շատ քիչ դեպքերում է պաշտոնյաների կողմից էթիկայի խախտում արձանագրվել: Ու իսկապես նորություն է, երբ Էթիկայի հանձնաժողովը որոշում է ընդունում բարձրաստիճան պաշտոնյայի դեմ: Ու այնպես չէ, որ նախկինում պաշտոնյաներն էթիկայի կանոնները չէին խախտել. խախտել են, պարզապես էթիկայի հանձնաժողովն այդ ամենը չտեսնելու է տվել: Իսկ Սանասարյանի շուրջ տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ Հայաստանում իսկապես հեղափոխություն է եղել, ու նման կառույցները չեն խորշում բարձրաստիճան պաշտոնյաների սխալները մատնանշելուց:
Իսկ հիմա` փաստերով. 2012 թվականի հունվարից 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացել է 83 գրություն: Ընդ որում, 2012-2013թթ. ստացվել է 57 գրություն, իսկ 2014-2015թթ.` 26: Էթիկայի կանոնների խախտմանը կամ շահերի բախման իրավիճակներին են վերաբերել շուրջ տասը դիմումներ: Դրանց քննարկման արդյունքում հարուցվել են չորս վարույթներ: 2014 թվականի չորս վարույթներից մեկով է արձանագրվել էթիկայի կանոնների խախտում: 2015 թվականին ստացվել են հինգ դիմումներ, որոնցից մեկի քննարկման արդյունքներով է վարույթ հարուցվել:
Իսկ այժմ մի քանի օրինակ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ին հարուցել է վարույթ ՀՀ բնապահպանության նախարար, այժմ քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով: Այդ վարույթը հարուցվել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի դիմումի հիման վրա։ Դիմումում նշված է, որ բնապահպանության նախարարը կոնֆերանսի ընթացքում, բնապահպան ակտիվիստի դիտարկմանն ի պատասխան, ասել է. «Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»։ Եվ հաստատվել է, որ Հարությունյանը չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս։
Իսկ մեկ այլ դիմում վարույթ չի ընդունվել, որը վերաբերում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: 2016թ. ապրիլի 24-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցով: Սակայն հանձնաժողովն այն վարույթ չէր ընդունել, քանի որ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում:
Նույն կենտրոնը էթիկայի հանձնաժողով էր դիմել նաեւ 2013 թվականի հոկտեմբերի 26-ին` ընդդեմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, որտեղ շահերի բախում էր տեսել: Սակայն էթիկայի հանձնաժողովը գտել էր, որ քաղաքապետը Երեւան քաղաքի ներքաղաքային տրանսպորտի փոխադրումներ իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների առնչությամբ չի գտնվել շահերի բախման վիճակում: Մեկ անգամ էլ դիմում է մերժվել, որ վերաբերել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, որոշվել է, որ նա չի գտնվել շահերի բախման վիճակում:
2016 թվականին մեկ անգամ էլ վարույթ էր հարուցվել «Մարաթուկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա, որը ուղղված էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դեմ: Սակայն գործը վարույթ ընդունելուց հետո որոշում էր կայացվել գործի քննությունը կիսատ թողնել:
Եվ այս անուններից ու տվյալներից պարզ է դառնում, որ նախկինում դիմումները հիմնականում մերժվել են` հաշվի առնելով, թե դրանք ում դեմ են ներկայացված եղել: Եվ փաստացի նոր Հայաստանում առաջին պաշտոնյան, ում դեմ վարույթ էր հարուցվել, եւ հաստատվել, որ էթիկայի կանոններ են խախտվել, Դավիթ Սանասարյանն է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՌԻՎ
Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգեւատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատակից ստացել է, մեկ այլ աշխատակից` ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամաբանական բացատրություն չի տվել` ասելով, թե այլ սկզբունքներով են աշխատում: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանին, որը նշեց, որ դա ոչ թե պարգեւատրություն է եղել, այլ խրախուսական հավելավճար: «Սա խրախուսական է եղել, այսինքն` լավ աշխատելու դիմաց հավելավճար»,- նշեց նա: Դիտարկմանը` ինչպես է որոշվել, թե ով է լավ աշխատել, Մելիքսեթյանը նշեց. «Առաջադրանքների կատարումով, ժամկետների մեջ ներկայացնելով, չզլանալով աշխատել եւ այլն»: Մելիքսեթյանը դժվարացավ թվեր նշել խրախուսական պարգեւի արժանացածների վերաբերյալ, սակայն ասաց, որ չստացած աշխատակիցները նամակ էին գրել աշխատակազմի ղեկավարին եւ արդեն պատասխան նամակը ստացել են:
ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԵՆ ՓԵՍԱՅԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Հովհաննեսի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում է հայտարարվել: Ղուկասյանի փեսայի նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց: Հիշեցնենք, որ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զանգահարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին, սակայն ԽՍՀՄ տարիներին բանակից «գժի թղթով» ազատված Ղուկասյանը հարցը լսելուն պես կորցրեց ինքնատիրապետումը, լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ տեղաց: Այնուհետեւ հանգստանալուց հետո ասաց. «Ինքը չափահաս մարդ է, կարող է իր տեղը պատասխան տալ, ծնողները կարող են իրա տեղը պատասխան տալ, ես ի՞նչ ասեմ: Սուտ է դա: Էլ ինձ նման հարցերով չանհանգստացնեք»:
ՕԵԿ-ԻՑ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանի հիմնադրած «Օրինաց երկիր» կուսակցության դեմ հերթական հայցն է ներկայացվել: Այս անգամ դատարան է դիմել «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ն, որը զբաղվում է գովազդային ծառայություններ մատուցելով: 2019թ. մարտի 20-ին ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Կարապետյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից գանձել 300 հազար դրամ գումար, 6000 դրամ պետական տուրքի գումար։ Երեւի ՍՊԸ-ն նախընտրական քարոզչության ժամանակ ՕԵԿ-ին մատուցել է ծառայություններ, եւ գումարը այդպես էլ չեն տվել:
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ
Երեկ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր` ի նշանավորումն 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: «Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը»,-սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հետգրությամբ նշել է, որ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:
ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը. այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։ Հովհաննիսյանը Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր: ՍԴ անդամի թեկնածուի հավակնորդներ էին նաեւ հայտնի փաստաբան, Եվրոպական դատարանում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ փաստաբան Մարտին Մանուկյանը: Վերջին խոսքը Ազգային ժողովինն է, որը պետք է քվեարկությամբ ընտրի նախագահի առաջադրած թեկնածուին:
ԲԱՑԱՍԱԿԱՆ
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԲՀԿ պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի` առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները: Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ականների ներկայացրած նախագծով առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները: Փոփոխություններն առաջարկվել էին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Երեկ կառավարության նիստում որոշվել է Ազգային ժողովին առաջարկել հրավիրել արտահերթ նիստ: Ըստ այդմ` մարտի 26-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը կհրավիրվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը քննարկելու համար: