Մարտի 20-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ ավարտվել է Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը` մեղադրական եզրակցությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս գործով մաս է անջատել եւ առանձին քննություն է իրականացնում։ Իսկ ի՞նչ է քննում այս գործով ՀՔԾ-ն։
Ըստ նախաքննական մարմնի` 2018 թվականի ապրիլի 16-ին եւ 22-ին՝ Երեւան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրվել են ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության վնաս:
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով: Նկատենք, որ նախաքննական մարմինը այս քրեական գործով մաս է անջատել եւ քննություն է իրականացնում: Քննությունը մասնավորապես վերաբերում է այն հանգամանքին, որ նախաքննական մարմինը պարզել է` բացի Լեւոն Երանոսյանից, այդ օրերին ոստիկանության այլ աշխատակիցներ եւս հատուկ միջոցներ են կիրառել։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ՀՔԾ քննիչը Լեւոն Երանոսյանին հարցաքննության ժամանակ հարց է ուղղել, որ նա արդյոք իրավունք ուներ հատուկ միջոցներ կիրառելու, սակայն Երանոսյանը պատասխանել է, որ իր գործողությունները եղել են իրավաչափ։
Ինչեւէ, մեզ այս գործով այլ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն եւ միջնորդության մեջ հետաքրքրվել է, թե ինչու քրեական գործով հարցաքննության չեն հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ուստի միջնորդել են նրանց եւս հարցաքննության հրավիրել, սակայն մեզ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն մերժել է։ Ի՞նչ հիմնավորմամբ է ՀՔԾ մերժել. այս եւ այլ հարցերի պատասխանը փորձեցինք պարզել Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանից. «Այո, հաստատում եմ Ձեր տեղեկութունները. Լեւոն Երանոսյանի գործով մաս կա անջատված, եւ տարվում է քննություն։ Այո, միջնորդություն եմ ներկայացրել ՀՔԾ, թե ինչու այս գործով չեն հարցաքննվել ՀՀ վարչապետն ու ՀՀ ոստիկանապետը, սակայն իմ միջնորդությունը մերժվեց, եւ մերժման մեջ նախաքննական մարմինը նշել էր, թե ինչու ես չեմ պատճառաբանել` ինչի համար պետք է ՀՀ ոստիկանապետն ու ՀՀ վարչապետը հարցաքննվեին։ Բայց ակնհայտ է, որ նախաքննական մարմնի առաջին գործողություններից մեկը դա պետք է լիներ»։
Ինչեւէ, Տիգրան Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մերժման դեմ իրենք բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ սպասում են դատախազության պատասխանին։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե նա, լինելով այդ օրերի իրադարձություների կիզակետում, ինչ է կարծում, արդյոք Լեւոն Երանոսյանի գործողությունները եղել են ոչ իրավաչափ, եւ նա իրավունք չուներ հատուկ միջոցներ կիրառելու։
-Պարո՛ն Օսիպյան, Դուք ապրիլյան իրադարձություների ընթացքում միշտ եղել եք իրադարձությունների կիզակետում։ Ապրիլի 16-ին եւ 22-ին՝ Երեւան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրվել են ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության վնաս: Հիմա ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իրավունք չուներ հատուկ միջոցներ կիրառել։ Արդյոք Լեւոն Երանոսյանի գործողությունները եղե՞լ են ոչ իրավաչափ, նա իրավունք չունե՞ր հատուկ միջոցներ կիրառել։
-Անկեղծ ասած` որտեղ ես եմ եղել, ինքը իմ տեսադաշտում է եղել, այլ բան չեմ նկատել, հիմա չեմ կարող հիշել։
-Հաշվի առնելով հենց այդ օրվա իրավիճակը` ըստ Ձեզ` ինքը իրավաչափ չի՞ գործել։
-Ես իմ մասով եմ ասում. որտեղ ես եմ եղել, այլ բան չեմ նկատել, թե այլ ինչեր է տեղի ունեցել, չեմ կարող հիշել։
-Ապրիլի 16-ին ոստիկանության զորքերը եկել են Ձեզ օգնության, քանի որ Բաղրամյան փողոցում իրավիճակը թեժ էր, եւ միայն ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը չէր կարող իրավիճակը կարգավորել։ Ոստիկանության զորքերը եկան եւ հատուկ միջոցներ կիրառեցին. ըստ Ձեզ` Լեւոն Երանոսյանը իրավունք ունե՞ր դա անելու, թե՞ ոչ, իրավաչա՞փ են եղել իր գործողությունները, թե՞ ոչ ։
-Իրավաչափ է, որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…
-Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին, որ Դուք եւ ՀՀ վարչապետը հարցաքննվեք, բայց ՀՔԾ-ն մերժել է: Եթե չմերժեր, պատրա՞ստ էիք գնալ եւ ներկայացնել իրականությունը։
-Նախաքննության մարմինը ինչպես կորոշի։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 18-ին դատարան է դիմել դատախազ Կարեն Ստեփանյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. նոյեմբերերի 28-ի եւ 2019թ. մարտի 14-ի հրամաններն անվավեր ճանաչել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից փորձեց իմանալ, թե ինչ հրամանների մասին է խոսքը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազի մարտի 14-ի հրամանով` Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ստեփանյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ: Հրամանի համար հիմք է ընդունվել Կարեն Ստեփանյանի արտահերթ ատեստավորման արդյունքները: Դրանից ելնելով` որակավորման հանձնաժողովի կողմից ներկայացվել էր Կ. Ստեփանյանին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու միջնորդություն, որը ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան որոշմամբ բավարարվել է»: Ասել է թե` Կարեն Ստեփանյանին ավելի ցածր պաշտոնի են նշանակել, եւ վերջինս, բանավոր կերպով չկարողանալով արդյունքի հասնել, դիմել է դատարան:
Նկատենք, որ Կարեն Ստեփանյանը միակ դատախազը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազության դեմ դատարանում կռիվ է տալիս: 2018թ. գրել էինք, որ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը: Նա օգոստոսի 30-ին դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. որոշումը իրեն պաշտոնից փոխադրելու եւ այլ պաշտոնի նշանակելու մասին: Այս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդրիկ Ավետիսյանը: Սակայն մինչ նա կքններ, անհասկանալի կերպով Մուրադյանը հրաժարվեց իր հայցից: Արդյոք Կարեն Ստեփանյանը ե՞ւս կհրաժարվի իր հայցից, թե՞ մինչեւ վերջ կգնա, կիմանանք` սպասելով զարգացումներին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ` նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ: Ըստ ՀՔԾ-ի` փորձաքննությունների եզրակացություններով` Մ. Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ հիվանդություն, որը, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին: Նշենք, որ Մ. Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել են դատարան` միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց:
ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ երեկ սկսվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը: Էդ. Բաբայանը նշել է, որ մեղադրանքը չի ընդունում: «Իհարկե չեմ ընդունում»,- ասել է նա: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության` Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հուլիս 2-ին Երեւան քաղաքի Միկոյան փողոցի 51 հասցեում գտնվող «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից:
Երեկվա դատական նիստին տուժող կողմը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, որ հրապարկվելու են Հարությունովի տանը նրա կնոջ ու որդու հետ զրույցների գաղտնալսումները, որոնք պարունակում են հայհոյանքներ եւ անձնական կյանքին վերաբերող հատվածներ: Միջնորդությանը միացավ նաեւ պատասխանող կողմը: Թեեւ դատախազն առարկում էր, դատարանը բավարարեց միջնորդությունն ու հետաձգեց նիստը:
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 62-ամյա կնոջ նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` նախնական տվյալներով` 2019թ. մարտի 20-ին Լոռու մարզի բնակիչը` ծնված 1976թ., Վանաձոր քաղաքի շենքերից մեկի շքամուտքում մոտեցել է նախկին կնոջ մորը` ծնված 1957թ., հարվածելով նրան, վայր է գցել գետնին, այնուհետեւ քարշ տալով տարել շքամուտք ու պահանջել, որ կինը բացի իրեն պատկանող, նույն շենքում գտնվող բնակարանի դուռը, ինչին կինը դիմադրել է: Տղամարդը կնոջ գլուխը հարվածել է պատերին, դանակով սպառնացել, ապա նրա պայուսակից վերցնելով բնակարանի բանալին` բացել դուռը, կնոջը քարշ տվել բնակարան: Նա պոկել է վերջինիս ոսկյա ականջօղերը եւ պարանոցի ոսկյա շղթան կախազարդով: 62-ամյա կինը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի շուրջ, տղամարդը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: